2018թ-ին Հայաստանը կփորձի կամուրջ դառնալ Իրանի և Եվրամիության միջև. Տեսանյութ
Հայացք մամուլի ակումբում «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը ամփոփեց 2017թ-ը, խոսեց 2018թ-ի աշխարհաքաղաքական զարգացումների, տարածաշրջանային իրավիճակի մասին:
Ըստ Ալեքսանդր Իսկանդարյանի 2017թ-ի ձեռբերումներից է Ղարաբաղ տանող Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը. «Այն ստրատեգիական, քաղաքական և տնտեսական շատ մեծ նշանակություն ունի։ Երկրորդ կարևորը կհամարեի Մեղրու ազատ տնտեսական գոտին։ Այն ժամանակի հետ կփոխի Հայաստանի կարևորությունը տարածաշրջանում։ Ինչպես նաև, մեծ կարևոր իրադարձություն է նախորդ տարվա վերջին Հայաստանի և Եվրամիության միջև կնքված «Ընդլայնված և համապարփակ համաձայնագրի» ստորագրումը»,-ասաց նա:
Իսկ 2018թ-ին, Ալեքսանդր Իսկանդարյանի
կարծիքով, Հայաստանը կփորձի կամուրջ դառնալ Իրանի և Եվրամիության միջև, ինչը, ըստ նրա՝
ավելի խոշոր ֆորմատ է, քան հայ-իրանական հարաբերությունները. «ՀՀ-ԵՄ փոխգործակցությունը
կարող է բերել նրան, որ այս տարի Հայաստանը վիզային ռեժիմի ազատականացման բանակցությունների
մանդատ ստանա: Մանդատի ստացման ինչ-որ ձևաչափ չկա, բայց դա կարող է սկսվել, և մոտ
3-4 տարի հետո կարող ենք ստորագրել այնպիսի համաձայնագիր, ինչպիսին Ուկրաինայի, Վրաստանի,
Մոլդովայի և ԵՄ-ի միջև ստորագրված համաձայնագիրն է»։
2018 թ-ին նա ԼՂ հակամարտության մեջ որևէ առաջընթաց չի ակնկալում.«Այդքան էլ չեմ տեսնում հիմքեր՝ խաղաղ գործընթացի կարգավորման համար։ 99%-ով բանակցություններում առաջընթաց պետք չէ ակնկալել։ Նույն կերպ, կարող եմ ասել, որ լայնամասշտաբ պատերազմ էլ պետք չէ սպասել։ Թե ինչպիսին կլինի դրությունը, կլինե՞ն արդյոք էսկալացիաներ և այլ գործողություններ, արդեն բարդ է գուշակել, կախված է նաև մեծ խաղացողներից և Ադրբեջանի ներսում կատարվող իրավիճակներից»,- ասաց քաղաքագետը։