Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

11 փետ 2020 11:15

723 երեխայի մուտքը կրթական հաստատություններ արգելվել է. համաճարակ կա՞

Առավոտյան ժամը 8:00-ից դպրոցներում եւ մանկապարտեզներում բույժքույրերը մուտքի մոտ են, հետո նաեւ դասասենյակներում. զննում են երեխաներին եւ գրիպի կամ այլ ախշտանիշի դեպքում միանգամից բուժկետ ուղեկցում:
Երեւանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Մշտադիտարկման հետեւանքով 723 երեխայի մուտքը կրթական հաստատություններ արգելվել է:

«Համաճարակաբանական «զտում» են անում՝ առաջին հերթին արտաքինից զննելով երեխաներին, հետո նաեւ ջերմաչափում է արվում: Եթե երեխան վատառողջ է, ապա ծնողներին կանչում ենք, որ նրան տուն տանեն՝ նա դասասենյակ չի բարձրանում», - նշում է Խ. Աբովյանի անվան հ 2 հիմնական դպրոցի բույժքույր Նաիրիա Ջուլֆայանը:
Օրեր առաջ Երեւանի հ.8 դպրոցում լուրեր տարածվեցին, թե աշակերտների մեջ խոզագրիպով՝ H1N1-ով վարակվածներ կան: Տեղեկատվությունը խուճապի մատնեց թե երեխաներին, թե ծնողներին: Դրա պատճառով այսօր մի շարք դասարաններ դատարկ կամ կիսադատարկ են: Մինչդեռ 2010 թվականից H1N1 համարվում է մարդու համար սեզոնային գրիպի հարուցիչ եւ այլեւս ՉՈՒՆԻ համավարակ առաջացնելու ներուժ:
«Ծնողներից մեկը զանգահարել էր «Թեժ գիծ» ծառայություն, այնուհետ նաեւ լրատվամիջոցներին: Տարածված տեղեկատվությամբ մեծ խուճապ առաջացավ», - ասում է դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանը:
Աշակերտները պատմում են, որ ուրբաթ օրը բացականեր քիչ են եղել, իսկ այսօր իրենց դասընկերներից շատերը չեն եկել, որովհետեւ նրանց ծնողները մտավախություն են ունեցել, որ կվարակվեն մյուսներից:
«Միանշանակ որեւէ համաճարակային իրավիճակ չկա: Ինչպես յուրաքանչյուր տարի՝ այս սեզոնին դիտվում է սուր շնչառական վարակների աշխուժացում: «Խոզագրիպ» եզրույթ չկա, կան գրիպի մի քանի տեսակներ՝ Ա, Բ, իսկ H1N1-ը ընդամենը ենթատեսակ է, որի պատճառով չի կարող խուճապային իրավիճակ ստեղծվել», - նշում է ՀՀ առողջապահության նախարարության ՀՎԿԳ ոչ վարակիչ հիվանդությունների եւ ներհիվանդանոցային վարակների կանխարգելման բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը:
Այսօրվա տվյալներով երկրում սուր շնչառական վարակներով բացակայությունը կազմել է 3,8%, Երեւանում այս ցուցանիշը 15,9% է: Հատուկենտ կրթական կազմակերպություններում արձանագրվել են սուր շնչառական վարակներով բացակայության բարձր ցուցանիշներ: Ամենից շատ բացակայել են Կենտրոնի դպրոցներում, հատկապես՝ տարրական դասարանների աշակերտները:
«Գնահատական տալ, որ բոլորը բացակաները հիվանդ են, չենք կարող, որովհետեւ բժշկական տեղանքով, օրինակ, 800-ից 100-ն են վատառողջ: Իհարկե, կան նաեւ ծնողներ, որոնք չեն դիմել բժշկի, սակայն շատ դեպքերում ծնողները խուսափում են երեխաներին դպրոց կամ մանկապարտեզ տանել, որպեսզի չվարակվեն», - պարզաբանում է Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը:
Բժիշկները խորհուրդ են տալիս՝ ուշադիր լինել հիգիենային. հաճախ լվանալ ձեռքերը, օդափոխել սենյակները:
Գրիպի դեմ պայքարի արդյունավետ միջոցը պատվաստումն է: Բոլոր պոլիկլինիկաներում այն կատարվում է անվճար:
Պոլիկլինիկաներում այս օրերին դիմողների կտրուկ աճ չեն նկատում: Հերթապահել են նաեւ շաբաթ-կիրակի: «Արաբկիր» մանկական պոլիկլինիկա դիմել է 6 հոգի, գրանցվել 2 կանչ:
Եղանք նաեւ մանկական հիվանդանոցում: Սուր-շնչառական վարակով հիվանդներ ունեն, գրեթե այնքան, որքան ամեն տարվա այս նույն ժամանակահատվածում:
«Միջին ստանդարտ տեմպերով ընդունում եւ դուրս ենք գրում երեխաներին: Չեմ կարող ասել, որ հիվանդացության կտրուկ աճ կա», - ասում է «Արաբկիր» ԲԿ մանկաբույժ Գեւորգ Բոյաջյանը:
Եթե, այնուամենայնիվ, հիվանդացել եք, ապա ինքնաբուժությամբ զբաղվելու փոխարեն պետք է առաջնահերթորեն դիմել պոլիկլինիկա՝ բժշկի: Կարեւոր է նաեւ գրիպի առկայության դեպքում երեխաներին դպրոց կամ մանկապարտեզ չտանելը:
Երեւանի քաղաքապետարանը վստահեցնում է՝ իրավիճակը վերահսկելի է, ուսումնական գործընթացն էլ կազմակերպվում է բնականոն հունով: Մասնագետները հորդորում են ծնողներին՝ եթե երեխան առողջ է, ապա պետք է հաճախի կրթական հաստատություն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր