Եթե Հայաստանի իշխանությունները մերժեն ընտրական օրենսգրքի ֆինանսավորումը, ապա լրջագույն քաղաքական և ֆինանսական մարտահրավերների առջև կկանգնեն
ԱԺ պատգամավոր, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հուլիսի 11-ին Հայացք մամուլի ակումբում ներկայացրեց տնտեսության մեջ գրանցված պաշտոնական տվյալները:
Պատգամավորի կարծիքով՝ տնտեսական ցուցանիշները ամենևին էլ հուսադրող չեն. «2015-ին 2014-ի հետ համեմատած ՀՆԱ-ն 11.6 մլրդ-ից իջել է 10.6 մլրդ, այսինքն՝ 1 մլրդ-ով պակասել է: 1 շնչի բաժինը իր երկրի հարստության մեջ 3800 եվրոյից իջել է 3500 եվրո: Տրանսֆերտները 1 տարվա ընթացքում պակասել 500 մլն դոլարով: Արտահանումը 1.5-ից դարձել է 1.4, ներմուծումն իջել է: Պետական պարտքն ավելացել է շուրջ 1 մլրդ դոլարով: Այսպիսի արագություն պարտքերի մեծացման երբեք չի եղել: Բյուջեն և ՀՆԱ-ն մեկ միլիարդով պակասում են, պարտքերը նույնքանով ավելանում են: Ներդրումների առումով էլ տխուր վիճակ է, ներդրումների տոկոսը 20 է: Գործազրկությունը պաշտոնական թվերով եղել է 16 տոկոս, հիմա կազմում է 18.4 տոկոս: Տարեկան 47 հազար պաշտոնապես արտագաղթ ունենք: Շատ վախեցնող թիվ կա, որի համար դեռ ոչ մեկը լուրջ պատասխան չի տվել՝ կապիտալի ապօրինի արտահանումը: Այն կազմել է 1.8 մլրդ դոլար: Այդ թվում պետք է հաշվի առնել, որ գործազրկության թիվն աճել է մարդկանց քանակի նվազման շրջանակում, որովհետև նույն պաշտոնական թվերով Հայաստանից տարեկան արտագաղթում է 45000-47000 մարդ: ՀՀ-ում գումար դնելը, բիզնես դնելն ու ներդրումներ անելը նաև հայաստանցիների համար ձեռնտու չէ, գումարները դուրս են գալիս: Մեր կոռուպցիայի դեմ պայքարող հզոր տղերքը իրենց գումարները դուրս են հանում»,-նշեց Արամ Մանուկյանը:
Արամ Մանուկյանը նաև ասաց, որ 1 տարվա ընթացքում ՀՀ աշխատողների վարձատրության ընդհանուր գումարը պակասել է 30 տոկոսով. «Մեկ հարց կա, որին ոչ ոք բացատրություն չի տալիս, դա Հայաստանի աշխատողների վարձատրության չափն է, այդ թիվը մեկ տարվա 979 մլն-ը դարձել է 661 մլն դոլար: Պահուստային ֆոնդը ևս մեկ տարվա ընթացքում պակաս է 1մլրդ դոլարով»:
Պատգամավորի խոսքով՝ այս ամենին զուգահեռ էլ խորհրդարան են բերվում օրենսդրական նախագծեր, որոնց միջոցով փորձ է արվում ավելացնել հարկերը. «Հարկային նոր օրենսգրքի շնորհիվ կավելանան հարկերը, կթանկանան որոշ ապրանքները՝ վառելիքը, սպիրտը, ծխախոտը և կսկսվի շղթայական թանկացում»:
Արամ Մանուկյանը նշեց, որ արտահերթ ռեժիմով ընդունված օրենքների քանակը հինգ անգամ ավելին է, քան նորմալ ռեժիմով ընդունված օրենքները:
Խոսելով ընտրական օրենսգրքի մասին պատգամավորն ասաց. ««4+4+4»
ֆորմատի ներկայացուցիչների միասնական ջանքերի արդյունքում մենք շարունակում ենք մեր պայքարը: Բանակցությունների պրոցեսը չի ավարտվել:
Եթե Հայաստանի իշխանությունները մերժեն ընտրական օրենսգրքի ֆինանսավորումը, ապա լրջագույն քաղաքական և ֆինանսական մարտահրավերների առջև կկանգնեն: Այսինքն, իրենք իրենց կզրկեն դրսից եկող լուրջ ֆինանսներից: Մենք, այնուամենայնիվ, ռեզերվային քայլեր ունենք:
«4+4+4» ֆորմատի ներկայացուցիչների ջանքերով 4 կետերի օրենք դառնալը լրջագույն հաջողություն է»:
Խոսելով ՀՀ արտաքին դիվանագիտության մասին Արամ Մանուկյանը նկատեց. «Մեր արտաքին դիվանագիտությունը երկու ոտքից կաղում է, և եթե մենք հաղթանակ չգրանցեք, ապա դա ոչ թե իշխանության ձախողումը կլինի, այլ Հայաստանի: «Թույլ Հայաստանը» լավ լուծում չի կարող բերել ԼՂ-ի համար»: