Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել    

03 նոյ 2018 18:52

Նիկոլ Փաշինյանն ազատվեց Սերժ Սարգսյանի օրակարգից

Տարածաշրջան այցի արդյունքով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից հետո նախկին իշխանության տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում օրինակ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը քննադատել է նոր իշխանությանը Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի օրակարգից շեղվելու, այդ օրակարգը կորցնելու կապակցությամբ:
Ուշագրավն այստեղ այն է, որ այդ քննադատությունը կամ ընդդիմախոսությունը չէր հնչում Սերժ Սարգսյանի հասցեին, որն օրինակ Սանկտ-Պետերբուրգից գրեթե մեկուկես տարի անց Ժնեւի հանդիպմանը եւ դրանից հետո որեւէ խոսք չի ասել Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի մասին, եւ դրա որեւէ հիշատակում չեն արել նաեւ համանախագահները: Ավելին, Սերժ Սարգսյանը նույնիսկ Սանկտ-Պետերբուրգում որեւէ կերպ չէր խոսել Վիեննայի մասին:
Համենայն դեպս Սանկտ Պետերբուրգի եռակողմ՝ Պուտին, Սարգսյան, Ալիեւ հանդիպումից հետո ամփոփիչ հայտարարության մեջ որեւէ խոսք չկար Վիեննայի օրակարգի մասին: Վիեննան տեղի էր ունեցել ապրիլյան քառօրյա պատերազմից մեկ ամիս անց, ԱՄՆ հովանու ներքո, որտեղ Վաշինգտոնն առաջ էր մղել շփման գծում հրադադարի խախտման հետաքննության միջազգային մեխանիզմ ներդնելու հարցը: Հարց, որ ԱՄՆ փորձել էր առաջ քաշել դեռեւս ապրիլի քառօրյայից առաջ, եւ դրանից հետո Ադրբեջանի ձախողված սադրանքը տվել էր Բաքվին այդ մեխանիզմը պարտադրելու քաղաքական պատեհություն:
Սանկտ-Պետերբուրգում Պուտինը Բաքվին փորձեց հետ պահել այդ պատեհությունից, դրանում տեսնելով Արցախի հակամարտության կառավարման մենաշնորհի սպառնալիք: Սանկտ-Պետերբուրգի ամփոփիչ հայտարարության մեջ Վիեննայի մասին խոսք չկար, եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը կոշտ հայտարարություն արեց Վիեննայի օրակարգի առաջնահերթության մասին:
Մեկուկես տարի անց Ժնեւում արդեն չկար թե Սանկտ-Պետերբուրգ, թե Վիեննա, համենայն դեպս հայտարարություններում: Բայց չկար այն շրջանակից որեւէ ձայն, որն այժմ Փաշինյանին է մեղադրում Վիեննայից եւ Սանկտ-Պետերբուրգից շեղվելու եւ Դուշանբե նախաձեռնելու համար:
Գործնականում, Վիեննայից եւ Սանկտ-Պետերբուրգից շեղվել էր Սերժ Սարգսյանը, կամ ավելի շուտ որեւէ կերպ չէր դիմադրել դրանից շեղմանն ու երկու օրակարգն էլ չեղարկելու համանախագահների փոխհամաձայնությանը: Այստեղ խնդիրն իհարկե բազմաշերտ է, եւ ակնառու էր, որ Վիեննան ու Սանկտ-Պետերբուրգը մոռացվել են, եւ նաեւ հենց դրա շնորհիվ է, որ կազմակերպվել է Սարգսյան-Ալիեւ երրորդ հանդիպումը, որը Սանկտ-Պետերբուրգից հետո չէր ստացվում մեկուկես տարի:
Չէր ստացվում, որովհետեւ համանախագահ երկրները չէին պայմանավորվում հետապրիլյան իրավիճակի քաղաքական կառավարման թեկուզ ժամանակավոր սկզբունքների հարցում: Ի վերջո, այդ պայմանավորվածությունը եղավ Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի օրակարգի չեղարկման հաշվին, ինչից հետո եղավ Ժնեւը, որն արձանագրեց գործնականում նոր իրողություն: Ժնեւը Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի շարունակությունը չէր, այլ նոր իրավիճակի մեկնարկ:
Իրավիճակ, որը բնորոշվում էր Հայաստանի եւ Ադրեջանի համար «ընտրական» 2018 թվականով: Հայաստանում ֆորմալ առումով չկար ընտրություն՝ Սերժ Սարգսյանը պետք է նախագահի պաշտոնից տեղափոխվեր վարչապետի աթոռին, իսկ հոկտեմբերին նախատեսված էր Ադրբեջանի նախագահի ընտրություն:
Հասկանալի է, որ արցախյան գործընթացը չէր կարող չենթարկվել այդ ներքին տրամաբանություններին: Ժնեւից կարճ ժամանակ անց սակայն Ալիեւը հանկարծ որոշեց հոկտեմբերի ընտրությունը վեց ամսով տեղափոխել առաջ՝ անցկացնել ապրիլին: Իրադարձություններն արտահերթ ընթացք ստացան նաեւ Հայաստանում, ապրիլին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, իսկ դեկտեմբերին արդեն Հայաստանում է արտահերթ ընտրություն:
Ժնեւը Սերժ Սարգսյանի անձնական օրակարգի սպասարկումն էր, ինչին նա գործնականում զոհաբերեց Վիեննան ու Սանկտ-Պետերբուրգը, այսինքն չդիմադրեց այդ օրակարգի չեզոքացմանը: Դուշանբեն Նիկոլ Փաշինյանի քայլն էր՝ գործընթացը Սերժ Սարգսյանի անձնական օրակարգից դուրս բերելու եւ լիովին նոր օրակարգ տեղափոխելու ուղղությամբ:
Աղբյուր՝ lragir.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր