Հայաստանը զավթելու նոր քայլեր են մշակվում. Ալիևը իր երկրի տարածքը ոչ թե 86,6, այլ 100,000 քկմ է համարում          Ողբերգական դեպք Արմավիրի մարզում․ հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին       Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ զինծառայող է վիրավորվել    

30 հուն 2018 14:30

Գերմանացիներին պետք է հասկացնել՝ առանց այն էլ ձեր ձեռքերը հայի արյունով են շաղախված՝ 100 տարի առաջ, մի կրկնեք դա. Ա. Օրդուխանյան

Գերմանացիներին պետք է հասկացնել՝  առանց այն էլ ձեր ձեռքերը հայի արյունով են շաղախված՝ 100 տարի առաջ, մի կրկնեք դա. Ա. ՕրդուխանյանԿասկածից վեր է, որ պետք է պայքարել գերմանական Rheinmetall ընկերության և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության դեմ: Tert.am-ի հետ զրույցում այսպես ասաց Գերմանիայում «Հայ ակադեմիականների միության» նախագահ Ազատ Օրդուխանյանը:

«Ժամանակին Մաուզեր եղբայրները զենք վաճառեցին թուրքերին, և արդյունքում մենք կորցրինք մոտ 2 միլիոն բնակչություն և Արևմտյան Հայաստանը: Այդ զենքի վաճառքի արդյունքում հարստացավ գերմանական էկոնոմիկան, հարստացան գերմանացի լիդերները, իսկ մենք կորցրինք մեր ժողովրդին: Հիմա զուգահեռնե՞ր անցկացնենք երեկվա ու այսօրվա մեջ․․․ Գերմանացիները լավ գիտեն, որ ադրբեջանցիները զենքը գնում են և օգտագործում մեր դեմ: Եթե գերմանացին կրկնի անցյալում իր արած սխալը և հարյուր տարի հետո նորից ներողություն խնդրի, որ իրենց տնտեսությունը մեր արյունով զարգացրել են, արդեն պատմության կրկնություն կլինի, խայտառակություն կլինի, և դա նորից սև տառերով պետք է գրվի Գերմանիայի ճակատին, Գերմանիայի կանցլերի ճակատին, Բունդեսթագի ճակատին:


Դա անհանդուրժելի է ներկայիս Եվրոպայի, Գերմանիայի համար, և մենք պետք է դա տեղավորենք այդ կոնտեքստի մեջ և պայքարենք դրա դեմ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ գերմանաադրբեջանական ռազմական համագործակցության մասին ահազանգ էր հնչեցրել ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

«Օրերս գերմանական, իսկ հետո ադրբեջանական մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ գերմանական Rheinmetall ընկերությունը Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետ ստորագրել է մտադրությունների հուշագիր ռազմաարդյունաբերական ոլորտում համագործակցության մասին։ Տվյալ ընկերությունը ռազմական տեխնիկայի խոշոր արտադրող է։ Կարծում եմ, որ եթե նման գործարքը կյանքի կոչվի, ապա խախտում է հակամարտության գոտիներ զինտեխնիկայի մատակարարման գերմանական օրենսդրությունը և միջազգային պարտավորությունները։

Որպես Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ և հայ֊-գերմանական միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար՝ մոտ օրերս պաշտոնապես դիմելու եմ ԳԴՀ Բունդեսթագի գործընկերներին տվյալ հարցով պարզաբանում ստանալու և իրենց ուշադրությունը սույն խնդրին հրավիրելու համար։ Ադրբեջանի ռազմատենչ և հայատյաց քաղաքականության, ինչպես նաև տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի խթանման տեսակետից նման գործարքը նպաստում է Հարավային Կովկասում անկայունության ավելացմանը։ Ընթացքի մասին կտեղեկացնեմ»,- գրել էր նա:

Ըստ Ազատ Օրդուխանյանի՝ գերմանահայ բոլոր միությունները պետք է աշխատանք տանեն այդ ուղղությամբ, բանակցություններ սկսեն պատասխանատու մարմինների հետ՝ Կանցլերի, Բունդեսթագի նախագահի հետ և քննարկեն այդ հարցն ամենաբարձր մակարդակով: «Հայկական համայնքը պետք է ակտիվանա: Առաջինը պետք է հանդիպումներ կազմակերպեն և ներկայացնեն գերմանացիներին, որ առանց այն էլ ձեր ձեռքերը հայի արյունով են շաղախված՝ հարյուր տարի առաջ, մի կրկնեք դա:  Նրանց պետք է զգուշացնենք»,- ասաց նա:

Պայքարի մյուս ձևը, Ազատ Օրդուխանյանի խոսքով,  Գերմանիայում հասարակական կարծիք ստեղծելն է: «Պետք է անպայման հասարակական կարծիք ստեղծվի այստեղ, հոդվածներ գրվեն այդ մասին, թերթերը, մարդու իրավունքների կառույցները, եկեղեցին, այլ միջազգային կառույցներ, կուսակցությունները, համալսարանները, դպրոցները և այլն մեզ համար կարող են լինել միջոց՝ կանգնեցնելու նման համագործակցությունը: Հասարակական կարծիքը շատ լուրջ ազդեցություն ունի Գերմանիայում որոշումների կայացման գործընթացում»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե Ադրբեջանի հետ ռազմական համագործակցությունը մասնավոր ընկերության հետ է նախատեսվում, գուցե Գերմանիան՝ որպես պետություն, դեմ լինի, Ազատ Օրդուխանյանը պատասխանեց․ «Ժամանակին էլ «Մաուզերը» կամ այլ ընկերություններ էին Թուրքիային զենք վաճառում, և ամենը տեղի էր ունենում պետական իմացությամբ: Առանց գերմանական իշխանությունների համաձայնության կամ թույլտվության՝ հնարավոր չէր այդ հանցավոր գործարքներն իրականացնել: Նույնը պետք է լինի հիմա: Չեմ կարծում, որ միայն մասնավոր կառույցի և ադրբեջանական իշխանությունների միջև եղած գործարք է: Առանց պետության բարձրաստիճան այրերի իմացության, բանակի ղեկավարության իմացության, չեմ կարծում, որ դա հնարավոր է իրականացնել: Դա պաղպաղակի առքուվաճառք չէ, սպասքի կամ ժամացույցի վաճառք չէ, դա զենքի առևտուր է: Պետք է դրան արագ արձագանք լինի»:

Խաղաղությունից խոսող, բայց Ադրբեջանին զենք վաճառող երկրներից Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և այլ երկրների  մասին էլ Ազատ Օրդուխանյանն ասաց․ «Լինի ռուսական իշխանությունը՝ Պուտինը,  գերմանական իշխանությունը՝ Մերկելը, ամերիկյան կամ ֆրանսիականը, նրանց բոլորին խուժաններ պետք է որակենք: Մենք՝ որպես այդ զենքի պոտենցիալ զոհեր, պետք է ներկայացնենք, որ իրենց բարեկեցությունը մեր արյան գնով են ապահովում, և դրա համար իրենց բնորոշում ենք որպես քաղաքական խուժաններ»,- ասաց նա:

Ըստ Ազատ Օրդուխանյանի՝ լռելը հիմա մեզ համար անթույլատրելի է: «Ինչը կապված է  մեր կյանքի հետ, պետք է համերաշխ լինենք՝ անկախ կուսակցական, գաղափարական հայացքների տարբերության»,- ասաց նա:

Նշենք, որ պատասխանելով Tert.am-ի հարցին, թե արդյոք նախատեսում են քննարկել խնդիրը Գերմանիայում իրենց գործընկերների հետ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը նշեց․ «Նման քննարկումները մշտական են»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր