Շարմազանովը Փաշինյանին համեմատեց Հիտլերի հետ.Հրայր Թովմասյան, Ռոբերտ Քոչարյան, Արսեն Բաբայան

«Փաշինյանը շատ է սիրում համեմատվել մեզ հետ: Ապրիլյան պատերազմից հետո համանախագահները և հայկական կողմերի պնդմամբ առաջացավ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի օրակարգը, ինչը դեղին քարտ էր Ադրբեջանին: Այդ ժամանակ մենք ունեիք կոնսենսուս մինուս մեկ: Նիկոլ Փաշինյանը հորով մորով արեց այդ օրակարգերը, որոնք չկան: Դրա փոխարեն եկավ Միլանի հայտարարությունը, որտեղ կա արդար լուծման մասին խոսք ու բացակայում է ժողովուրդների ինքնորոշոման իրավունքի թեզը: Արդար լուծումը Երևանում ու Ադրբեջանում այլ կերպ են հասկանում: Եվ ամենակարևորը, եթե ապրիլյանից հետո բոլորը մեղադրում էին Ադրբեջանին, հիմա արդեն մեղադրում են Հայաստանին բանակցություններն ապակառուցողական հունով տանելու մեջ: Սա քարտ բլանշ է Ադրբեջանին, ինչի մեղավորը Հայաստանի այսօրվա իշխանություններն են»:
Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դարձնում է դիկտատորական, տոտալիտար երկիր`հայտարարեց Էդուարդ Շարմազանովը:
ԱԺ նախկին փոխխոսնակի խոսքերով, ֆաշիզմի լավագույն ավանդույթների համար, Փաշինյանը մի բան ասում է, մեկ այլ բան անում. «Ադոլֆ Հիտլերը ժամանակին ասում էր, որ իր շարժումը քրիստոնեական է: Նիկոլ Փաշինյանն ասում է՝ սեր և համերաշխություն: Նա ասում էր, որ վենդետա չի լինելու: Իսկ հիմա բոլոր նրանք, ովքեր չեն կզում Նիկոլ Փաշինյանի թիմի տակ, դառնում են քաղաքական հետապնդման զոհ: Մենք գործ ունենք Հրայր Թովմասյանի, Ռոբերտ Քոչարյանի, Արսեն Բաբայանի գործերի հետ»:
Շարմազանովը համոզված է, որ Բաբայանի ձերբակալությունը «Հրայր Թովմասյան» օպերացիայի հերթական սերիան է. «Սա բացահայտ հոգեբանական ճնշում է ՍԴ նախագահի վրա ու շինծու է: Մանավանդ երեկ մենք իմացանք, որ հոդվածը, որով Բաբայանը մեղադրվում է, գտնվում է ամնիստիայի տակ»: