Երևանի կանխարգելիչ հարվածն աշխատեց, ադրբեջանցիներն ու թուրքերը բախումը տեղափոխեցին Ռուսաստան

Խոշոր հաշվով, սակայն, բուն խնդիրը անշուշտ այդտեղ չէ, այլ որոշակի վտանգավոր նախադեպի ձևավորումն առ այն, որ թեկուզ այլ հարցում, այլ ուղղության վրա պայմանավորվածության համար Թուրքիան և Ռուսաստանը կարող են բախվել այստեղ՝ հայ-ադրբեջանական սահմանին: Դա է հարցը, որի մասին մենք խոսել ենք իհարկե նաև նախկինում՝ մինչև տավուշյան սադրանքը ու դրանից դեռ ամիսներ առաջ, որ Անկարան անշուշտ դիտարկելու է հայ-ադրբեջանական արցախյան հարցը որպես Ռուսաստանի հետ այլ ռեգիոններում և երկրներում ունեցած խնդիրների, հարաբերությունների պարզաբանման հնարավորություն:
Փաստացի դա տեղի ունեցավ, և Ադրբեջանի միջոցով Թուրքիան հրահրեց բավականին թեժ իրավիճակ, ռազմական գործողություններ, որոնք հանգեցրին երկկողմ զոհերի, իհարկե շատ ավելի մեծ թվով ադրբեջանական կողմում: Եվ այստեղ պետք է արձանագրել, որ հայկական կողմի ուժեղ պատասխանը նաև պայմանավորված էր հենց այն հանգամանքով, որ Երևանը համարժեք էր գնահատել սադրանքի բուն խորությունը և փորձել ուժեղ հարվածով կանխել այն՝ թույլ չտալով ավելի դանդաղ և մասշտաբային ծավալում: Այլ կերպ ասած, Երևանի ուժեղ հարվածն ու ռազմավարական նշանակության թիրախավորման նպատակը պարզ է՝ ստեղծել իրավիճակ, երբ գործնականում բոլորի համար է պարզ, որ հայ-ադրբեջանական լարում սադրելով՝ ռուս-թուրքական հարաբերություն պարզելու Անկարայի որևէ փորձ կարող է ուղղակի վերածվել մասշտաբային պատերազմի, և Հայաստանը թույլ չի տա գեթ մեկ սանտիմետրի հաշվին լուծել որևէ հարց: Իսկ մասշտաբային պատերազմը այլևս բերելու է համաշխարհային բախման, քանի որ Հայաստանը Սիրիա կամ Լիբիա չէ, այստեղ հարցերը շատ ավելի նուրբ են և թելերը՝ շատ ավելի միահյուսված:
Հատկանշական է, որ գրեթե անմիջապես հաջորդեցին տարբեր կոչեր ու հրադադարը պահելու խիստ հայտարարություններ նաև Արևմուտքից: Մեծ հաշվով հնարավոր է արձանագրել, որ Երևանի կանխարգելիչ հարվածն աշխատեց, ու նաև այդ պատճառով է, որ ադրբեջանցիներն ու թուրքերը բախումը անմիջապես «արտահանեցին» Ռուսաստան: Ի՞նչ հարված կարող է տալ Ռուսաստանը՝ թուրք-ադրբեջանական այդ «ապրանքը» արգելափակելու համար: