Երկրի ապագան մռայլ է.Գիտնականները կարծում են, որ պարզել են Արևի մահվան ժամկետները          Կիևում իշխանությունները սկսել են բրոշուրներ բաժանել, բնակիչներին տրվել են տասնյակ հուշումներ՝ ռազմական գործողություններ սկսելու դեպքում       Հակաբիոտիկները հարցի լուծում չեն.Բժիշկ Մյասնիկովն ասել է` ինչպես կարելի է տնային պայմաններում բուժել «Օմիկրոնը»    

06 փետ 2019 10:50

Սամվել Բաբայանի շնորհիվ կբացահայտվեն նախկին համակարգի որոշակի շերտեր.նոր իշխանությո՞ւնն է նրան ուղղորդել. «Ժամանակ».

Սամվել Բաբայանի շնորհիվ կբացահայտվեն նախկին համակարգի որոշակի շերտեր.նոր իշխանությո՞ւնն է նրան ուղղորդել. «Ժամանակ».Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը նախօրեին ըստ էության հայտարարել է այսպես ասած՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին:
Բաբայանը հայտարարել է, որ մարտին ստորագրահավաք է սկսելու Արցախում թեկնածու առաջադրվելու համար: Այդ հայտարարությանը զուգահեռ, Բաբայանը մեկ այլ հետաքրքիր հայտարարություն է արել՝ խոսելով այն մասին, որ 2016 թվականի հուլիսին Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում անդրադարձել է նաեւ Ռոբերտ Քոչարյանի թեմային եւ հստակ ասել նրա մասին իր կարծիքը: Թե հատկապես ինչպիսին է այդ կարծիքը, Բաբայանը չի նշել, սակայն ասել է, որ Փաշինյանը դա հստակ գիտե դեռեւս 2016 թվականից:

Ասել կուզի, Բաբայանը ակնարկել է վարչապետին, որ իր կարծիքը չի փոխվել եւ այն, ինչ ասել է 2016-ին, կրկնում է նաեւ հիմա: Արդյո՞ք դրանով Սամվել Բաբայանը ցանկացել է Նիկոլ Փաշինյանին ակնարկել, որ Արցախի նախագահի պաշտոնին հավակնությունը կապ չունի Ռոբերտ Քոչարյանի հետ:
Բանն այն է, որ Սամվել Բաբայանը Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում դիտարկվում էր քոչարյանական թեւի ներկայացուցիչ: Մյուս կողմից հնարավոր է, որ Բաբայանը Նիկոլ Փաշինյանին այլ բան է ակնարկում, եթե հաշվի առնենք, թե ինչպիսի իրավիճակ էր 2016 թվականի հուլիսը: 2016-ի հուլիսին Հայաստանը, այսպես ասած, կաթվածահար էր եղել ՊՊԾ գնդի գրավումից, այն էլ Ապրիլյան քառօրյայից երեք ամիս անց, երբ հատկանշական զարգացումներ էին նաեւ արցախյան գործընթացում՝ Վիեննայի օրակարգով:
Հետագայում, ի դեպ, այդ օրակարգը աստիճանաբար չեզոքացվեց, ու հարց է, թե ինչ ազդեցություն ունեցավ այդ հարցում հուլիսյան իրավիճակը: Հայտնի է նաեւ, թե հուլիսին ինչպիսի դերակատարում էր փորձում ստանձնել Նիկոլ Փաշինյանը, արժանանալով «Սասնա ծռերի» եւ նրանց համակիրների սուր քննադատությանն այն բանի համար, որ առաջարկում էր բաց ձեռքերի պայքար: Երկու տարի անց Նիկոլ Փաշինյանը կյանքի կոչեց իր այդ պայքարը՝ Հայաստանում առաջնորդելով թավշյա հեղափոխությունը: Թավշյա հեղափոխությունից հետո Սամվել Բաբայանն ազատ արձակվեց՝ 2017-ի ընտրություններից առաջ ձերբակալվելուց հետո, որ տեղի էր ունեցել հայտնի «Իգլայի» գործով:
Հատկանշական է, որ ազատ արձակվելուց հետո Արցախ մեկնելու վերաբերյալ հարցին ի պատասխան Բաբայանն ասել էր, որ այդ առումով կանի այն, ինչ կասի Հայաստանի նոր իշխանությունը: Արդյո՞ք Հայաստանի նոր իշխանությունն է Բաբայանին ասել Արցախի նախագահի ընտրությանը մասնակցելու մասին, թե՞ Բաբայանը ակնկալում էր, որ նոր իշխանությունը կդիտարկի նրա որեւէ դերակատարում, սակայն տեսնելով, որ այդպիսի դիտարկում չկա, նա ինքն է որոշում մտնել խաղի մեջ եւ հիշեցնել իր մասին: Թե Բաբայանը խաղի մի նոր ուղղություն է նախկին իշխող համակարգի մարտավարության մեջ, հաշվի առնելով այն, որ Բաբայանը, ի վերջո, այդ համակարգի ներկայացուցիչ է:
Բոլոր դեպքերում, Արցախի պաշտպանության նախկին նախարարի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հայտը նոր շերտ է բացում ներքաղաքական իրողություններում, որն անկասկած կունենա նաեւ իր որոշակի շղթայական ազդեցությունը թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում: Խոշոր հաշվով պետք չէ բացառել եւ այն, որ այդ միջոցով կբացահայտվեն նախկին համակարգի որոշակի շերտեր, որոնք ներկայումս թաքցվում են խնամքով՝ ավելի լավ ժամանակների համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր