Բազմիցս համոզվել եմ, որ ոչ մի դուռ հենց այնպես չի բացվում. Մարիաննա Գևորգյան
-Մշակույթ, արվեստ սահմանումը ըստ քանոնահարուհի Մարիաննա
Գևորգյանի:
-Մշակույթ ունեն բոլոր
ազգերը, բայց արվեստ՝ ոչ: Արվեստը սահմաններ չունի, իսկ ազգային մշակույթը ունի սահմաններ:
Յուրաքանչյուր ազգ ինքն է իր մշակույթի տերը: Նորարարության ու ժամանակակիցի ետևից գնալով, անհրաժեշտ
է անաղարտ պահել ազգային, հոգևոր, բարոյական արժեքները, որովհետև դարերից եկած ազգային
մշակույթը մեր ազգի հոգևոր արժեքն է և դիմագիծը:
-Մերօրյա իրականության և նման բազմազանության մեջ, ինչքանո՞վ
է հեշտ կամ դժվար պահել ազգային նվագարանը:
-Շատ դժվար է,
որովհետև ոչինչ իր տեղում չէ, արժեհամակարգը այլ է: Սահմանները բաց են յուրաքանչյուրի
համար և մարդիկ օգտագործելով իրենց լծակները ոգեղեն արժեքները տանում են դեպի կործանման:
Ես ջանք ու եռանդ չեմ խնայում, մեծ համբերությամբ
ու հույսով հարթում եմ ուղիս: Բազմիցս համոզվել եմ, որ ոչ մի դուռ հենց այնպես չի բացվում:
-Ինչպե՞ս է հաջողվում Մարիաննա Գևորգյանին մնալ իր տեղում:
-Մի բան է՝ մեծ բեմ հասնելը, ելույթ ունենալը և մեկ այլ
բան՝ այդ մակարդակն ու բարձրությունը պահելը: Կապ չունի քանի-քանի անգամներ ես հաջող
ելույթներ ունեցել, արժանացել ծափերի և լավ ընդունելության, յուրաքանչյուր բեմ էլ պահանջում
է բարձր պրոֆեսիոնալիզմ ու մեծ պատասխանատվություն: Ես երբեք չեմ նմանակում, ունեմ
իմ ձեռագիրը և ասելիքը:
-Արվեստ, բիզնես, մշակույթ կապը ըստ ձեզ:
-Առանց ֆինանսի ոչինչ անել հնարավոր չէ, յուրաքանչյուր
նախագիծ, համերգ, ելույթ ինքնին մեծ ֆինանսների հետ է կապված, եթե չունես աջակցություն,
ապա չես կարող գործել:
-Կարևորո՞ւմ եք պարգևներն ու մրցանակները:
-Շատ հաճելի է գնահատված լինելը, բայց այն սերը, որ վայելում ես հանդիսատեսի կողմից և այն ջերմ խոսքերը, որ ասվում են ելույթիցդ հետո՝ դա մեկ այլ բան է:
-Ո՞րն է ձեր հաջողության գրավականը և ի՞նչ կարգախոսով եք առաջնորդվում:
-Կարծում եմ ճակատագրով հայուհի լինելը: Կարգախոս չունեմ, առաջնորդվում եմ ըստ պահի՝ փորձելով ուղեղս միշտ արթուն պահել: