Աղջիկների չամուսնանալու պատճառներից են՝ չմահավանությունը, վախը առաջին գիշերվանից, շրջապատում բաժանությունների մեծ թիվը
Ինչպե՞ս բացահայտել երջանկության
գաղտնիքը, ինչպե՞ս հաջողակ ամուսնանալ, ի՞նչն է միավորում և ի՞նչն է բաժանում ընտանիքներին,
թեմայի շուրջ, Հայացք մամուլի ակումբում կարծիքներ հայտնեցին Ազգային վիճակագրական
ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը, Երջանկության
գաղտնիք ամուսնական գործակալության տնօրեն Իլոնա Բաղիշյանը և հոգեբան Իրինա Ծատուրյանը:
«Մեզ մոտ հաճախելու ռիսկայնություն չկա, քանի որ, մենք,
աշխատում ենք շատ կոնֆիդենցիալ, որևէ ինֆորմացիա դուրս չի կարող գալ: Մեր գործակալություն
դիմում են ոչ միայն Հայաստանից, այլ ունենք դիմողներ նաև այլ երկրներից, հիմնականում Սփյուռքի հայերն են՝ գերակշռում են
տղամարդիկ, նրանց շատ են հետաքրքրում հայաստանաբնակ հայուհիները: Եղել են նաև դրսի
ամուսնական գործակալությունների առաջարկներ, աշխատել մեզ հետ՝ նշում են, որ ձեր կանայք շատ մեծ հետաքրքրություն
են առաջացնում Եվրոպացի տղամարդկանց մոտ: Մերժել ենք, քանի որ մենք ավելի հակված ենք
հայ ընտանիքների ստեղծմանը: Նախկինում ավելի շատ էին Հայաստանից դուրս գնալ ձգտողները,
այժմ փոխվել է, նրանց թիվը պակասել է՝ ինչը ողջունելի է»-ասաց «Երջանկության
գաղտնիք» ամուսնական գործակալության տնօրեն Իլոնա Բաղիշյանը:
Իրինա Ծատուրյան էլ նկատեց, որ վերջերս շատ ենք ականատես
լինում քաղաքաբնակ աղջիկների գյուղ հարս գնալուն
և հակառակը գյուղաբնակներին քաղաք բերելու երևույթին. «Այստեղ մենք գործ ենք ունենում
միջմշակութային կոնֆլիկտների հետ»:
Աղջիկների չամուսնանալու պատճառներից
հոգեբանը առանձնացրեց. «Կան աղջիկներ, որոնք սովորել են, որ ամեն ինչ պետք է մաման
անի և դա լուրջ խնդիր է ամուսնությունից հրաժարվելու համար: Կան աղջիկներ, որ շատ չմահավան են, կան նաև աղջիկներ, որոնք վախենում
են առաջին գիշերվանից, որովհետև ընկերուհին կամ հարևանուհին սխալ ձևով են ներկայացրել
երևույթը՝ իհարկե այս հարցով պետք է սեքսապաթոլոգները զբաղվեն: Շատերն էլ, իրենց շրջապատում տեսնելով այսքան շատ բաժանությունները, մտածում
են էլ ինչի ամուսնանալ»:
Իրինա Ծատուրյանը ամուսնական զույգերի
միջև ծագած վեճերը, որոնք տանում են դեպի բաժանման, մի քանի խմբերի է բաժանում. «1-7
տարի համատեղ ամուսնական կյանք վարողների, որոնց բաժանման պատճառ որպես կանոն ներընտանեկան
տարբեր անհամաձայնություններ են, միջամտությունները, որոնք վերածվում են վեճերի, 7-15 տարի համատեղ ապրողներ, որտեղ բաժանման պատճառը
արդեն դավաճանությունն է: Ինչո՞ւ: Քանի որ նախկին տարիների խնդիրները չեն լուծվել և
կողմերից մեկի մոտ այլ հետաքրքրություններ են սկսվել»,-ասաց հոգեբանը:
Կարինե Կույումջյանն
էլ նշեց, որ
վերջին ամփոփված վիճակագրությամբ 2016թ-ին գրանցված ամուսնությունների թիվը կազմել է 16 հազար 294՝ նախորդ տարվա համեմատ նվազել է գրեթե
7,4%-ով: 2015թ-ի համեմատ
ամուսնալուծության դեպքերը ևս նվազել են. «Ամուսնալուծություների քանակով ամենաբարձր
ցուցանիշը գրանցվել է Լոռու մարզում: ԱՊՀ երկրների շրջանում ամենացածր ամուսնությունների
ցուցանիշը Հայաստանում է գրանցվել, ամուսնալուծությունները մեր երկրում նույնպես ամենացածրն են: Վերջին տարիներին ամուսնության
միջին տարիքը ավելացել է 4 տարով, հիմա տղամարդկանց ամուսնության միջին տարիքը 29, 4 է դարձել: Ըստ վիճակագրության, մեծ է 15 տարի
համատեղ ապրելուց հետո ամուսնալուծվողների թիվը»,-նկատեց Կարինե Կույումջյանը: