«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

13 հուն 2017 21:53

Ֆելիքս Ցոլակյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագա՞հ

Օրեր առաջ ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց  «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» և հարակից  օրենքների նախագծերի փաթեթը: Օրենսդրական նախաձեռնությանը միաձայն կողմ քվեարկեց 87 պատգամավոր: 
Հանձնաժողովն իրավասու է քննարկել և վարույթ ընդունել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի և շահերի բախման հարցերը, կիրառել վարչական պատասխանատվություն, իսկ առերևույթ հանցագործության հատկանիշների առկայություն հայտնաբերելու դեպքում տվյալները պետք է տրամադրել գլխավոր դատախազությանը:
 
Որքան էլ ընդդիմադիրները պատշաճ  և նպատակահարմար են համարում  նորաստեղծ  հանձնաժողովի իրենց կողմից ղեկավարումը, այնուամենայնիվ, Hayacq.com-ի տեղեկություններով այն ստեղծվում է «հատուկ Ֆելիքս Ցոլակյանին հանձնաժողովի նախագահի  հաստիքով ապահովելու համար»։
 
Տեղեկության իսկությունը ճշտելու նպատակով մեկնաբանություն խնդրեցինք Ցոլակյանից, ով մեր հարցին ի պատասխան ասաց.
«Վա~յ, վա~յ, վա~յ... Առաջին անգամ էդ մասին ձեզանից եմ լսում»,- ապա հավելեց,-  «Նման բան չկա»: Ճշտող հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ ազատվեց Նախագահի վերահսկողության   ծառայության ղեկավարի պաշտոնից` միայն հանուն պատգամավորությա՞ն, վերջինս պատասխանեց.
«Դրա մասին ես մամուլում բազում հրապարակումներ եմ արել, թույլ տվեք նորից չանդրադառնալ»:
 
Եվ որքան էլ Ցոլակյանը հերքեց մեր տեղեկությունները, հաշվի առնելով ոչ միայն այն հանգամանքը, որ նա կարկառուն ՀՀԿ-ական է, որ մարզպետի նրա գործունեությունից  հարազատ  կուսակցությունում դժգոհություններ չկան, այնուհանդերձ, իրազեկ աղբյուրի փոխանցմամբ՝ «հանձնաժողովի նախագահի նրա թեկնածությունն առաջադրելու է անձամբ  Սերժ Սարգսյանը՝  ի նշան վստահության և ուսանողական, հանրակացարանային ընկերության»:
 
Իսկ հանձնաժողովի անդամները պետք է ընտրվեն խորհրդարանի պատգամավորների թվի ձայների մեծամասնությամբ: Հանձնաժողովի անդամ առաջադրելու համար պետք է ձևավորվի մրցութային խորհուրդ, որի անդամներին ներկայացնելու են բարձրագույն դատական խորհուրդը, մարդու իրավունքների պաշտպանը, փաստաբանների պալատը, Սահմանադրական դատարանի նախագահը և հանրային խորհուրդը, որի համար պարտադիր պահանջ է՝ ներկայացնել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ: Մրցութային խորհուրդը բաց ընթացակարգով թեստավորելու և կազմակերպելու է թեկնածուների առաջադրումը:
 
Հավելենք, որ Շիրակի նախկին մարզպետ, Նախագահի վերահսկողության ծառայության նախկին ղեկավար,  գեներալ-լեյտենանտ Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ 6-րդ գումարման ազգային ժողովի պատգամավոր դարձավ   վարկանիշային ընտրակարգով, թիվ 11 ընտրատարածքից՝ ստանալով 11 հազար 796 վստահության քվե:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր