Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

12 հուն 2020 13:15

Ղարաբաղի «ադրբեջանական համայնքի» ղեկավարը նաև ՀՀ-ի օգնությամբ է լեգիտիմացվել․ իշխանությանը թափանցիկ չէ հանրության հետ

Ես կարծում եմ՝ այս իրադարձությունները չեն դառնում քննարկման թեմա, որովհետև այն կողմը, որը պետք է հակադարձեր այս թեմաներին, առանձնապես չի ցանկանում, որ սրանք դառնան քննարկման առարկա և հակընդդեմ փաստարկներ չի բերում քննադատներին, թե ինչու են այսպիսի իրադարձություններ տեղի ունենում մեր երկրի մասնակցությամբ՝ տարբեր ուղղություններով: Սա, կարծում եմ, հիմնական պատճառն է, որ իշխանությունները լուռ են:


Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Արցախի Հանրապետության միջև նոր ճանապարհի կառուցման վերաբերյալ Եվրախորհրդարանում ընդունված համատեղ հայտարարությանը, Թեհրանում Հայաստանի դեսպանատան դիմաց տեղի ունեցած ցույցին, Իրանի դեսպանի՝ «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցչի հետ հանդիպմանը:


«Նման հարցերն անտարբերության մատնելը նշանակում է խնդիրը չտեսնել, և չտեսնել, թե այդ խնդիրն ինչքան կարող է մեծանալ և ինչ հետևանքներ կարող է ունենալ: Ճիշտ ռազմավարություն չէ, եթե ընտրել են իրադարձությունները չմեկնաբանելու ու ամբողջ արտաքին քաղաքականության բեռը արտգործնախարարի վրա թողնելու ճանապարհը: Արտաքին քաղաքականության միակ պատասխանատուն ԱԳ նախարարը չէ, նա արտաքին քաղաքականության սպասարկման գործիքներից մեկն է: Նման գործիքներ են նաև Կառավարությունը, պետության ղեկավարը, ԱԺ-ն, այնպես որ, չպետք է ամբողջ մեղքը դնել ԱԳ նախարարի վրա: Մենք ունենք լուրջ խնդիրներ, և դրանք միայն ԱԳ նախարարության միայնակ ուժերով լուծվելու հեռանկար չունեն»,-ասաց Սարգսյանը:


Նրա խոսքով՝ այս իրադարձություններին ներքաղաքական դաշտում արձագանք չտալը նշանակում է հանրությանը «բանի տեղ չդնել», ժողովրդի հետ անկեղծ չլինել և բաց ու շիտակ չներկայացնել այն խնդիրներն ու բացերը, որոնք կան: «Սա բերելու է բացասական հետևանքների, որովհետև իշխանությունը խոստացել էր, որ թափանցիկ և հաշվետու է լինելու ժողովրդի առջև, ինչը մենք չենք տեսնում՝ առնվազն արտաքին քաղաքականության մասով»,-ասաց Սարգսյանը:


Վերոնշյալ իրադարձություններին առանձին անդրադառնալով՝ միջազգայնագետը նշեց, թե դրանցից յուրաքանչյուրի դեպքում եղել են կոնկրետ պատճառներ:


Նրա դիտարկմամբ՝ ԵԽ հայտարարության պատճառն այն է, որ ԵԽ-ի հետ ակտիվ աշխատանք չի տարվել: «Ակտիվ աշխատանքի տապալումն էլ բերել է այս իրավիճակին: Մենք ԵԽ-ում կարող էինք շատ ավելի արդյունավետ աշխատել և նման ձևակերպումներից կկարողանայինք խուսափել»:


Ինչ վերաբերում է Իրանում ՀՀ դեսպանատան դիմաց տեղի ունեցած ցույցին, որի ընթացքում ակցիայի մասնակիցները ՀՀ-ից պահանջել են խզել դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ, Սարգսյանն ասաց, թե ՀՀ-ն ու Իսրայելն ունեն դիվանագիտական հարաբերություններ, բայց նաև պետք է հաշվի առնել մեր բարեկամ Իրանի դիրքորոշումը՝ այս հարցի վերաբերյալ:


«Պետք էր մինչ այդ աշխատել Իրանի հետ, հստակ ներկայացնել, թե ինչի համար է պետք ռեզիդենտ դեսպանը, հիմնավորել: Կարծում եմ՝ Իրանի հետ աշխատել են 1-2 դիվանագիտական խողովակով, իսկ դա բավարար չէ, որ նման հարցերը կարգավորվեն: Պետք էր աշխատել տարբեր ուղղություններով՝ անհրաժեշտության դեպքում՝ մեր համայնքի միջոցով: Նաև պետք է կայանային երկկողմ բարձր մակարդակի շփումներ ոչ միայն ՀՀ և ԻԻՀ ղեկավարների, այլև այլ պաշտոնյաների միջև»,-ասաց նա:


Անդրադառնալով Իրանի դեսպանի՝ «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցչի հետ հանդիպմանը՝ Սարգսյանը նշեց, թե Ղարաբաղի «ադրբեջանական համայնքի» ղեկավարը նաև Հայաստանի օգնությամբ է լեգիտիմացվել: «Նրա կշիռը բարձրացվել է այն ժամանակ, երբ հայկական կողմը համաձայնություն է տվել, որ նա հանդիպումներ ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Բաքվում հավատարմագրված դեսպանների հետ: Նախկինում նման հանդիպումներ չէին լինում, քանի որ չկար ՀՀ համաձայնությունը: Հիմա հայկական կողմը դեմ չի եղել, որ նման հանդիպում լինեն, և այն կայացել է»,-ասաց Սարգսյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր