Գնալ, թե՞ չգնալ Բաքու
Հունիսի
17-ին, Հայացք մամուլի ակումբը հյուրընկալել էր սպորտի վաստակավոր վարպետ,
միջազգային գրոսմաստեր, շախմատային լեգենդ, Երևանի պատվավոր քաղաքացի Ռաֆայել Վահանյանին, Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, ՖԻԴԵ-ի վարպետ,
վաստակավոր մարզիչ Հովիկ Խալիկյանին և ԵՊՄ համալսարանի մեթոդիկայի ամբիոնի վարիչ,
պրոֆեսոր Համլետ Միքայելյանին:
Բանախոսներն անդրադարձան շախմատի կարևորությանը՝ շախմատը
որպես սպորտ, գիտություն և արվեստ թեմաներին:
Սպորտի վաստակավոր վարպետ,
միջազգային գրոսմաստեր, շախմատային լեգենդ, Ռաֆայել Վահանյանը նշեց. «Շախմատում՝ սպորտ, գիտություն և արվեստ
այս երեք կոմպոնենտներն էլ միշտ առկա են և գտնվում
են բարձր մակարդակի վրա: Սակայն, այսօր արվեստը մյուս երկու կոմպոնենտներին զիջում է իր տեղը, քանի որ շախմատն
արդեն կոմպյուտերային խաղ է դարձել՝ կարող են տանն երկար պարապել, հետո մոտենալ խաղատախտակին:
Մանկավարժական համալսարանի մեթոդիկայի ամբիոնի վարիչ,
պրոֆեսոր Համլետ Միքայելյանն էլ հավելեց. «Իմ և շատերի հասկացողությամբ շախմատը գիտություն է: Ավելի ճշգրիտ՝ շախմատը մաթեմատիկայի մի բնագավառ է: Երբ դուք շախմատի մեջ եք գեղեցիկը նայում՝ գեղեցիկ քայլ, անսպասելի կամ մի երկու-երեք քայլ ունեցող խնդիր եք ցանկանում տեսնել: Բայց լուծումը գտնելուց հետո հետաքրքրությունը կորում է: Նույնն էլ մաթեմատիկական խնդիրը լուծելու մեջ է, այն լուծելու ընթացքը շատ գեղեցիկ է, բայց վերջացնելուց հետո հետաքրքրությունը կտրուկ ընկնում է»:
Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Հովիկ Խալիկյանն էլ հիշեցրեց, որ այսօր Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրն է: «Նա այն մեծությունն է, ում մենք այսօր պարտական ենք: Նրա շնորհիվ մենք ճանաչվեցինք և Պետրոսյանից հետո Հայաստանում շախմատը ճանաչվեց: Ինձ համար շախմատը միշտ սպորտ է եղել: Շախմատի մեջ ինձ համար առավել հետաքրքիրը պայքարի հատվածն է: Յուրաքանչյուր ոք պետք է լուրջ պատրաստակամություն ունենա, որպեսզի կարողանա զգալ շախմատի գեղեցկությունը, հմայքը: Շախտամի գեղեցկությունը կարելի է զգալ այն ժամանակ, երբ մեկնաբան, բացատրող կամ ցուցադրող կա: Որպես գիտություն շախմատն ինձ համար մի տեսակ խորթ է: Շախմատի մեջ շատ անտագոնիստական, հակամարտային պահ կա, գիտության մեջ ավելի շատ՝ ստեղծագործական: Այն իր բնույթով շատ հետաքրքիր և իմաստուն խաղ է, որը կարելի է նաև հոգևոր առումով դիտարկել, իսկ հոգեբանության և փիլիսոփայության մեջ խորանալով, հասկանում ենք, որ դա մեր կյանքն է: Շախմատը կարելի է նաև դիտարկել որպես մեթոդիկա: Օրինակ՝ զինվորականների համար, շախմատում բոլոր կարևոր էլեմենտները կան՝ կարևոր դիրքեր գրավել, ուժերը համախմբել, ներդաշնակել, մեծ ուժերով փոքր ուժերի վրա հարձակվել, փոքր ուժերով մեծերի դեմ չգնալ, գտնել հակառակորդի ճամբարի թույլ կետերը և օգտագործել: Շախմատը կարող է շատ լավ մեթոդական բազա ծառայել և անալիտիկ ունակություն զարգացնել»:
Խոսելով դպրոցներում
շախմատ առարկա ուսուցանելու մասին Ռաֆայել Վահանյանն ասաց. «Ինձ համար միանշանակ չէ, որ շախմատը պարտադիր պետք է դպրոցում ուսուցանվի: Դա չպետք է ստիպողաբար լինի»:
Վաստակավոր մարզիչ Հովիկ Խալիկյանն էլ ընդգծեց. «Համենայնդեպս, շախմատը դպրոցում վնաս չի տալիս,
մինչդեռ մենք պետք
է հաշվենք ոչ թե վնասները, այլև օգուտները: Շախմատը կարողանում է երեխաների մոտ ինտուիտիվ որակ զարգացնել: Կարծում եմ՝ այն դրականը, որը տալիս է շախմատը, մաթեմատիկան էլ է տալիս: Ես հակված եմ նրան, որ շախմատի փոխարեն դպրոցում դասավանդվի պար՝ ավելի ազգային, մշակութային սերունդ ունենալու համար: Անտագոնիստական պահը երեխաների մոտ մանավանդ փոքր տարիքում չարություն է առաջացնում: Իմ կարծիքով՝ ավելի ճիշտ կլինի շախմատը ֆակուլտատիվ կերպով պարապել»:
Համլետ Միքայելյանն էլ նկատեց, որ ոչ բոլոր երեխաներն են կարողանում ընկալել և սովորել այդ առարկան, ինչի պատճառով էլ նրանց մոտ շախմատի նկատմամբ հակակրանք է առաջանում:
Նկատենք, որ ՖԻԴԵ–ի կազմակերպված շախմատի 42-րդ օլիմպիադան այս տարի տեղի կունենա Ադրբեջանում: Հարցին, թե ի՞նչ
կարծիք ունեն բանախոսները գնալ, թե՞ չգնալ Ադրբեջան, Ռաֆայել Վահանյանը պատասխանեց.
«Ապրիլյան պատերազմից հետո, ես կարծում եմ հայկական թիմի մասնակցությունը Բաքվում կայանալիք օլիմպիադային, միանգամայն անիմաստ է: Սակայն հնարավոր է, որ մեր շախմատիստները մեկնեն»: Գրոսմայստերը նաև հիշեցրեց, որ անցյալ տարի ադրբեջանցի շախմատիստները հրաժարվել են մասնակցել Ծաղկաձորում անցկացված աշխարհի թիմային առաջնությանը։
Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Հովիկ Խալիկյանը համաձայնեց
Ռաֆայել Վահանյանի հնչեցրած կարծիքի հետ և ավելացրեց. «Շախմատն այնքան է քաղաքականացվել, որ ֆեդերացիայից դուրս է որոշվում մասնակցության հարցը: Ես հայ մարզիկների յուրաքանչյուր ելույթը Բաքվում չեմ ողջունում, սակայն, վերջին խոսքը միևնույն է շախմատիստներինն է լինելու և նրանք իրենց մեջ պետք է որոշում ընդունեն: Եթե նրանք պատրաստակամություն հայտնեն մասնակցել, ապա ոչ ոք խոչընդոտ չի հանդիսանա: Ֆեդերացիան հակված է նրան, որ շախմատիստներն իրենց կամքի ազատություն դրսևորեն ու որոշում կայացնեն»: