Չեք գալիս` ջհանդամը գաք. Տավուշի փրկիչ հայտարարած անձինք հայտարարում են, թե գործուն քայլեր կձեռնարկեն, երբ փողոցում բավարար չափով մարդիկ կլինեն          Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները       Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին    

09 հոկ 2018 13:29

Ինչպես կդասավորվեն Փաշինյանի և «Սասնա ծռերի» հարաբերությունները

Ինչպես կդասավորվեն Փաշինյանի և «Սասնա ծռերի» հարաբերություններըՎերջերս կուսակցություն դարձած «Սասնա ծռեր» խմբավորման անդամները կարծում են, որ Փաշինյանը շատ մեղմ է՝ իրենց բառերով՝ նախկին ռեժիմի մնացորդների նկատմամբ: Ծռերն առաջարկում են ելնել հեղափոխության առաջ բերած իրավիճակից ու անցումային լուծումներ գտնել՝ չապավինելով նախորդ իշխանության ընդունած սահմանադրությանը ու չզբաղվել իրավական տառակերությամբ: Զարմանալիորեն միաժամանակ նման հռետորաբանությամբ են սկսել հանդես գալ մարդիկ, ովքեր ներկայանում են վերլուծաբան, քաղաքագետ կամ մտավորական. նրանք ևս կոչ են անում Փաշինյանին լինել ավելի կոշտ:

Արդարության համար նախ նշենք, որ որոշակի ճշմարտության հատիկ ասվածի մեջ կա այն առումով, որ հեղափոխությունն ինքնին սովորական քաղաքական իրավիճակ չէ, հաճախ, իսկ եթե ավելի անկեղծ լինենք՝ մեծամասամբ այն դուրս է գալիս արդեն գրված օրենքների ու ստանդարտների սահմաններից: Խնդիրն այլ տեղ է, արդյոք ստանդարտներից դուրս գալ–չգալը ինքնանպատակ է, և ինչու են որոշ ուժեր, ի դեմս Սասնա ծռերի, քարոզում ամեն գնով ստանդարտներից դուրս գալ:
Այն, որ անկախ սուր հռետորաբանությունից Փաշինյանը կարևորում է գործող Սահմանադրության շրջանակներում առկա քաղաքական ճգնաժամից դուրս գալը, հաճախ հիմնավորվում է միջազգային հանրության հանդեպ ունեցած վախերով: Որոշակի վախեր, ավելի ճիշտ՝ ռիսկեր, իհարկե, կան: Այդ ռիսկերը պետք է ոչ գերագնահատել, ոչ էլ թերագնահատել: Բայց առավել հիմնարար պատճառ էլ կա, որ Փաշինյանին դրդում է մնալ սահմանադրականության շրջանակներում ու իր լայն հանրային աջակցությունն օգտագործել մեղմ չափաբաժնով: Կոշտ սցենարների, իսկ ավելի կոնկրետ՝ ժողովրդի՝ ԱԺ–ում հայտնվելու և այն ցրելու պարագայում նախկին քաղաքական վերնախավը էլ ավելի է սեղմվելու պատին ու չի բացառվում, որ սկսի ավելի կոշտ դիմադրել: Ինչն անժխտել իորեն բերելու է նոր քաղաքական ցնցումների ու անկայունությունների, որոնց պատասխանատուն լինելու է նախ Փաշինյանը: Ըստ այդմ՝ գործող սահմանադրության շրջանակներում մնալու Փաշինյանի մարտավարությունը ոչ թե իրավական տառակերություն է կամ մեղմություն, այլ չոր հաշվարկ՝ իրավիճակից դուրս գալ հնարավորինս քիչ ցնցումներով ու փափուկ: Իհարկե, հանրահավաքային տեմպի, Փաշինյանի հնչեղ ու սուր ելույթների ֆոնին հաճախ կարող է թվալ, թե նրա մոտ էմոցիաները գերակա են ու շատ քիչ է մնացել այն պահին, երբ նա հագուրդ կտա հանրության տրամադրություններին՝ մտնել ու ցրել ԱԺ–ն: Բայց սա միայն առաջին հայացքից: Իրականում, սակայն, հանրահավաքային տրամադրությունների կիրառման գործում Փաշինյանը շատ հաշվենկատ է: Սա է պատճառը, որ նա կարող է ոգևորված տոնայնությամբ կոչ անել մարդկանց հավաքվել ԱԺ–ի մոտ՝ միաժամանակ սաստելով, որ հանկարծ որևէ ինքնագործունեությամբ նրանք չզբաղվեն: 

Հավասարապես պրագմատիկ են նաև այն մարդիկ ու ուժերը, որոնք կոչ են անում հագուրդ տալ ժողովրդական տրամադրություններին ու հեղափոխական իրողություններին՝ հիմնավորելով դա առաջին հայացքից էմոցիոնալ նկտրումներով՝ արդարություն, ժողովրդի կամք և այլն: Իրականում հաշվարկը շատ պարզ է՝ Հայաստանում կան ուժեր, որոնք փափուկ խաղի պայմաններում պահանջարկ չունեն: Նրանց պետք է առավել սուր, կոնֆրոնտացիոն իրավիճակ, որտեղ նրանց թե՛ հռետորաբանությունը, թե՛ գործիքակազմը կարող է կիրառելի լինել:
Այս իմաստով շատ հետաքրքրական է, թե ինչպես են դասավորվելու Փաշինյանի և «Սասնա ծռերի» հարաբերությունները, ընդհանրապես ինչպես է դասավորվելու Ծռերի քաղաքական ապագան: Առաջին հայացքից է միայն նրանց մեջ այժմ առկա որոշակի կոմպրոմիս՝ հեղափոխության ընդհանուր արժեքների շուրջ: Բայց այդ կոմպրոմիսը մանավանդ այդքան ընդհանրական ձևակերպումներով բավականին փխրուն է: Եթե, օրինակ, Շանթ Հարությունյանը հայտարարում է, որ չի ցանկանում ազատ ռեժիմի կարգավիճակով դուրս գալ պատժի կրման վայրից, քանի որ այդ կերպ չի կարողանալու մասնակցել, օրինակ, ընտրությունների, «Սասնա ծռերը»՝ լինելով մոտավորապես Շանթի կարգավիճակում, ստեղծում է քաղաքական ուժ: Դժվար է ասել, ընթացիկ դատավարության պայմաններում, երբ նրանցից դեռ չի հանվել մեղադրանքը, Ծռերն ինչպե՞ս են մասնակցելու ընտրություններին: Արդյո՞ք նրանց խափանման միջոցը փոխելուն ուղղված քաղաքական մեսիջներին զուգահեռ Փաշինյանն, օրինակ, նրանց տվել է քաղաքական հեռանկարի երաշխիքներ: Թե՞ Ծռերը մտադիր են կորզել այդ երաշխիքները՝ ուժային գործողությունների շանտաժով կամ ինչպես վերը նշեցինք՝ Փաշինյանի ոճը մեղմ որակելով ու ավելի կոշտ սցենարներ առաջարկելով, սցենարներ, որտեղ իրենց դերակատարությունը կգա առաջին պլան: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները կունենանք առաջիկայում: Իսկ այժմ ընդամենն արձանագրենք, որ թե՛ հեղափոխության, թե՛ դրա մրցակիցների ճամբարներում նկատելի են դառնում ուժեր, որոնց ձեռնտու է իրավիճակի սրումն ու կոնֆլիկտի էսկալացիան: 
 «Փաստ» 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր