Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է    

14 հուն 2020 12:16

Շուրջբոլորը դիակներ էին … հղի կնոջ փորը կտրել էին, երեխային դուրս հանել, ականջները կտրել, որ ադամանդե օղերը վերցնեին.Բաքվում հայերի ջարդերի ականատեսներ

1988 թ. վերսկսվեցին Բաքվի հայկական բնակչության դեմ իրականացվող ջարդերը, որոնք իրենց կազմակերպվածությամբ և ընթացքով հիշեցում էին 1905 և 1918 թթ. Բաքվի հայերի կոտորածները: Հայկական բնակչության դեմ ջարդերի նոր ալիքը իր գագաթնակետին հասավ 1990թ. հունվարի 13-19-ին: 1988-1990 թթ. Բաքվում սպանված և ջարդերի հետևանքով մահացած հայերի թիվը հասնում է առնվազն 500-600-ի, իսկ երեք խոշոր ջարդերին զոհ է գնացել շուրջ 30 հազար հայ:


Առկա փաստական տվյալներն ու ականատեսների վկայությունները ցույց են տալիս, որ ջարդերը կանխամտածված էին և նախապես ծրագրված: 1990թ. հունվարի ջարդերի սարսափը վերապրել է նաև Ավչիյանների ընտանիքը: Սուսաննա և Լիլիանա Ավչիյան քույրերը հիշում են, որ Սումգայիթից [1988 թ. փետրվարի 27-29-ի ջարդերից] հետո հայերի հանդեպ վերաբերմունքը կտրուկ փոխվել էր, նույնիսկ հարևանների կողմից. հայերին վիրավորում էին, պատշգամբ ձվեր նետում, հետապնդում, դպրոցում կեղծ պատրվակներով մեղադրում ու պահանջում չքվել քաղաքից:

Հունվարի 13-ին քույրերն ու նրանց մայրը՝ Սվետլանա (Սվետա) Ավչիյանը, պատրաստվում էին գնալ մոր ընկերուհու մոտ՝ հին Նոր տարին նշելու, երբ հանկարծ դուռը թակում են և գոռում. «ո՞ւր են հայերը, ո՞ւր են այդ հայերը: Մենք գիտենք, որ այս բակում շատ հայեր կան»: Սվետան ամբողջ ուժով պահում է փայտե դուռն ու բղավելով պահանջում դուստրերին փախչել: Քույրերը դժվարությամբ կարողանում են բարձրանալ պատուհանագոգին և դուրս ցատկել բակ` հուսալով, որ իրենց հետևից դուրս է գալու նաև իրենց մայրը. բայց նրան չի հաջողվում: Քույրերից Լիլիանան հիշում է, որ մինչև նկուղ իջնելը իրենք թակել են բոլորի դռները, բայց ապարդյուն. թե՛ ռուս կանայք, թե՛ երկար տարիներ ադրբեջանցու հետ ամուսնացած հայ տարեց կինը վախեցել են և հրաժարվել նրանց թաքցնել:
Այդ ժամանակ 14-ամյա Սուսաննան և 12-ամյա Լիլիանան, այլ ելք չունենալով, ստիպված են եղել որոշ ժամանակ թաքնվել սարսափելի մի նկուղում՝ մինչև ծնկները ջրի մեջ խրված և մետաղալարերի արձակած կայծերից սարսափահար: Մինչ քույրերը վախով սպասում էին, որ փողոցում մթնի և վտանգը փոքր-ինչ անցնի, վերևից ճիչ ու աղաղակներ են լսում: Սուսաննան հատկապես հիշում է ջարդարարներից մեկի խոսքը. «նրա ատամները ոսկյա են, ե՛կ պոկենք ատամները»:
Քույրերը, հետևելով իրենց մոր՝ «ինչ էլ պատահի, փախե՛ք և իմ հետևից չվերադառնա՛ք» հորդորին՝ միայն գիշերը 12-ի մոտ դուրս են գալիս նկուղից ու ուղևորվում Սուսաննայի դպրոցական ընկերուհու՝ Ռայայի տուն: Ինչպես հիշում է Սուսաննան, ճանապարհին իրենց շուրջը դիակներ էին. և՛ մերկ, և՛ առանց գլխի, և՛ մասնատված:
«Շուրջբոլորը դիակներ էին … Ժորա հորեղբայրը երրորդ հարկում էր ապրում, պրոֆեսոր էր, նրան պատշգամբից էին նետել: Իսկ հետո երեխաները, երեխաները նրան դանակներով էին հարվածում: Հղի կին տեսանք… նրա փորը կտրել էին, երեխային դուրս հանել, ականջները կտրել, որ ադամանդե օղերը վերցնեին: Մենք այդ ամենը մեր աչքերով ենք տեսել, այնքան սարսափելի էր… Չէ՞ որ մենք դեռ երեխաներ էինք, և ահա մեր աչքերի առաջ նման բան էր կատարվում»,- հիշում է Սուսաննան:
Մյուս փողոցներում ևս նրանք ականատեսել են եղել նույն սարսափելի պատկերին. «Ամբողջ փողոցը ծածկված էր դիակներով, շուրջբոլորը հրդեհ էր, աղաղակներ, մերկ, կիսամեռ և մահացած կանայք: Նույնիսկ նրանք, ովքեր պաշտպանում էին հայերին, ծեծում էին… Այդ ավազակներն այնպիսի հայացքներ ունեին, կարծես նոր էին դուրս եկել բանտից և սպանության, արյան ծարավ էին… Առաջին անգամ ես տեսա՝ ինչպես են ինչ-որ մեկին բռնաբարում… դա տարեց կին էր, նույնիսկ դժվար էր հասկանալ՝ քանի տարեկան էր նա: Մեկը բռնաբարում էր, իսկ մյուսները կանգնել և նայում էին, հետո նրանք… Խմբակային բռնաբարություն էր»,- պատմում է Սուսաննան:
Հասնելով Ռայայի տուն, Սուսաննան Լիլիային թողնում է այնտեղ և որոշում գնալ մոր հետևից: Ռայան նույնպես միանում է նրան: Բակ հասնելով՝ նրանք պատուհանից ներս են մտնում և նրանց առջև բացվում է սարսափելի տեսարան. ամենուր արյուն էր: Սուսաննան չի կարողանում գտնել մայրիկին: Նա ցանկանում էր գոնե մարմինը գտնել…
Մոր փնտրտուքները Սուսաննային տարել են դեպի նրա աշխատավայր, որտեղ տեղեկացել է, որ Սվետայի ղեկավարը, իր կնոջից տեղեկանալով հայերին մորթելու մասին, իրենց տուն է գնացել ու փրկել նրան:
«Մայրիկի մասին հետո թերթերում գրում էին: Նրա անունը Սվետլանա Ավչիյան էր: Ղեկավարը փաստացի փրկել էր նրան: Նա այդ ժամանակ չէր հիշում ով է ինքը, ինչ է պատահել իր հետ: Նրան ուժեղ ծեծել էին՝ մինչև ուղեղի ցնցում ստանալու աստիճանի, դեմքն ամբողջովին կապտուկների, վերքերի մեջ էր, նրան անհնար էր ճանաչել: Մեր մայրը շատ գեղեցիկ կին էր: Իսկ ահա՝ շուրթերը ուռած, քիթը կոտրված, աչքերը չեն բացվում, նա գրեթե համրացել էր, այնքան էին նրա ականջին խփել, որպեսզի ականջօղերը հանեն: Նույնիսկ ցանկացել են ականջները կտրել»,- հիշում է Լիլիանան:
Այս տանջանքներից հետո Սվետան երկար ժամանակ չի կարողացել ուշքի գալ: Մինչ օրս Սուսաննան հիշում է, ինչպես էին պինցետով իր մոր մարմնից հանել ծխախոտի մնացորդները, որոնք ջարդարարները վառվող վիճակում մտցրել էին նրա մարմնի մեջ, որպեսզի մարեն: Սվետան ամբողջ կյանքում միայն երկար զգեստ է կրել, քանի որ նրա ամբողջ մարմինը դանակով կտրել էին և ամենուր սպիներ էին… «Նա չէր կարողանում մոռանալ դա, գիշերներով չէր քնում: Նա պատմում էր՝ քանի մարդ է իրեն բռնաբարել, երբ մտածել են մահացած է… Նա շատ էր փոխվել, դարձել ինքնամփոփ: Սկզբում նա ամբողջովին այն մարդը չէր, որին մենք գիտեինք: Չէ՞ որ նա միշտ կենսուրախ էր…», – նշում է Սուսաննան:
Ի վերջո, Ավչիյան ընտանիքին հաջողվել է հասնել Միացյալ Նահանգներ: Սուսաննան ասում է. «Եվ այդ ժամանակից սկսած մենք չենք նշել Նոր տարին»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր