Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

01 հուն 2019 10:21

Ինչ-որ բան այն չէ՞. Ին­չո՞ւ էր անտ­րա­մա­դիր Նի­կոլ Փա­շի­նյա­նը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ԵՏՄ վերջին գագաթաժողովը Հայաստանի համար, ըստ ամենայնի, դրական ընթացք չի ունեցել։ Նման դատողության հիմքն ամենեւին էլ չճշտված տեղեկությունները չեն, ինչի մասին անընդհատ բարձրաձայնում են իշխանության ներկայացուցիչները, երբ փաստարկված քննադատում ենք Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը որեւէ հարցում։ Հարցը նույնիսկ այն չէ, որ Փաշինյանին Նուր-Սուլթանում, ըստ էության, «մեկուսացրեցին»՝ բացառությամբ նրա, շքանշաններ հանձնելով ԵՏՄ անդամ բոլոր պետությունների ղեկավարներին։ Սա մի կերպ հնարավոր է վերագրել արարողակարգային անհարթություններին։
Նիկոլ Փաշինյանը հիասթափված է ավելի լուրջ պատճառով, ինչի հետեւանքով ԵՏՄ գագաթաժողովի մասին որեւէ գրառում չարեց անգամ իր ֆեսբուքյան էջում կամ կառավարության վերջին նիստի մեկնարկին հարկ չհամարեց անգամ խոսել Նուր-Սուլթանում տեղի ունեցած հոբել յանական նիստի մասին, որն, ի դեպ, նախագահում էր հենց Հայաստանի վարչապետը։

Կարծում եմ՝ Հայաստանի վարչապետին առավելապես հուզում է այն հանգամանքը, որ չի հաջողվում հաղթահարել հայ-ռուսական հարաբերություններում հեղափոխությունից հետո նկատվող ճգնաժամը։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում Հայաստանն, ըստ էության, զիջեց իր դիրքերը՝ ամիսների ընթացքում այդպես էլ չստանալով Մոսկվայի աջակցությունը, Մարտի 1-ի գործով երկու կարեւոր ֆիգուրանտներ գտնվում են Ռուսաստանում, ու չկա որեւէ հեռանակար, որ նրանք կարտահանձնվեն Հայաստան, ավելին՝ հավաստի լուրերի համաձայն՝ մեր դաշնակից երկրում քաղաքական ապաստան է ստացել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը։
Այս բոլոր փաստերը պատահականություն չեն ու գալիս են լրացնելու Հայաստանի նոր իշխանության հանդեպ Մոսկվայի վերաբերմունքը, որը ջերմ կամ դաշնակցային անվանել ուղղակի հնարավոր չէ։ Նուր-Սուլթանում Վլադիմիր Պուտին-Նիկոլ Փաշինյան հանդիպման հնարավորության մասին ամենեւին էլ նախկինները կամ ընդդիմադիր մամուլը չէին հայտնել, այդ լուրը շրջանառու էր դարձրել Ռուսաստանի խորհրդարանի Վերին պալատի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, որից հետո տիրաժավորվել էր Հայաստանի իշխանության ներկայացուցիչների կողմից։ Նուր-Սուլթանում այդ հանդիպումը, սակայն, չկայացավ ու առնվազն անհասկանալի է իշխանության ներկայացուցիչների «մուննաթը» մամուլի ու ընդդիմության վրա։
Իհարկե, հայտնի ճշմարտություն է՝ լավագույն պաշտպանությունը հարձակումն է, սակայն կարծում եմ՝ այս դեպքում իշխանությունները պետք է պատասխան տան, թե ինչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում, ինչո՞ւ են դրանք կորցրել իրենց բնականոնությունը, ինչը կարող է լուրջ մարտահրավերներ ստեղծել Հայաստանի անվտանգության համար, նաեւ՝ ԼՂ կարգավորման գործընթացում։ Իշխանությունները շարունակում են լռել, սակայն ակնհայտ է, որ Պուտինին սիրաշահելու քաղաքականությունը սպառել է իրեն, որովհետեւ վարչապետի հրապարակային հռետորաբանությունն, ըստ էության, կապ չունի իրական քաղաքականության հետ, որի հետեւանքով հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամը միայն խորանում է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր