Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

01 մար 2019 18:15

Մարտի մեկի քաղաքական շահարկմանը պետք է վերջ տալ

Այս շաբաթ Հայաստանի դաշնակից երկրների մայրաքաղաքներում` Թեհրանում եւ Մոսկվայում միաժամանակ հնչում էին Հայաստանի տեսակետները` առաջինում վարչապետ Նիկոլ Փաշինյանի, երկրորդում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի մակարդակներով, ու դրանցում, իրոք, նոր շեշտադրումներ կային: Արձանագրենք նորությունները` Փաշինյանը խոսում էր Իրանից Հայաստան մտնող գազի ծավալները մեծացնելու, անգամ որպես տարանցիկ երկիր իրանական գազը Վրաստան հասցնելու պատրաստակամության ու քաղաքական կամքի մասին: Միրզոյանը ռուսներին հասկացնում էր, որ, այո, Ռուսաստանը Հայաստանի թիվ մեկ դաշնակիցն է, բայց եւ` չի կարելի մի ձեռքով դաշնակցություն անել, մյուս ձեռքով Բաքվում հակահայկական միջոցառումների մասնակցել: Չեմ ասում, թե Հայաստանի իշխանության ներկայացուցիչներն արդեն սովորել են մեր երկրի շահը հետապնդելիս եւ առավելագույն նպատակային լինել, եւ միաժամանակ` դիվանագիտական թակարդներում չհայտնվել, դրանք երկու դեպքում էլ կային: 
 
Սակայն Հայաստանի մոտեցումների հստակ եւ աներկիմաստ ներկայացում եղավ երկու դեպքում էլ, ու դա վատ չէ: Ուրիշ բան, որ ներկա բարիկադավորված մեր տեղեկատվական դաշտը հեռու է ձվի մեջ մազ չորոնելուց` ըստ պատվիրատուի շահերի, սակայն անգամ այդ դեպքում այցերի մասին տեղեկատվական իրազեկման ծավալային ընդգրկումը ծածկում էր առկա բացասական շեշտադրումները: Բոլոր դեպքերում երկու գլխավոր հարցերը նշված մոտեցումներում առկա է` Հայաստանի գազային եւ էներգետիկ անկախությանն ուղղված գործնական քայլը, եւ, երկրորդ դեպքում, դաշնակցային հարաբերությունները բարձր գնահատելուն եւ անելիքները նշելուն զուգահեռ, երկակի ստանդարտից անբավականությունն ամենեւին չթաքցնելը: Երկու դեպքում էլ մոտեցումը պետության շահից է բխում:
 
Իրանից` ուղղահայաց եւ հորիզոնական
 
Հայաստանը որեւէ բան պետք է անի ոչ թե ի հեճուկս այս ու այն պետության, այլ` իր շահերին համապատասխան: Թերեւս արժեր տեղում ուղղել Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Սայեդ Ալի Խամենեին: Իհարկե լավ հարեւաններ ենք, իհարկե տնտեսական համագործակցության մակարդակը պետք է բարձրացնել, իհարկե Իրանի եւ Հայաստանի հարաբերությունները պետք է լինեն ամուր, կայուն եւ բարեկամական, սակայն ոչ` ի հեճուկս որեւէ պետության, առավելեւս` ԱՄՆ-ի (ինչպես որ իրանյան լրատվամիջոցներն են մեջբերում Փաշինյան -Խամենեի հանդիպման ժամանակ Խամենեիի ասած խոսքը): Այլ` որովհետեւ Հայաստանն ու Իրանը բնական դաշնակիցներ են, բարեկամ դրացի, իսկ բարեկամ դրացու հետ միայն ու միայն պետք է հարաբերությունները լավագույնս զարգացնել եւ ընդարձակել: Այդ պատճռով հենց երկու երկրներն իրենց հարաբերությունները պետք է ամրապնդեն ոչ թե ինչ-որ երրորդ երկրին ի պատասխան, այլ միայնումիայն փոխադարձ շահերով, ու, հավանաբար, այստեղ հայտնվել ենք Իրանի հոգեւոր առաջնորդի` իր երկրի քաղաքական շահը սպասարկող քարոզչական հնարքի մեջ:
 
Արժեր նրան հասկացնել, որ այդպիսով նա հայկական կողմին վատ վիճակի մեջ է դնում: Իսկ թե Բոլթոնը չի հասկանում հարաբերությունները, կամ` Իրանը ոչ թե ուղղակի հարաբերություններն է ուզում խորացնել տնտեսական նպատակահարմարաությունից ելնելով, այլ քաղաքական պատասխան շխկացնելով ԱՄՆ-ին, որի հետ Հայաստանը նույնպես բարեկամ է` այ, դա մեր օրակարգը չէ, եւ այդ մասին արժեր ակնարկել: Չգիտենք, արե՞լ է դա տվյալ խոսքը հնչելու պահին Փաշինյանը, թե ոչ:
 
Հայաստանի` իրանական գազի տարանցիկ միջանցք դառնալու լուրը գերազանց լուր է, սա այն է, որն այդպես էլ նախորդ իշխանությունները ռիսկ չէին անում սկսել, վախենալով տարածաշրջանային մեծ խաղացողներից: Հայաստանի դիվանագիտությունը պետք է օգտագործի բոլոր առիթները` բացատրելու, որ շրջափակման մեջ գտնվող Հայաստանի իրանյան ուղղությունը ոչ մեկին դեմ չէ ու մեզ օդի-ջրի պես որքան է հարկավոր` մեր երկրի տնտեսությունը հեղձուկից դուրս բերելու համար:
 
Այո, Հայաստանի վարչապետի իրանյան այցը եւ հանդիպումները Իրանի նախագահ Հասան Ռոհանիի, Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի, Իրանի հոգեւոր առաջնորդի հետՙ մեզ համար կարեւոր էին, վաղուց էր պետք այդ հայտարարությունը, թե Հայաստանը պատրաստ է լինել իրնական գազի տարանցիկ երկիր եւ էներգետիկ միջանցք (ընդ որում` եռակողմ` Վրաստանի, ու քառակողմ` Ռուսաստանի ուղղություններով), դրա համար կա քաղաքական կամք` եթե գազի գնի վերաբերյալ բանակցությունները մեր երկրի համար ընդունելի լինեն: Բայց եթե միշտ էլ եղել է, անցյալում էլ իրանական գազի առաջարկվող գնի վերաբերյալ ասվում էր, թե այն փոխշահավետ չէ, հենց դրա համար քայլեր չեն արվել, կարծում ենք` անցյալում այդ հարցում իշխանություններն անկեղծ չեն եղել հանրության առաջ, քանի որ սակագնի շուրջ բանակցությունները հավանաբար կախված են եղել դաշնակից երկրների քաղաքական տարբեր ճնշումներից: Սա ստույգ ճանապարհ է Հայաստանի էներգետիկ եւ գազային ինքնուրույնության ճանապարհին, որին բնականաբար կարող է մի փոքր խեթ նայել մեր ռազմավարական դաշնակիցը: Սակայն փոխշահավետության գործոնի հիմնավորումները նաեւ Ռուսաստանի համար (չնայած հայ-ռուսական ոչ բարենպաստ գազային պայմանագրին եւ ռուսական գազի գնի վերջին թանկացումներին) պետք է դառնան հայկական կողմի պաշտոնյաների ամենօրյա աշխատանքի մասը: Ի վերջո` այսպե՛ս միայն հնարավոր կլինի ոտքի կանգնեցնել Հայաստանի տնտեսությունը: Իսկ ռուսական կողմի արձագանքը կախված կլինի մեր դիվանագիտության որակից: Եթե, իհարկե, այս բոլորը չմնա սոսկ խոսակցությունների մակարդակում, կամ` ռուսական կողմը, տնտեսական ճնշման գործիքներ կիրառելով, հերթական անգամ չսառեցնի Իրանի հետ Հայաստանի գազային եւ էներգետիկ համագործակցության ընդլայնման հեռանկարը: Չնայած այն բանին, որ Ռուսաստան-Իրան` արդեն ստորագրված ազատ առեւտրի համաձայնագիրն արդեն իրողություն է, որն ի վերջո չի կարող իրականանալ առանց ցամաքային տարանցիկ Հայաստանի, եւ համաձայնագրի վավերացումը երկու երկրների խորհրդարանների կողմից կշեշտի նաեւ Հայաստանի դերն այդ առեւտրում, նաեւ զբոսաշրջությունը խթանելու գործիք կդառնա:
 
Հայաստանն իր մոտիկ հարեւանի հետ հարաբերությունները կառուցելիս ի վերջո պետք է կարողանա դուրս գալ միջազգային ճնշումների բեռից` այդ մասին ուղիղ ասելով քաղաքականություն կառուցողներին, որոնց գործողություններն են նաեւ նպաստում Հայաստանի այլընտրանք չունենալուն: Ի վերջո այդ հարաբերությունների խորացումը նաեւ տարածաշրջանային նշանակության են:
 
ԱԺ նախագահը եւս ստանդարտից դուրս եկավ
 
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը Ռուսաստանի Դաշնության Պետդումայի վերին պալատի լիագումար նիստում ավելի շատ նկատվեց այն քննադատության բացվածքով, որով ԱԺ նախագահը կոշտ ձեւակերպում էր արել խորհրդրանականների մակարդակով ռուսական կողմի մասնակցությանը ադրբեջանական քարոզչական հերթական տրյուկին` «Խոջալուի ցեղասպանության» թեմայով: Չուշացավ նաեւ Ռուսաստանում Հայաստանի դեսպանի համանման արձագանքը: Իհարկե, Միրզոյանն իր ելույթում ավանդական մոտեցումների մի փունջ է ներկայացրել ռազմավարական դաշնակցի հետ համագործակցության, ԵԱՏՄ-ի շրջանակում գործակցության` երկկողմանի երթեւեկության փողոց լինելու վերաբերյալ, նշել Մինսկի խմբում Ռուսաստանի համանախագահության կարեւորությունը, եւ այլն: Թե ինչպես կդրսեւորի իրեն ռուսական կողմը, ի պատասխան նրա, որ Միրզոյանը պաշտոնական մակարդակով իրերն իրենց անունով կոչելուց չխուսափեց, հավանաբար երկար սպասեցնել չի տա: Բոլոր դեպքերում ճիշտ է, որ այդ կարգի հարցերում, այդ թվում Արցախի հարցում, երկիմաստությունների տեղ չմնա, իսկ դիվանագիտական լեզու կարելի է բանեցնել բազմաթիվ այլ առիթներով:
 
Մարտի 1-ի սինդրոմ
 
Մենք չհիմնավորված հույս էինք փայփայում, որ մարտի մեկը որպես քաղաքական մահակ օգտագործելու նախկին իշխանության փորձից նոր իշխանությունը միգուցե իմաստնություն կդրսեւորի եւ կհրաժարվի` չսնելով մարդկանց վրեժխնդրության զգացումները, մարտի մեկի լիարժեք (ոչ թե ընտրովի) բացահայտումը ծառայեցնելով միմիայն պետության համար դաս քաղելու համատեքստին, բացառելու համար նման իրավիճակների կրկնությունը: 
 
Սակայն անհիմն մեր հույսն այդպես էլ օդից կախված է մնում`մարտի մեկի երթով կրակը երկու ուղղությամբ բորբոքելու պատճառով, եթե նախորդած «հող չհանձնելու» հակաերթը եւս նկատի առնենք: Ու եթե ավելացնենք նաեւ միայն Ռոբերտ Քոչարյանին (եւ ոչ թե բոլոր երեք նախագահներին) մեղավորության սլաք ուղղելու պարագան: Մինչդեռ` որեւէ իշխանության, այդ թվում` նոր իշխանության շահերից է բխում կրքերի բորբոքման օջախների չգոյությունը երկրում, որքան էլ քաղաքական ենթատեքստը եւ հներին սաստելու առիթը «հուժկու» երթով նպատակահարմար թվան իշխանությանը: Ինչ-որ իշխանություն, վերջապես, պիտի փոխի այս երկրում մշտապես գործածական վրեժխնդրական ձեռագիրը, մանավանդ` դրանից միշտ կարող են օգտվել ե՛ւ Հոկտեմբերի 27-ի, ե՛ւ Մարտի 1-ի ողբերգություններում անշուշտ բաժնեմաս ունեցող արտաքին ուժերը: Բացի այդ, իրոք, արդեն զավեշտալի է դառնում նախկինում հրապարակային իշխանական միջոցառումներին զանգված ապահովող գործարարի նոր «գործունեությունն»` այս անգամ նոր իշխանության դաշտում, դա համարյա պարոնյանական կոմիզմ է եւ արդեն բացասական անդրադարձ ունի այն առումով, եթե երթի կազմակերպումը իր վարկանիշի մակարդակի ստուգման ցուցիչ է նկատում Նիկոլ Փաշինյանը: Մարտի մեկի քաղաքական շահարկմանը պետք է վերջ տալ:
 
Մանավանդ` կառավարության եւ նրա ղեկավարի շուրջ քաղաքական-տեղեկատվական հարայհրոցի պակաս չկա, այնպես է ամեն ասված խոսք հակադարձվում, մանրադիտակի տակ զննվում, որ այդ պայմաններում չվրիպելը հսկայական ջանքեր է պահանջում: Տեղեկատվական հոսքերը սարսափելի են` էլ պետական համալսարանում անհարիր իրավիճակ, էլ լրատվամիջոցներին քաղաքապետարանի կողմից ներկայացված ուլտիմատում, էլ Պետական վերահսկողական ծառայության շուրջ ստեղծված անհասկանալի վիճակ`ՊՎԾ-ԱԱԾ հակադրության տիրույթում: Միշտ պետք է հիշել, որ աղմուկ-աղաղակը, անկախ դրական կամ բացասական ելքից, արժեզրկում է ինստիտուտներն ու կառույցները: Հենց Քաղաքապետի վերջին գործը մնացել էր լրատվամիջոցների զբաղեցրած շենքն ազատե՞լը նրանցից ու ըստ նշանակության օգտագործե՞լը, ավելի առաջնահերթ խնդիրներ չկա՞ն քաղաքում, որ ընկավ ԶԼՄ-ների բերան, որի դեպքում երբեք ԶԼՄ-ները չեն լինում պարտվողը:
 
Եւ առհասարակ` ի՜նչ հոգնեցնող է նախկինների ու ներկաների, նրանց տիրապետած լրատվամիջոցների անվերջ դիմակայությանը հետեւելը, եղբայր, այս երկրում լիքը գործ կա` գզվռտվելը չի նպաստում դրանց լուծմանը:
 
Այս առումով առաջարկ նախկիններին ու ներկաներին`մի քիչ պետական մտածողություն դրսեւորեք, մի մորատորիում արեք, պայմանավորվածություն ձեռք բերեք գոնե մինչեւ սեպտեմբեր դադարեցնելու իրար հանդեպ կոմպրոմատային պատերազմը, զինադադար կնքեք, միմյանց ոչնչացնելու մոլուցքն առայժմ մի որոշ ժամանակ զսպեք, քանի որ պետությունն եք արդեն վարի տալիս: Նոր իշխանությանը, կառավարության ծրագրի ընդունումից հետո, թույլ տվեք աշխատել, ի վերջո` պետությունն է տուժում այդ բոլորից` մի քիչ զսպեք միմյանց վրա տակառ գլորելու գայթակղությունը, գոնե մի երկու ամիս, գուցե մի բան դուրս գա:
 
Իշխանականներ, մի նույնացեք ֆեյսբուքի պատերազմի լաբիրինթոսի հետ, կենտրոնացեք աշխատելու վրա, նախկիններ, վերակազմակերպեք ձեր կյանքը, թողեք շունչ քաշի էս ժողովուրդը ձեր փոխհարձակումներից:
 
Իշխանությունն էլ երթերից, փողոցներից ու սոցիալական ցանցերից վերջնականապես միգուցե կտեղափոխվի աշխատասենյակներ` ոտքերի եւ գլխի աշխատանքը միմյանց հակադարձ են: Թե չէ` ճիշտ դուրս կգա այն տաքսու վարորդը, որն ինձ դառնությամբ ասում էր`«Հերթական անգամ խաբվեցինք»:
 
Հ.Գ.- Թերեւս սպասելի էր ռուսական կողմի արագ արձագանքը Արարատ Միրզոյանի քննադատությանը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ա. Միրզոյանի բարձրացրած հարցը վերաուղղել է այն պատգամավորներին, որոնք մասնակցել են Բաքվի հակահայկական միջոցառմանը, քանի որ ՌԴ ԱԳՆ-ն այդ մասնակցության կազմակերպիչը չի եղել.«Մեր երկիրը հակամարտության խաղաղ լուծման հասնելու հարցում զգալի եւ վճռական ջանքեր է գործադրում, հետագայում եւս այդպես է վարվելու», նշել է նա:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր