Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

24 ապր 2020 17:56

Ապրիլը միշտ չեմ սիրել ծանր ու կորուստներով է հայերիս համար, անհամբեր սպասենք մայիսին, քանի որ այն մեր հաղթանակների ամիսն է

Ապրիլը միշտ չեմ սիրել ծանր ու կորուստներով է հայերիս համար, անհամբեր սպասենք մայիսին, քանի որ այն մեր հաղթանակների ամիսն էHayacq.com-ի հարցազրույցը քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանի հետ 
 
-Ինչպե՞ս է հաղթահարում քանոնահար Մարիաննա Գևորգյանը համավարակի արտակարգ դրությունը։
-Գլխավորը, յուրաքանչյուր իրավիճակում շուտ և ճիշտ կողմնորոշումն է: Հայ ժողովուրդը այնքան դաժան ու դժվարին ճանապարհ է անցել, որ սա էլ կհաղթահարի, կարծում եմ արտասահմանցիներն ավելի մեծ խուճապի ու սթրեսի մեջ են: Կցանկանամ շուտ դուրս գանք այս իրավիճակից՝ հնարավորինս քիչ վնասներով: Միակ վախս այն է, որ կհայտնվենք ծանր ֆինանսական ճգնաժամում և սա այն պահն է, որ պետությունը պետք է հնարավորինս իր ժողովրդին օժանդակություն ցուցաբերի:
Այս ընթացքում  փոխել եմ իմ ապրելու ոճը, քանի որ վաղվա օրը չգիտեմ բոլոր ուժերս կրկնապատկել եմ, գնահատում եմ յուրաքանչյուր պահը, և փորձում եմ ի հօգուտ ինձ ու արվեստի օգտագործել այս պահը: Շատ կարևորում եմ ընտանիքում սիրո, ջերմության հարգանքի մթնոլորտը:
 
Ամենադժվարը արվեստագետի համար սահմանափակ պայմաններն են, բայց ես լինելով ակտիվ մարդ  տանը փակված լինելը կալանքի չեմ վերածում։ Առավոտյան արթնանում եմ ծիտիկների քաղցր ու անուշ  դայալայից, որոնք ապրում են պատուհանիս մոտ, որոնցից մի քանիսի հետ արդեն բարեկամացել եմ: Ինչպես նաև սա ամենալավ ժամանակահատվածն է, որ կարող ես լրացնել բոլոր բացերը, բազմաթիվ հայկական ավանդական և ժամանակակից ուտեստներ ենք սովորել պատրաստել ու ամենակարևորը ընտանիքի բոլոր անդամներով։ Փորձում եմ դրական մթնոլորտ ապահովել մշտական կենդանի երաժշտություն հնչեցնելով: Կարծում եմ մեծ դեր ունի նաև կոկիկ ու վառ գույներով հագնվելը տանը, որպեսզի ակնահաճո լինես: 
 
-Գրքեր, որոնք ընթերցում է Մարիաննա Գևորգյանը և առաջարկում է կարդալ ընթերցասեր հասարակությանը:
-Անկախ այս համավարակային իրավիճակից` ես միշտ ընթերցում եմ և ցանակալի է, որ մարդիկ միշտ ընթերցեն: Մեր տանը ունենք  գրադարան, յուրաքանչյուր գիրք շատ թանկ է ու իր պատմությունն ունի: Հիշողությանս մեջ հատկապես վառ տպավորված է մութ ու ցուրտ տարիներին, երբ ոչինչ չկար, բայց իմ ծնողները, անգամ այդ դաժան տարիներին, գնում էին գրքեր ու ամբողջ գիշեր մոմի լույսի տակ ընթերցում: 
 
Սերը գրքերի ու ընթերցանության հանդեպ ծնողներիցս է: Կարելի է ասել գիրքն իմ ընկերն է, շատ եմ սիրում գրքի հոտը,  էջի թերթումը, չեմ սիրում ինտերնետային տարբերակով ընթերցելը:
Բազմաթիվ գրքեր եմ նվեր ստացել հեղինակներից, որոնց մեծ մասը չէի հասցրել ընթերցել և այս պահը շատ լավ օգտագործեցի բացը լրացնելու համար:
Ինչ վերաբերվում է, թե ի՞նչ խորհուրդ կտամ, գիտեք չեմ ուզում առանձնացնել որևէ գիրք, միայն կասեմ տանը ինչ գիրք ունեք, այն էլ կարդացեք, թեկուզ` վերընթերցեք:
 
-Ի՞նչ ֆիլմեր կամ հեռուստածրագրեր եք դիտում:
-Ճիշտն ասած ես ավելի շատ նախընտրում եմ կենդանի դիտել ներկայացումները, սիրում եմ թատրոն, օպերա, համերգներ, բայց քանի որ արտակարգ դրության պայմաններում ենք հայտնվել, հեռաստացույցով եմ դիտում, սակայն այն զգացումները չես ունենում ինչ իրականում: 
Ինձ շատ հետքրքրիր են այն ֆիլմերը, որոնք նշանավոր, հանճարեղ մարդկանց կյանքի մասին են: Կառանձնացնեմ Էդիտ Պիաֆի «Վարդագույն կյանքը» ֆիլմը:
 
-Մարիաննա, ձեր համամարդկային կերպարով, այս շրջանում բավականին ակտիվ եք ու մեծ դրական էներգիա եք վիրտուալ դաշտով փոխանցում ձեր երկրպագուներին, ի՞նչ ուժ է ձեզ առաջ մղում:
-Արվեստի ուժն է, ազգային երաժշտության ու նվագարանի ուժն է: Մայրության և գեղեցկության տոնի առթիվ Կամերային երաժշտության ազգային կենտրոնից հրահանգ ունեինք դրսից հանդես գալ  երաժշտական կատարումներով՝ որպես անակնկալ նվեր կանանց, մայրերին քույրերին։ Կարծում եմ հրաշալի նախաձեռնություն էր, քանի որ մարդիկ հնարավորություն չունեն տանից դուրս գալու և համերգասրահներն էլ չեն գործում` արտիստները այս կերպով իրենց շնորհավորանքը փոխանցեցին: Ես էլ անմասն չմնացի և  իմ շնորհավորանքը  քանոնիս նվագի միջոցով հասու դարձրեցի:

Սա երաժշտական կատարումներ վայելելու լավ հնարավորություն էր հանրության համար: Մասնակցել եմ, նաև Սողոմոն Թեհլերյանի արձանի մոտ կազմակերպված փակ ակցիային՝ ընդդեմ ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվող Միսակ Լազարյանին ՌԴ-ին արտահանձնելու որոշմանը։ Իմ ելույթից հետո էլ ինձ անակնկալ արեցին և պարգևատրեցին ՀՀ «Ֆիդայիներ» ՌՀԲՀԿ նախագահ Սեյրան Չիլինգարյանի կողմից․ Կոմիտասի 150-ամյակի մեդալով՝ ի նպաստ մշակույթի զարգացման։
 
-Ասում են չկա չարիք` առանց բարիք. ի՞նչ կասեք:
-Ցանկացած վատ իրավիճակ իր բացասական ու վատ ազդեցությունն է թողնում յուրաքանչյուր ասպարեզում, և կարծում եմ հետևանքներն էլ ավելի ծանր կլինի: Օրերս խոսում էի իտալացի գեղանկարիչ Ֆրանչեսկո Մալոլմոյի հետ, ով գերվել է հայկական քանոնի հնչյուններից ու ոգեշնչվելով հայ երաժշտությամբ արդեն տասնյակից ավել շարք է նկարել, պատկերելով ինձ ու քանոնը, շատ ընկճված ու տխուր էր, քանի որ վերջացել էին իր գեղանկարչական պարագաները և հնարավորություն չուներ գնելու հայտնի պատճառով, ես նվագեցի իր համար ու համբերություն մաղթեցի, որից հետո մի հասարակ սև մատիտով իմ դիմանկարն էր արել ու խոստացավ ինձ ուղարկել: Շատ հաճելի էր այդ պահը, երբ ես զգացի, թե ինչ մեծ ուժ ու հավատ էի տվել այսքան մեծ հեռավորությունից: Արվեստն իրոք սահմաններ չի ճանաչում ամեն անգամ համոզվում եմ: 

Այս դժվար օրերին է ավելի շատ ի հայտ գալիս  մարդկանց մեջ միմյանց հանդեպ լավի ու դրականի փոխանցումը, բարի անանկնկալների մատուցումը: 
Մեր հայ գեղանկարիչ Էրիկ Դավթյանից էլ մի  դիմանկար եմ նվեր ստացել, որն իհարկե շատ գեղեցիկ անակնկալ էր ու մեծ խորհուրդ ունի: Չկա ավելի լավ զգացում, երբ քեզ  բանաստեղծություն են նվիրում, երբ դուռդ թակում են և ծաղիկներ նվիրում, դա է մարդկությունը, երբ քո զանգից, ձայնդ լսելուց հուզվում են:
 
-Սիրելի Մարիաննա Ձեր ամփոփիչ խոսքը։
-Ապրիլ ամիսը միշտ չեմ սիրել կապված Մեծ Եղեռնի, Ցեղասպանության  հետ: 2016 թ-ից էլ գումարվեց ապրիլյան քառօրյան, շատ ծանր ու կորուստներով ամիս է հայերիս համար: 
Յուրաքանչյուրս պարտավոր է իր խոնարհումը, հարգանքի տուրքը մատուցի անմեղ զոհերին` իրենց հիշատակը վառ պահելով: Փառք ու պատիվ բոլոր այն տղաներին ովքեր իրենց արյամբ ու կյանքով պահում են մեր սահմանները: 
Այս ապրիլի 24–ը բացառիկ է մեզ համար, չարաբաստիկ համավարակը կոտրեց հայի միասնական երթը դեպի Մեծ Եղեռնի հուշահամալիր: Ցավում եմ, որ չենք կարող 105 ամյա մեր ցավն ու արդար պահանջը համայն աշխարհին ներկայացնել միասնաբար: 
Անհամբեր սպասենք մայիս ամսվան, քանի որ այն մեծ խորհուրդ ունի` հաղթանակների ամիս է, եռատոն: 
Սեր, համբերություն և խաղաղություն բոլորիս:
 
Զրուցեց՝ Իրինա Սարգսյանը
Hayacq.com

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր