Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

10 օգոս 2018 14:25

Փոթորկից առաջ անդորր. Երեւանի եւ Մինսկի միջեւ կարող է առաջ գալ լուրջ առճակատում

Բելառուսական UDF լրատվական կայքը անդրադարձել է այն խնդրին, որ Երեւանի եւ Մինսկի միջեւ կարող է առաջ գալ լուրջ առճակատում։ Փոթորկից առաջ անդորր. Երեւանի եւ Մինսկի միջեւ կարող է առաջ գալ լուրջ առճակատումՀրապարակված հոդվածում ներկայացվում են այն պատճառները, որոնք կարող են հարուցել Բելառուսի նախագահի դժգոհությունը Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդեպ։ Համաձայն հրապարակման, Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Նիկոլ Փաշինյանը հանդիպել են մայիսին, իսկ հուլիսի վերջին էլ հեռախոսազրույց ունեցել։ Արտաքինից երկու ղեկավարների շփումը եղել է բավական ջերմ, սակայն իրականում բավական լուրջ հիմքեր կան մտածելու, որ պարզապես այն, ինչ տեսնում ենք հեռուստատեսային կադրերից, փոթորկից առաջ եղած անդորրն է։

Փաշինյանը հայկական Ստատկեւիչն է
Հայաստանի եւ Բելառուսի նախագահներն ունեն չափազանց տարբեր կենսագրություններ։ Լուկաշենկոն արդեն մոտ քառորդ դար անփոփոխ կերպով ղեկավարում է Բելառուսը, իսկ Փաշինյանը, ընդհակառակը, շատ տարիներ եղել է ընդդիմության մեջ եւ նույնիսկ՝ բանտարկվել։ 2008-ին Փաշինյանը եղել է նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավարը, իսկ զանգվածային անկարգություններից հետո նրա հանդեպ հետախուզում է հայտարարվել։ Հետագայում նա հանձնվել է իրավապահներին, դատապարտվել 7 տարվա ազատազրկման եւ դուրս եկել համաներմամբ։ Այս տարվա գարնանն էլ, կազմակերպելով այսպես կոչված «թավշյա հեղափոխությունը» ընդդեմ Սերժ Սարգսյանի, հասել է իշխանափոխության եւ ընտրվել վարչապետ։ Իր անցյալի մասին նա չի մոռացել, եւ արդեն իսկ կալանավորված է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով մեղադրվում է 2008-ի ցույցերը ճնշելու մեջ։ Այսքանից հետո կարելի է հասկանալ, թե ինչպիսի վերաբերմունք ունի Լուկաշենկոն նրա հանդեպ, եթե նաեւ պատկերացնի, թե նույն բաները կարող են տեղի ունենալ նաեւ Բելառուսում։
Բելառուսի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը մեծ խնդիր է․ կարծում է Փաշինյանը
Այս տարի Մինսկը պաշտոնապես Բաքվին վաճառեց «Պոլոնեզ» հարվածային հրթիռային համակարգերի 10 միավորից բաղկացած խմբաքանակ։ Համակարգի հարվածային հեռահարությունը կազմում է 300 կմ եւ հանդիսանում է ռազմավարական նշանակության զինատեսակ ռեգիոնի համար։ Նման սպառազինության վաճառքը Ադրբեջանին, բնականաբար, առաջ բերեց դժգոհություններ Հայաստանում։ Հարցն ավելի սրվեց, երբ նկատի առնվեց այն, որ Հայաստանն ու Բելառուսը գտնվում են ՀԱՊԿ-ում, այսինքն նույն ռազմաքաղաքական բլոկում, ասել է թե՝ թղթի վրա դաշնակիցներ են։ Իսկ ահա Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ չէ։ Այս տարվա մայիսին, Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո Փաշինյանն ասաց, որ բարձրացրել է այդ հարցը, եւ Լուկաշենկոյի արձագանքն էլ եղել է «նորմալ»։ Արդեն հուլիսին եվրոպական ռադիոկայանին տված հարցազրույցում Բելառուսի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի հարցը Փաշինյանն անվանել է մեծ խնդիր, որն առկա է երկկողմ հարաբերություններում։ Հայերը Լեւկաշենկոյի հետ ավելի հին խնդիրներ էլ ունեն։ Մեկուկես տարի առաջ նա Ադրբեջանին հանձնեց բլոգեր Ալեքսանդր Լապշինին, ով առանց Բաքվի հետ համաձայնեցման այցելել էր Լեռնային Ղարաբաղ։ Հայաստանի պառլամենտի անդամները այն ժամանակ կոչ էին անում Բելառուսը հանել ՀԱՊԿ-ից։
Փաշինյանը հարվածում է Հայաստանում Լուկաշենկոյի ամենամոտ ընկերոջը
Հայաստանի վարչապետ ընտրվելուց հետո մեծ խնդիրների առաջ հայտնվեց գործարար Գագիկ Ծառուկյանը։ Ծառուկյանն այն գործարարն է, որը Լուկաշենկոյի հետ Մինսկում կոնյակի արտադրության հոսքագիծ բացեց եւ ընդունեց իր տանը Լուկաշենկոյին եւ նրա կրտսեր որդուն՝ Կոլյային։ Հայկական մամուլն այդ օրերին գրեց․ «Լուկաշենկոն գիշերել է Ծառուկյանի տանը, քանի որ նրանք մոտ ընկերներ են»։ Գալով իշխանության՝ Փաշինյանը սկսեց իր հակակոռուպցիոն պայքարը հին կլանների դեմ, որոնք ոչ պաշտոնապես ղեկավարում էին երկրի կյանքի շատ ոլորտներ։ Մեկ ամիս առաջ արդեն ազդակներ եղան, որ սկսվել է գրոհ Ծառուկյանի վրա։ Ձերբակալվեց նրա անվտանգության ծառայության ղեկավար Էդուարդ Բաբայանը, ում կասկածում են կանխամտածված կերպով անձի առողջությանը վնաս հասցնելու մեջ։ Հայկական մամուլում նաեւ գրվեց, որ Փաշինյանի եւ Ծառուկյանի հարաբերությունները սառել են, եւ նրանք արդեն տեւական ժամանակ է, ինչ չեն շփվում։
Լուկաշենկոն եւ Փաշինյանը տարբեր մոտեցումներ ունեն հետխորհրդային տարածքի ինտեգրացիոն պրոցեսների նկատմամբ
Լուկաշենկոն մշտապես կողմ է եղել, որպեսզի սերտ համագործակցություն ծավալի Ռուսաստանի եւ նախկին ԽՍՀՄ մյուս հանրապետությունների հետ։ Նա հանդիսանում է ԵԱՏՄ համահիմնադիրներից մեկը։ Փաշինյանն ինտեգրացիոն խնդիրներին այլ կերպ է վերաբերվում։ 2014 թվականին, երբ Հայաստանի պառլամենտը քննարկում էր ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը, դեռեւս պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու Ալեքսանդր Արզումանյանը հայտարարել են, որ այդ միությունը որեւէ լավ բանի չի բերի եւ միայն կմեկուսացնի Հայաստանն ու կհանգեցնի սուվերենիտետի կորստին։ Փաշինյանը նույնիսկ կատակում էր այդ օրերին, որ ԵԱՏՄ կազմ մտնելուց հետո բոլորը ստիպված են լինելու օգտագործել «Կրասնայա Մոսկվա» վարունգի օդեկոլոն։ Նա այն քիչ պատգամավորներից էր, որ դեմ քվեարկեց ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը։ Արդեն վարչապետանալուց հետո նա ավելի մեղմ հայտարարություններ է սկսել հնչեցնել ԵԱՏՄ հանդեպ, սակայն դժվար թե դրանց կարելի լինի հավատ ընծայել։
udf.by


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր