Զուգահեռներ՝ «թավշյա հեղափոխության» և Վենեսուելայում իշխանափոխության փորձի միջև.Ի՞նչ կապ կա Փաշինյանի ու Գուաիդոյի միջև
Ռուս գրող, հրապարակախոս և քաղաքական գործիչ Էդուարդ Լիմոնովը ««Ժիգալո»-ն Վենեսուելայից. ինչո՞ւ Կարակասի դեպքերը շատ նման են երևանյան իրադարձություններին» վերտառությամբ հոդված է ներկայացրել, որում զուգահեռներ է անցկացրել լատինամերիկյան երկրում տեղի ունեցող ներքաղաքական բուռն զարգացումների ու նախորդ տարվա ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում կատարված «թավշյա հեղափոխության» հետ:
Լիմոնովի կարծիքով՝ երկու դեպքում էլ ամեն ինչի հետևում կանգնած է Միացյալ Նահանգները, մասնավորապես՝ փոխնախագահ Մայք Փենսը, որը վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյին առաջարկել է Նիկոլ Փաշինյանի օրինակով իրեն երկրի ղեկավար հռչակել:
«Ի՞նչ կապ կա Փաշինյանի ու ԱՄՆ-ում կրթություն ստացած 35-ամյա Գուաիդոյի միջև. ոչ մի, բացի Մայք Փենսից: Լրատվամիջոցներն այժմ գրում են, որ Գուաիդոն Փենսի հետ սերտ կապերի մեջ է: Գրում են նաև, որ Փենսը ժամանակին անդամակցել է Կոնգրեսի՝ հայկական հարցերով խմբին: Հավանաբար, ԱՄՆ փոխնախագահը Գուաիդոյին խորհուրդ է տվել հանրահավաքի ժամանակ իրեն «Փաշինյանի պես» նախագահ ինքնահռչակել: Հստակ տեղեկություն կա առ այն, որ նախագահ ինքնահռչակվելուց առաջ Գուաիդոն հեռախոսազանգ է ստացել Փենսից»,-գրում է Լիմոնովն իր հոդվածում:
Հեղինակը նաև ընդգծում է, որ նավթի պաշարներով համաշխարհային առաջատար համարվող Վենեսուելայի տնտեսական անկման մեղավորը ևս ԱՄՆ-ն է, որը տարատեսակ պատժամիջոցներով խանգարում է երկրի տնտեսական զարգացմանը:
Ավելի վաղ հեղինակավոր The Guardian պարբերականը հրապարակել էր Օլբանիի համալսարանի պրոֆեսոր Գաբրիել Հեթլենդի ուշագրավ անդրադարձը Վենեսուելայում իշխանափոխության փորձին:
Պրոֆեսորը գրել էր, որ ինքնակոչ առաջնորդի գործողություններն ակնհայտորեն համակարգված են, եթե ոչ ղեկավարված, ԱՄՆ-ի կողմից:
Հեղինակը նաև ընդգծել էր, որ թեև Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի պաշոնավարումից ի վեր երկրի տնտեսական վիճակը շատ է վատացել, սակայն դա միայն իշխանության մեղքը չէ:
«Այս հարցում մեղքի իրենց բաժինն ունեն և՛ ԱՄՆ-ն, և՛ ընդդիմությունը: ԱՄՆ-ն քաջ գիտակցել է, որ իր սահմանած խիստ պատժամիջոցներն ավելի են վատացնելու երկրի տնտեսական, մարդասիրական վիճակը, ինչի արդյունքը լինելու է այն, որ վենեսուելացիներն ընդդեմ Մադուրոյի են դուրս գալու: Այս անմարդկային քաղաքականության նպատակը պարզ է»,-գրում է պրոֆեսորը:
Վենեսուելայի ընդդիմության մեղավորության մասով նա գրել էր, որ բազմաթիվ մարդկային կյաքեր խլած, ահռելի նյութական վնաս պատճառած բողոքի ակցիաները կազմակերպվել են ԱՄՆ-ի դրդմամբ: Հեթլենդի պնդմամբ՝ ցույցերի ընթացքում սպանվածներից շատերի արյունը հենց ընդդիմության ձեռքերին է: