Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

18 հուն 2019 19:30

10 փաստ, որ կարող են սպառնալ ամբողջ մարդկության առողջությանը

Այսօր գիտությունն ու բժշկությունն ակտիվորեն զարգանում են, սակայն մարդկության առողջության համար լուրջ սպառնալիք ներկայացնող գործոնները դեռեւս մեծաթիվ են: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ներկայացրել է 2019 թվականին մարդկանց առողջության համար 10 գլխավոր սպառնալիքները:
Օդի աղտոտում
Տասից ինը մարդ ամեն օր աղտոտված օդ է շնչում: Մասնագետների կանխատեսումներով՝ 2030 թվականից ամբողջ աշխարհում կսկսվի մահացության աճ, որը կառաջացնեն կլիմայի անբարենպաստությունն ու փոփոխությունը. մահվան դեպքերն ամեն տարի 250 հազարով կաճեն:
Ոչ ինֆեկցիոն հիվանդություններ
Դիաբետը, քաղցկեղը եւ սիրտ-անոթային հիվանդությունները մոլորակի բնակչության համար մեկ այլ լուրջ սպառնալիք են. հենց այս հիվանդություններին է բաժին ընկնում մահվան բոլոր դեպքերի մինչեւ 70 տոկոսը: Այս հիվանդությունների զարգացմանը նպաստում են ծխելը, ֆիզիկական ակտիվության բացակայությունը, ալկոհոլի եւ վնասակար սնունդի չարաշահումը:
Գրիպի համավարակ
ԱՀԿ փորձագետների խոսքով՝ վաղ թե ուշ կարող է տեղի ունենալ գրիպի համաճարակ, որը կանդրադառնա մոլորակի միլիոնավոր մարդկանց առողջության վրա: Նման տեսակետի օգտին են վկայում գրիպի վիրուսի շրջանառության մշտական մոնիթորինգի տվյալները, որը կազմակերպությունն անցկացնում է 114 երկրում:
Կյանքի ծանր պայմաններ
Ռազմական հակամարտությունները, երաշտը, սովը, հարկադիր միգրացիան՝ այս ամենը իրական սպառնալիք են աշխարհի ամբողջ բնակչության 22 տոկոսի՝ 1,6 մլրդ մարդու առողջության համար:
Կայունություն հակաբիոտիկների նկատմամբ
ԱՀԿ մասնագետների խոսքով՝ հակաբիոտիկների նկատմամբ վտանգավոր բակտերիաների ռեզիստենտությունը մեզ կարող է վերադարձնել այն ժամանակները, երբ թոքաբորբի, տուբերկուլյոզի եւ սալմոնելեզի բուժման դեղեր դեռեւս չկային: Արդեն այսօր առկա է շտամներով վարակվելու վտանգ, որոնց դեմ դեղերն անզոր կլինեն: Ժամանակի ընթացքում այս վտանգը միայն կաճի: Հակաբիոտիկների նկատմամբ ախտածին միկրոօրգանիզմների դիմադրողականությունը աճում է այս դեղերի սխալ կիրառման պատճառով:
Վիրուսներ
ԱՀԿ-ում նշում են, որ անհրաժեշտ է առաջնահերթ նշանակություն տալ Էբոլա, Զիկա, ատիպիկ թոքաբորբի վիրուսների եւ այլ վտանգավոր հարուցիչների դեմ պայքարին:
ՄԻԱՎ
ՄԻԱՎ ինֆեկցիան 2019 թվականին եւս մեկ սպառնալիք է միլիոնավոր մարդկանց առողջությանը: Չնայած ՄԻԱՎ ինֆեկցիան կարելի է վերահսկել՝ փրկելով պացիենտների կյանքը եւ մյուսներին պաշտպանելով վարակվելուց, շատ երկներում իրենց քաղաքացիներին այդպիսի բուժմամբ ապահովելու ռեսուրսներն ու ցանկությունը չեն բավականացնում:
ՁԻԱՀ-ն ամեն տարի խլում է գրեթե մեկ միլիոն կյանք: Համաճարակի սկսվելուց հետո ՄԻԱՎ ինֆեկցիայով է վարակվել 70 մլն մարդ, ՁԻԱՀ-ից մահացել է 35 մլն-ը: Հիմա 37 մլն մարդ ՄԻԱՎ-ով է ապրում:
Պատվաստումից հրաժարում
Այսօր պատվաստումը համարվում է ոչ ինֆեկցիոն հիվանդություններից պաշտպանության ամենաարդյունավետ մեթոդներից մեկը: Պատվաստումը համարվում է նաեւ հիվանդությունների կանխարգելման տնտեսապես առավել  արդյունավետ միջոցներից մեկը, ավելին՝ այն տարեկան 2-3 մլն մահվան դեպք է կանխում: ԱՀԿ-ում կարծում են, որ հնարավոր կլիներ մահվան եւս 1,5 մլն դեպքից խուսափել, եթե պատվաստումների գլոբալ ընդգրկումը բարելավվեր, իսկ ահա պատվաստման հանդեպ վախը եւ դրանից հրաժերվելը մարդկությանը լուրջ սպառնալիք են ներկայացնում:
Դենգե տենդ
Դենգե տենդը կարող է սպանել վարակվածներից մինչեւ 20 տոկոսին, եւ այն դեռեւս աշխարհին վտանգ է ներկայացնում: Անձրեւների սեզոնին շատ մարդիկ են հիվանդանում Բանգլադեշում ու Հնդկաստանում: Աշխարհի բնակչության 40 տոկոսը ենթակա է դենգե տենդով հիվանդանալու վտանգին, եւ ամեն տարի դրանով վարակվում է մոտ 390 մլն մարդ:
Թույլ զարգացած առաջնային բժշկական օգնության համակարգ
ԱՀԿ փորձագետների կարծիքով՝ թույլ առաջնային սանիտարա-բժշկական օգնությունը նույնպես կարող է մարդկությանը լուրջ սպառնալիք ներկայացնել, քանի որ հենց առաջնային օղակն է պատասխանատու մեծ թվով հիվանդությունների կանխարգելման եւ ժամանակին ախտորոշելու համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր