Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

02 նոյ 2018 19:53

Չկա Ծառուկյան՝ չկա ԲՀԿ. Ի՞նչ է կատարվում ԲՀԿ-ում

ԶԼՄ-ները հայտնում է, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը միանձնյա է կազմում կուսակցության նախընտրական ցուցակը, որտեղ լինելու են շոշափելի թարմացումներ, կուսակցությունը ենթարկվելու է այսպես ասած «ռեբրենդինգի», ընդգրկվելու են նոր դեմքեր, իսկ հնաբնակների հարցը դեռեւս անորոշ է:
Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ ինքն է գլխավորելու ԲՀԿ ցուցակը: Ծառուկյանն ըստ երեւույթին ԲՀԿ-ին վերջին անգամ է առաջնորդելու Ազգային Ժողով: Դա կլինի կամ ԲՀԿ համար վերջին անգամը, կամ միայն Գագիկ Ծառուկյանի, որը այլեւս չի ունենա Հայաստանում սեփականության անձեռնմխելիության համար քաղաքականության մեջ լինելու կարիք:
Քաղաքական առումով անբնական է հնչում, երբ կուսակցության առաջնորդը միանձնյա կազմում է դրա նախընտրական ցուցակը: Բայց հաշվի առնելով թե հայաստանյան առկա ավանդույթները, որոնց ուզած թե չուզած կրողն է մնում ԲՀԿ-ն, հաշվի առնելով նաեւ հենց կուսակցության առանձնահատկությունն ու բնույթը, շատ բնական է, որ ցուցակը միանձնյա որոշում է Գագիկ Ծառուկյանը: Ի վերջո, Ծառուկյանն է այդ կուսակցության հենարանն ու հենքը, իր ֆինանսատնտեսական ռեսուրսով եւ գուցե ինչ որ չափով նաեւ ժողովրդական խարիզմայով:
Չկա Ծառուկյան՝ չկա ԲՀԿ, եւ դա շատ հստակ էր 2015 թվականի փետրվարից հետո: Հետեւաբար ո՞վ, եթե ոչ հենց Գագիկ Ծառուկյանը պետք է միանձնյա որոշի ցուցակը: Եթե չկա ներկուսակցական բնականոն ժողովրդավարություն, ոչինչ չի փոխի ձեւականությունը կամ արհեստական բազմակարծությունը:
Մյուս կողմից, ներկայում ամեն ինչ վճռում է նաեւ պահի պատմականությունն ու շրջադարձային կետը: Ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ Ծառուկյանը քաղաքականության մեջ այլեւս չունի անելիք: Հիմնավորումը, թե պաշտոն եւ իշխանություն պետք չէ, այլ ուզում է ծառայել հանրությանը, թույլ է: Ու ոչ այն պատճառով, որ նրան պետք է պաշտոն ու իշխանություն: Գոնե 2015-ի զարգացումների նաեւ արտաքին համատեքստը Ծառուկյանի համար թերեւս պարզ է դարձրել, որ նա որեւէ կերպ չի դիտարկվում Հայաստանում իշխանության հավակնորդ:
Ինչ վերաբերում է հանրությանը ծառայելուն, ապա Ծառուկյանը դա շատ ավելի արդյունավետ եւ համոզիչ կարող է անել առանց քաղաքական կարգավիճակի, առավել բնական վիճակում: Ընդ որում, խոսքն ամենեւին զուտ նյութական բարեգործության մասին չէ: Ավելին, այստեղ թերեւս Հայաստանի ռազմավարական խնդիրը պետք է լինի հանրության որեւէ շերտի չթողնել այդպիսի բարեգործության կարիքի կամ անհրաժեշտության մեջ:
Գագիկ Ծառուկյանը որպես խոշոր սեփականատեր կարող է հանրությանը ծառայություն մատուցել հանրային համակեցության մշակույթի, տեխնոլոգիական արդիականացման ոլորտներում նախաձեռնություններով ու աջակցությամբ, կրթական հիմնարար ներդրումներով եւ այլն: Քաղաքական եւ կուսակցական կարգավիճակի բացակայությունը միայն ու միայն առավել ուժեղ կդարձնի այդօրինակ ծառայությունը:
Կուսակցության ցուցակի միանձնյա ընտրությունը եւ փաստացի հնարավոր ռեբրենդինգը Ծառուկյանի համար գուցե այդ ուժեղ ծառայության անցնելու քայլերից մեկն է, շրջադարձային պահն օգտագործելով: Եթե Ծառուկյանն ուզում է թողնել կուսակցությունը,- ի վերջո, դասականի խոսքով՝ նա պատասխանատու է նրանց համար, ում վարժեցրել է,- ապա նա պետք է թողնի իր համար հասկանալի եւ նաեւ վստահելի կուսակցություն: Դրա համար նա պետք է միանձնյա ընտրի ցուցակը, որովհետեւ մինչ այժմ Գագիկ Ծառուկյանը գործնականում պարբերաբար կանգնել է այն անհարմար փաստերի առաջ, որը բխել է նրանից, որ ԲՀԿ ցուցակների ընտրության հարցում ազդեցություն են ունեցել տարբեր մարդիկ, հնարավոր է Ռոբերտ Քոչարյանը, Հովիկ Աբրահամյանը, Սերժ Սարգսյանը:
Գագիկ Ծառուկյանն այդ ամենի հետեւանքի առաջ կանգնել է ընդհուպ 2018 թվականի հոկտեմբերի 2-ը:
Աղբյուր՝ Lragir.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր