Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար          Անկում տարադրամի շուկայում․ ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 19-ին       Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»    

14 հոկ 2020 16:25

Եթե հրաժարվենք ռուսական անվտանգային միջավայրից, դրան կփոխարինի թուրքականը, երրորդ տարբերակ չկա

Եթե հրաժարվենք ռուսական անվտանգային միջավայրից, դրան կփոխարինի թուրքականը, երրորդ տարբերակ չկաԲովանդակային բանակցությունների մասին կարելի է խոսել միայն հրադադարի հաստատումից հետո, երբ կճշգրտվեն կողմերի դիրքորոշումները. այս պահին կարևորը կրակի դադարեցնումն է, գերիների և զոհերի մարմինների փոխանակումը, և եթե պատերազմը շարունակվում է, հրադադարն էլ փուչիկ է, առարկայական բանակցությունների մասին վաղ է խոսել: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը:

«Մշտադիտարկման մեխանիզմների ներդրման գաղափարը նոր դրույթ չէ, 2016-ին Վիեննայում և Պետերբուրգում այդ մասին հիմնարար պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Ե՛վ 2016-ի ապրիլին, և՛ 2020-ի հուլիսին Տավուշի մարտերում միջազգային հարթակներում տեղեկատվական պատերազմ էր մեր և թշնամու միջև, թե ով է խախտել հրադադարը: Մեզ, ցավոք, չհաջողվեց հասնել այդ մեխանիզմների ներդրմանը, այդ պատճառով Ադրբեջանն այս անգամ էլ է մեզ վերագրում այս պատերազմն սկսելը»,- ասել է քաղաքագետը:

Ըստ Քեռյանի՝ անհասկանալի է, թե ինչու են մեր բարեկամ եվրոպական երկրները քար լռություն պահպանում, փոխարենը միայն դատարկ, անատամ հայտարարություններ անում. «Բացառությունը թերևս միայն Ֆրանսիան է, նրանք էլ սահմանափակվում են հայտարարություն անելով: ԱՄՆ-ի գլուխը խառն է, այնտեղ շուտով նախագահական ընտրություններ են: Մենք չպետք է կոչերով բավարարվենք, այդպես էր դեռևս համիդյան կոտորածների ժամանակ: Կրակի դադարեցման իրական երաշխավորը մնում են Ռուսաստանն ու մասնակիորեն՝ Իրանը: Մենք մեր արտաքին քաղաքականության հետագա քայլերում պետք է այսօրվա դասերը հաշվի առնենք: ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի անդամ ենք, ԵՄ-ի հետ 2017-ին կնքած պայմանագիր ունենք, ո՞ւր են նրանց դատապարտող կոչերը»:

Պրոֆեսորի կարծիքով՝ Թուրքիայի տարածաշրջանային նկրտումները գալիս են դեռևս 19-րդ դարի ռուս-թուրքական պատերազմներից, այսօր էլ գրեթե ոչինչ չի փոխվել. «Եթե հրաժարվենք ռուսական անվտանգային միջավայրից, դրան կփոխարինի թուրքականը, երրորդ տարբերակ չկա: Հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցությունը պետք է ընդլայնել և զարգացնել: Անհրաժեշտ է շեշտադրումը կատարել ոչ թե ՀԱՊԿ-ի, այլ հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների վրա, իսկ ՀԱՊԿ-ի հարցում պատրանքներ չպետք է ունենալ»:

Գարիկ Քեռյանի պնդմամբ՝ ահաբեկիչների ներկայությունն Ադրբեջանում միջազգային ասպարեզում հակաադրբեջանական կոնսոլիդացիա ձևավորելու հարցում կարող է օգտակար լինել. «Եվրոպան, Իրանը, Ռուսաստանը շատ են տուժել ահաբեկչական ալիքներից: Մենք մեր դաշնակցին և գործընկերներին միավորելու լուրջ գրավական ունենք: Երբ նրանք տեսնում են, որ այդ ահաբեկիչներն ամեն պահի կարող են իրենց տարածք ներթափանցել, պետք է մի կողմ դնեն անգամ Արցախի կարգավիճակի շուրջ իրենց տարակարծություններն ու գործեն հակաահաբեկչական ձևաչափով»:

Քաղաքագիտության դոկտորի պնդմամբ՝ Արցախի ճանաչումն ու նրա հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքումն օրախնդիր է: «Ոչ մի հայ դեմ չէ Արցախի ճանաչմանը, հետագայում՝ վերամիավորմանը: Ամբողջ բանակցային գործընթացի շեշտը եղել է այն, որ այս խնդիրը չունի ռազմական լուծում, մեր ղեկավարները չեն նախաձեռնել ճանաչման գործընթաց, որ չխաթարեն բանակցային ձևաչափը: Այսօր իրական աջակցությունը մեր ռազմաքաղաքական երաշխիքն է Արցախին և հաղթանակը ռազմաճակատում»,- ամփոփել է պրոֆեսորը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր