Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

20 մար 2018 20:07

Քաղաքական աճուրդի ժամանակը. Հայկ Բալանյան

Տեղի ունեցող քաղաքական գործընթացների շուրջ Hayacq.com-ը զրուցեց վերլուծաբան Հայկ Բալանյանի հետ:
 
-Պարոն Բալանյան, Ազգային Ժողովն ընտրեց ՀՀ չորրորդ նախագահին: Կիսո՞ւմ եք այն կարծիքը, որ Հայաստանն ունենալու է «թագուհու» կարգավիճակով նախագահ:
-Նոր Սահմանադրությամբ յուրաքանչյուր նախագահ անկախ անձերից ունենալու է շատ սահմանափակ լիազորություններ: Նախկին սահմանադրական լիազորություների համեմատ, կարելի է համարել, որ նոր նախագահը, իսկապես ունենալու է լոկ ներկայացուցչական, ձևական գործառույթներ։
Բայց, եթե մենք դիտարկենք նոր Սահմանադրության ներքո, ապա Արմեն Սարգսյանը, որպես անձ ուներ, ունի և ունենալու է շատ ավելի ընդարձակ գործառույթներ, որոնք այլ անձ այդ պաշտոնին դժվար թե ունենար։
Արմեն Սարգսյանը, հանդիսանում է մեր վերնախավի գողացված կապիտալների արևմտյան տանիքավորման, արևմուտքի հետ կապերի և բանակցությունների կարևոր օղակ և բիզնես միջնորդ։ Այս իմաստով, իհարկե ինքը թիմի մարդ է, առաջնորդ կամ ինքնուրույն խաղացող չէ, բայց շատ կարևոր օղակ է։
-Ապրիլի 9-ին  լրանում է գործող նախագահ՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը: Ապրիլի 17-ին Ազգային Ժողովը նոր վարչապետ կնտրի: Ըստ Ձեզ, ի՞նչ կփոխվի Հայաստանի քաղաքական կյանքում:
-Կարծում եմ դեգրադացման մագիստրալ ճանապարհը չի փոխվի, իսկ մանր-մունր ձևական նրբերանգները բնակչությանը հետաքրքիր չեն։ Վերնախավը չունի ներքին ուժ և կամք իրական փոփոխությունների, ուստի գնալու է դեպի ճգնաժամային տարբերակների, երբ ստիպված է լինելու հապճեպ քայլեր անել։ Նման սցենար է նշմարվում, իսկ մանրամասները դժվար տեսանելի են։
-Հայաստանի կառավարման համակարգում փոփոխություններ են կատարվում: Արդեն հայտարարվել է, որ ուժային կառույցներն անցնելու են վարչապետի ենթակայության տակ, որ վարչապետի նստավայրը Բաղրամյան 26-ն է լինելու: Նոր օրինագծի համաձայն՝ կառավարության նիստերը դռնփակ են անցկացվելու: Այս փոխությունները դեպի ո՞ւր են տանում:
-Դեպի Սերժ Սարգսյանի երրորդ նախագահական ժամկետ, որը նոր Սահմանադրությամբ է քողարկված։
Իսկ վերջնական նպատակը մեկն է՝ ստեղծել մի այնպիսի համակարգ, որ Սերժ Սարգսյանի կենսաբանական հեռացումից հետո էլ իշխանությունը և հարստությունը մնա իր ընտանիքի ձեռքում։ Ռազմավարությունը այդ գերագույն նպատակի մեջ է, քանի որ գիտակցվում է, որ այդքան ունեցվածքը պահել այլ կերպ անհնար է։ 
Ուստի կատարվելու է այնպիսի մի ձևափոխում, որ քաղաքական իշխանությունը, հետևաբար նաև ունեցվածքը մնան ընտանիքի կլանի ձեռքում՝ թեկուզ ձևական դերակատար դերասանների միջոցով։
Իրենց թվում է թե կստացվի, ես կարծում եմ, որ՝ ոչ։ Կյանքը ցույց կտա։
-Այս օրերին շատ են խոսակցությունները Սերժ Սարգսյանի անվտանգության հարցերում անփոխարինելի լինել-չլինելու վերաբերյալ։ Իշխող կուսակցության ներկայացուցիչները նույնիսկ պարզ տեքստով են հայտարարում վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Արցախի և անվտանգության հարցերում շատ հեռու լինելը: Ինչո՞ւմ է կայանում խնդիրը:
-Իշխող կուսակցությունը և ոչ միայն, հիմա կատարում է զուտ պատվեր՝ նսեմացնել Կարեն Կարապետյանին, մեծարել Սերժ Սարգսյանին և արդարացնել վարչապետ դառնալը։
Անփոխարինելի պիտի լինի համակարգը, պետական ինստիտուտները և ոչ թե անձը, որ վերջին տարիներին բազմիցս տապալվել է արտաքին քաղաքական, հետախուզական ու ռազմական ոլորտներում։
Րամիլ Սաֆարովի տարհանձնումը, հայ-թուրքական ֆուտբոլը, եվրոասոցացումը՝ որը ավարտվեց եվրաասիական անիմաստ դաշինքով, ապրիլյան կորուսները, երբ ոչ հետախուզությունը զգուշացրեց, ոչ քաղաքականությունը կանխեց, ոչ էլ բանակը  պատրաստված դուրս եկավ, միջազգային ասպարեզում բազմաթիվ դիվանագիտական տապալումները՝ Բաքվի նախաձեռնող ու ագրեսիվ ճնշման տակ, և այլն, և այլն։ Այս «հաջողությունների» ֆոնին, իսկապես Սերժ Սարգսյանի համար միայն Հանրապետականն է մնում անփոխարինելի, իսկ Սարգսյանը՝ Հանրապետականի համար, իրար գտել են։
-Վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին, մինչ օրս Սերժ Սարգսյանը բացահայտ ոչինչ չի ուզում ասել: Ո՞րն է ինտրիգը:
-Դեռ չի որոշվել իշխանության ամբողջ կազմը, կոնֆիգուրացիան, տարբեր խմբերի փայերը ու պաշտոնները, ինչը թույլ կտա Սարգսյանին պահպանել իշխանության  ներխմբային բալանսը։ Եթե հիմա հայտարարվի, ապա այդ ներքին առևտուրը ու գզվրտոցը կսրվի։ Հավանաբար, որոշվել է այդ քաղաքական աճուրդը, հանգիստ ու դանդաղ անել, համաձայնեցնելով տարբեր՝ ներսի և դրսի խմբերի հետ։ Երբ ամբողջ պատկերն ու նոր կազմը պարզ լինի՝ կհայտարարվի։
-Երեկ հարցազրույցում չնայած Սերժ Սարգսյանը նորից հստակ չասաց առաջադրվելու է, թե ոչ, սակայն նշել է, մեջբերենք իր խոսքից. «Այո, ես այսօր էլ չեմ հավակնում վարչապետի պաշտոնին։ Եթե ի վերջո որոշենք, որ առաջադրվելու է իմ թեկնածությունը, ապա դա կլինի իմ կողմից մեկ հավելումով՝ առ այն, որ սահմանադրական լիազորությունների ամբողջական իրականացմանը զուգահեռ ավելի շատ ժամանակ եմ հատկացնելու երիտասարդ քաղաքական լիդերներին մեր երկրի անցած տարիների երևացող ու չերևացող ողջ փորձը փոխանցելու գործին»։ Ըստ Ձեզ, ո՞րն է ակնարկը:
-Հավակնություններ  չունի, բայց հնարավորություններ ունի: Նա չի մերժում, որ հավակնություններ չունենալով չի դառնալու վարչապետ: Հավանաբար «ազգովի», իսկ իրականում Հանրապետականով խնդրելու են, որ Սերժ Սարգսյանը մնա պետության ղեկին: 
Ինչ վերաբերվում է «Երիտասարդ քաղաքական գործիչներին»՝ այստեղ ակնարկ կա, որ դաշտը մաքրելու է և հիմնականում, իր հենարանը դարձնելու է երիտասարդ «կոմերիտական կարյերիստներին», որոնք պարտական են միայն իրեն և կապված չեն լինի իշխանական հին թայֆաների հետ: Սա մի ծրագիր է, որ կարող է ըստ իր պատկերացումների, ապահովել իր կլանի իշխանությունը և հարատևումը՝ պարզ ասած մնացած կլաններին ինքը «գցելու է»:
-Նիկոլ Փաշինյանը առաջարկում է Սերժ Սարգսյանի վերարտադրությունը կանխելու գործընթաց, «Հանուն Հայաստան Պետության» ճակատը սկսել է հանրահավաքներ, երթեր անցկացնել: Այս մեկ ամսվա ընթացքում հնարավո՞ր է քաղաքական անկայունություն լինի: 
-Կարծում եմ ոչ։ Քաղաքական գործընթացները պահանջում են երկարատև աշխատանք: Մեկ-երկու ամսում կազմակերպել հզոր շարժում՝ անհնար է։
-Իսկ հնարավոր համարո՞ւմ եք ընդդիմադիր դաշտի համախմբումը և հասարակության մեծ ակտիվությունը։
-Ոչ, մարդիկ այլևս չեն միավորվում ընդդեմ՝ թեկուզ ընդդեմ Սերժ Սարգսյանի վերատադրության։ Միավորումը հնարավոր է միայն «հանուն», որը չկա։ Իսկ այդ «հանուն»-ը ենթադրում է երկարատև կազմակերպչական ու քաղաքական աշխատանք, ներքին երկխոսությունը, որը մեզանում չկա։
 
Զրուցեց՝ Դիանա Մանուկյանը

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր