ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի. ՊԵԿ նախկին պաշտոնյան ՀՀ կառավարությունից 19 000 եվրո փոխհատուցում կստանա
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշման համաձայն ՀՀ-ն պարտավորվում է Երևանի բնակիչ դիմումատուին վճարել 19 065 եվրո:
ՄԻԵԴ-ի կայքի տեղեկատվության համաձայն, որ ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 34-րդ հոդվածի համաձայն, ՀՀ քաղաքացի Եվգենյա Ֆիդանյանի (դիմումատու) կողմից ընդդեմ ՀՀ՝ 2012 թվականի սեպտեմբերի 19-ին Դատարան ներկայացված գանգատի հիման վրա:
Դիմումատուն աշխատել է Հարկային պետական ծառայությունում, 2009 թվականի փետրվարի 23-ին Կոմիտեի նախագահը որոշել է լուծել նրա աշխատանքային պայմանագիրը, ինչից հետո դիմումատուն Կոմիտեի դեմ հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու հրամանը, վերականգնել իր նախկին պաշտոնում և բռնագանձել իր միջին աշխատավարձը՝ սկսած իրեն աշխատանքից ազատելու պահից մինչև նախկին պաշտոնում իրեն վերականգնելը:
2009 -ին Վարչական դատարանը բավարարել է դիմումատուի երեք պահանջները: Այդ վճիռն անփոփոխ է թողնվել բարձրագույն դատական ատյանի՝ Վճռաբեկ դատարանի կողմից, և 2009 թվականի նոյեմբերի 4-ին այն դարձել է վերջնական:
Կոմիտեն 2009 թվականի նոյեմբերի 29-ին դիմումատուին վճարել է 1 մլն 197 հզր. ՀՀ դրամ՝ որպես հատուցում 2009 թվականի փետրվարի 23-ից մինչև նոյեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածի ընթացքում նրա գործազրկության դիմաց:
Պարզվում է, որ 2010 թվականի փետրվարի 25-ից 2011 թվականի հուլիսի 18-ն ընկած ժամանակահատվածում ԴԱՀԿ-ն և Կոմիտեն 2009 թվականի սեպտեմբերի 17-ի վճռի կատարման առնչությամբ հետագա գործողություններ չեն ձեռնարկել:
Չնայած Կառավարության նախնական առարկել է, որ դիմումատուն չի սպառել իրեն հասանելի արդյունավետ իրավական պաշտպանության միջոցները, սակայն դիմումատուն դիմել է ՄԻԵԴ և գանգատը վարույթ է ընդունվել 2013-ին:
Դիմումատուն պահանջել է 26մլն 535 հզր. ՀՀ դրամ՝ որպես նյութական վնասի հատուցում, և 19 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։ Դիմումատուն նաև պահանջել է 800 000 ՀՀ դրամ՝ որպես ներպետական դատարաններում, ինչպես նաև Դատարանում կրած ծախսերի և ծախքերի հատուցում:
ՄԻԵԴ-ը վճռել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում:
Հայաստանը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի 14 165 եվրո նյութական վնասի դիմաց, ոչ նյութական վնասի դիմաց՝ 3 600 եվրո և ծախսերի և ծախքերի դիմաց՝ 1 300 եվրո: