Բաքուն հասկացնում է՝ կդիմի պատերազմի, եթե չընդունվեն ադրբեջանական մոտեցումները. ինչո՞ւ չի հնչում Երևանի համարժեք պատասխանը.«Փաստ»

Բաքվի նման հռետորաբանությունն ամենևին էլ նորություն չէ: Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները բանակցությունների մասին սովորաբար խոսում են հատվածաբար՝ դրանք ներկայացնելով խեղաթյուրված կամ անդրադառնում են միայն այն դրվագներին, որոնք իրենց ձեռնտու են: Մամեդյարովի սկանդալային հարցազրույցը հենց այդ շարքից է, սակայն նույնիսկ Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսքի տողատակից հասկանալի է, որ ԱՄՆ մայրաքաղաքում կողմերը որևէ էական համաձայնության չեն հանգել, այլ խոսել են որոշ սկզբունքների մասին, որոնց շուրջ, ըստ ամենայնի, որևէ համաձայնության չեն եկել:
Միևնույն ժամանակ, նույնիսկ անզեն աչքով նկատելի է, որ Բաքուն վերադարձել է շանտաժի քաղաքականությանը, երբ միջազգային հանրությանն, ըստ էության, հասկացնում է, որ կդիմի պատերազմի, եթե չընդունվեն ադրբեջանական մոտեցումները: Եթե Մամեդյարովն այս մասին խոսում է ակնարկով, ապա Ադրբեջանի նախագահն արտահայտվում է անհամեմատ ոչ դիվանագիտական լեզվով:
Հայաստանի ԱԳՆ խոսնակը օրեր առաջ հերքել էր Մամեդյարովի պնդումները, նախօրեին էլ թեմային անդրադարձել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
Մնացականյանը հայտարարել է, որ ինքը հիմնվում է Մամեդյարովի՝ հունիսի 24-ին «ԱզերԹաջ»-ին տված հարցազրույցի վրա:
Մնացականյանը շեշտել է, որ Հայաստանի համար գերակա խնդիր են մնում Դուշանբեի պայմանավորվածությունները: «Դուշանբեն պետք է դառնա նաև «Դուշանբե պլյուս», որովհետև իրադրությունը և լարվածությունը ի ցույց բերեցին, որ կարող ենք ամբողջովին սխալ ուղղությամբ գնալ: Եվ այդ առումով, երբ որ մենք ունենք զոհեր և մենք ունենք զինադադարի խախտումներ, բնականաբար, ընդգծվում է կարևորությունը այնպիսի գործառույթների, ինչպիսին են, օրինակ, զինադադարի խախտման հետաքննության մեխանիզմները և այդ մոնիտորինգի կարողությունների ուժեղացումը: Մեզ համար շատ էական են առաջին հերթին հենց այդ բովանդակային գործիքները, որոնց գաղափարը կա և որոնց շուրջ անհրաժեշտ է աշխատել, և որոնք ուղղված են մեկ կարևոր նպատակի՝ պահպանել միջավայրը, որը նպաստում է խաղաղ գործընթացին»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը:
Հայկական կողմի օրակարգն ակնհայտ է, սակայն, կարծում եմ, Հայաստանի ԱԳՆ նախարարի պատասխանն այնքան էլ համարժեք չէ, մանավանդ, որ Մամեդյարովը խոսել է կոնկրետ փաստերի մասին, որոնք տակավին չեն մեկնաբանվել կամ հերքվել նաև միջնորդների կողմից»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: