Ստամբուլում հայ կնոջ դանակահարության դեպքի մասին.այնտեղ բնակվող հայերի նկատմամբ հարձակումները հնարավոր է նոր բնույթ ստանան

Ermenihaber.am-ի հետ զրուցել է թուրքագետ Էլեն Քոքչյանը՝ մեկնաբանելով Ստամբուլում տեղի ունեցած դանակահարության դեպքը:
«Հարկ է նշել, որ նման դեպք Թուրքիայում առաջին անգամ չէ, որ տեղի է ունենում: Իհարկե, եղել են դեպքեր, երբ Թուրքիայում Հայաստանի քաղաքացիները վիճաբանության մեջ են հայտնվել ազգությամբ թուրքերի հետ, որի հետևանքով սպանվել են:
Սակայն Արփինեի տան վրա կատարված հարձակումը մի փոքր այլ է և այն հիշեցնում է Թուրքիայում տեղի ունեցած 1955թ. սեպտեմբերի 6-7-ի դեպքերը, երբ մոլեռանդ թուրք ազգայնական ամբոխի թիրախում հայտնվեցին ոչ մուսուլման փոքրամասնությունները` հույները, հայերը և հրեաները:
Պետք է նկատել, որ թուրք ազգայնականները ծրագրված հարձակումից առաջ մանրակրկտորեն պատրաստվում են:
Սեպտեմբերի 6-7-ի պոգրոմից առաջ ազգայնականները Ստամբուլում և Իզմիրում հույների և հայերի տների վրա գրություններ են թողնում` նշելով ոչ մուսուման հույն, ոչ մուսուլման հայ, խաչեր պատկերում, որով կարողանան իրարից հեշտությամբ զատել քրիստոնյաների և մուսուլմանների տները: Ինքնին հասկանալի է, որ այդ գործողությունները թուրքական իշխանությունների կողմից պետք է «ինքնաբուխ» որակվեին:
Երկու ամիս առաջ Արփինեի` Ստամբուլի Սամաթիա թաղամասում գտնվող տան դռան վրա նույնպես «հեռացեք անհավատներ» գրությունն էր թողնվել և ինչպես Պոլսո հայոց պատրիարքարանի հոգևորական Զաքեոս Օհանյանն է փոխանցել, տան պատին նաև խաչ է գծված եղել:
Վերջին շրջանում Ստամբուլում հայկական եկեղեցիների, գերեզմանոցների պատերին պարբերաբար հայտնվում են ազգայնական բնույթի վանդալիստական գրառումներ, երբեմն նաև գրաֆիտիներ:
Իսկ ինչ վերաբերում է «սա սկիզբն է» սպառնալից գրությանը, ապա չպետք է բացառել, որ Ստամբուլում բնակվող հայերի նկատմամբ հարձակումները հնարավոր է նոր բնույթ ստանան: Ակներև է հատկապես այն փաստը, որ դեռևս նախորդ ամիս կրկին Հայաստանից մեկնած և Ստամբուլում բնակություն հաստատած մեկ այլ հայ ընտանիք թուրք կրոնամոլի թիրախում հայտնվեց: Խոսքը վերաբերում է թուրքական հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ առանց ծնողների համաձայնության թուրք աստվածաբանի կողմից 13-ամյա հայ տղայի «կրոնափոխությանը»:
Այս ամենը թույլ է տալիս պնդելու, որ թուրք ազգայնականների որդեգրած վարքագիծը «անհավատների»` քրիստոնյաների և մասնավորապես հայերի նկատմամբ շարունակում է պահպանել իր արդիականությունը:
Սա ևս մեկ ապացույց է այն բանի, որ թեև արդի շրջափուլում հասարակություներում հետզհետե փոխվում է գիտակցական մակարդակը, անջատողականությունն ու ռասիզմը քիչ-քիչ դուրս են մղվում և իրենց տեղը զիջում խաղաղամտությանը, այնուամենայնիվ, թուրք ազգայնամոլների համար շրջադարձային որևէ փոփոխություն չի գրանցվել: Նույն է, եթե այդ շերտին բնորոշենք հետևյալ ասացվածքով.
«Գելի գլխին Ավետարան են կարդում, ասում է՝ շուտ արե՛ք, ոչխարը սարովն անցավ»: