Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Արամ Սարգսյանը՝ առաջիկա շաբաթներին թշնամու հնարավոր հարձակման մասին    

10 նոյ 2018 10:02

«Փաստ». «Հեղափոխություն էինք արել, որ մեզ արգելե՞ք ...» կարծես, լոզունգ է դարձել

«Փաստ». «Հեղափոխություն էինք արել, որ մեզ արգելե՞ք ...» կարծես, լոզունգ է դարձել«Փաստ» օրաթերթը գրում է.
Երեկ Քաղաքապետարանի շենքի դիմաց էին հավաքվել մի խումբ առևտրականներ, ովքեր իրենց առևտուրն իրականացնում էին փողոցում՝ արգելված վայրերում: Պատճառը քաղաքապետարանի կողմից իրականացվող վերահսկողությունն է, ըստ որի՝ չի թույլատրվում արգելված վայրերում առևտուր իրականացնել: «Փաստի» հետ զրույցում «Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը նախ ընդգծեց, որ փողոցային առևտրով զբաղվողներին առաջարկել են կա՛մ տեղափոխվել շուկա, որտեղ նրանց տարածքներ են հատկացվել, կա՛մ բակային տարածքներ: Նա շեշտեց, որ այդ ամենը գումարի դիմաց չի լինելու: 
«Բայց նրանք հրաժարվում են՝ պնդելով, որ պարտադիր հենց այդտեղ պետք է իրենց առևտուրն անեն: Բակերում, որտեղ հնարավոր է, տաղավարներ են կառուցվելու: Մարդիկ կան, որ այնտեղ տեղափոխվելու առաջարկն ընդունել են: Փորձում ենք ընդհանուր հայտարարի գալ, բայց առևտրականների մեջ կան մարդիկ, ովքեր հակված չեն որևէ կոմպրոմիսի գալ, պարզապես ուզում են անել այն, ինչն իրենք են ուզում: Փողոցային առևտուրն արգելված է օրենքով և նոր չէ արգելված: Պարզապես հսկողությունը ժամանակին կա՛մ լավ չի իրականացվել, կա՛մ իրականացվել է ժամանակ առ ժամանակ: Արդյունքում մայթերին արդեն ուղղակի քայլելու տեղ չկա, և մարդիկ ինչ ասես վաճառում էին: Մենք նախ կոչ ենք անում հարգել օրենքը, և օրենքից դուրս չդնել սեփական անձը, որովհետև եթե նրանք արտոնություն են պահանջում, ինչո՞վ են մեղավոր մյուս քաղաքացիները: Օրինակ՝ փոքր կրպակներ ունեցողները, որոնք իրենց միրգն ու բանջարեղենը չեն կարողանում վաճառել, որովհետև այդ վերավաճառողներն ավելի ցածր գին են դնում: Ընդ որում՝ այդ առևտրականները բոլորն էլ վերավաճառողներ են»,–շեշտեց մեր զրուցակիցը:
Անդրադառնալով երևույթի վտանգավոր կողմերին՝ Ի. Աբգարյանը նշեց. «Վաճառողներին հարց ենք տալիս՝ դուք ձեր ապրանքին տե՞ր եք, ասում են՝ տեր ենք: Իսկ երբ հարցնում ենք, եթե գա ու ձեր կողքին կանգնի մեկ ուրիշը, դուք նրա ապրանքին տե՞ր եք, ասում են՝ ոչ: Ասում ենք, օրինակ, եթե մեկը որոշի թունավոր խնձոր կամ բամբակ վաճառել, դիվերսիա անել, որ մեր երեխաները թունավորվեն, դուք պատասխան տալո՞ւ եք, ասում են՝ ոչ: Հատկապես սննդի վաճառքը շատ վտանգավոր է, բայց, փաստորեն, նրանք միայն պահանջում են, որ որևէ հսկողություն չլինի, և որևէ մեկը պատասխանատվություն չկրի: Այստեղ անգամ ազգային անվտանգության խնդիր կա, որովհետև ցանկացած ոք կարող է գալ, վաճառել ինչ–որ մի թունավոր սնունդ և կորչել, և քանի որ նա որևէ տեղ գրանցված չէ, մենք չենք գտնի նրան»:

Նշենք, որ համացանցում ևս քննարկվում է հարցը, տարբեր մեկնաբանություններ են հնչում, հատկապես բարձրացնում են սոցիալական հարցը:
«Քաղաքապետարան եկած մարդիկ էլ էին ասում, թե սոցիալական խնդիր են լուծում այդ առևտրով, իսկ աշխատանք՝ չկա: Ի պատասխան, ես իմ օրինակը բերեցի՝ մեկ տարի է՝ գործազուրկ եմ, բայց ես չեմ փորձում օրենքը խախտելով՝ իմ երեխաներին պահել՝ չունենալով նաև այլ մարդիկ, որոնք ինձ կօգնեն: Ինչ հնարավոր է, ես փորձում եմ անել օրենքի սահմանում: Ես ասացի՝ եթե գտնում եք՝ ապօրինի առևտրով սոցիալական հարց լուծելը նորմալ է, վաղը կարող է մեկը թմրանյութ վաճառել, ինչը կրկին օրենքով արգելված է, բայց կարող է ասել՝ ես հացի խնդիր եմ լուծում: Կամ փողոցով մարմնավաճառներն ազատ ման գան և ասեն, որ սոցիալական խնդիր են լուծում: Ի վերջո, բոլորն են իրենց հացը վաստակում և սոցիալական խնդիր են լուծում: Հարցն օրենքի, վերահսկողության տակ լինելն է»,–ասաց Աբգարյանը:
Ինչ վերաբերում է վաճառականների այն մեկնաբանություններին, թե «հեղափոխություն էինք արել, որ մեզ արգելե՞ք առևտուր անել», մեր զրուցակիցը նշեց, որ դա, կարծես, լոզունգ է դարձել:
«Մենք էլ ասում ենք հետևյալը. եթե նրանք ապրիլից են հեղափոխություն արել, ապա «Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամները տասը տարուց ավելի են փողոցներում պայքարել, զրկանքներ կրել, կրճատվել աշխատանքից և այլն: Ու պայքարել են ոչ թե հանուն փողոցներում անտերության, այլ հանուն օրինականության և հավասար իրավունքների: Եթե մենք մի խմբի արտոնում ենք խախտել օրենքը, ինչո՞վ ենք տարբերվում ՀՀԿ–ից, որոնք յուրայիններին ներքին կարգով արտոնում էին խախտել օրենքը: Մենք «բեսպրեդելի» դեմ ենք պայքարել և թույլ չենք տալու, որ «բեսպրեդել» լինի: Մարդիկ պետք է հասկանան, որ շանտաժի լեզվով և հեղափոխություն անելը ինչ–որ մեկին երեսով տալով՝ չի կարելի անօրինականություն պահանջել: Սա հստակ մեսիջ է, որ որևէ մեկը չմտածի, թե ինքը մեկ ամիս փողոց է փակել և կարող է օրենքներ խախտել, իսկ մյուսների իրավունքները ոտնահարել»:
Դիտարկմանը, թե համացանցում օգտատերերից մեկը նշել էր, որ իր աչքի առաջ ոստիկանները կոպիտ կերպով են վարվել առևտրականի հետ, և հարցին, թե ինչպե՞ս են վերահսկելու այդ խնդիրը, ընդգծեց, որ ողջ գործընթացը նկարահանվում է. «Շատ ուշադիր հետևելու եմ գործողություններին: Եթե տեսնեմ, որ անհամաչափ ուժի կիրառում է եղել, պարտադիր կդիմեմ պարոն Օսիպյանին: Ես պատրաստ եմ բոլոր նկարահանումները մեկ առ մեկ նայել, որոնց թվում կլինեն նաև վաճառականների կողմից նկարահանվածները: Եթե կհանդիպենք, որ ոստիկանը անհամաչափ ուժ է կիրառել, կամ իրեն սխալ է պահում, անպայման կփոխանցենք ոստիկանությանը»:
Ի դեպ, Իզաբելլա Աբգարյանը հայտնեց նաև. «Ըստ ասեկոսեների և ոչ պաշտոնական հայտարարությունների, ժամանակին եկել ու ինչ–որ մարդիկ գումարներ են վերցրել վաճառականներից և այդպես արտոնել են մարդկանց, որ ապօրինի առևտրով զբաղվեն: Եթե գիտեն գոնե մեկ անուն, որը կապված է կա՛մ քաղաքապետարանի, կա՛մ վարչական շրջանների ադմինիստրացիաների հետ, կոչ եմ անում պարտադիր դիմել մեզ: Երաշխավորում ենք, որ իրենց տվյալները չենք հրապարակի: Դա կօգնի հետաքննություն անել, և  նման մարդիկ պատժվեն»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


 
 
 







Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր