Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

16 նոյ 2020 13:20

«Պատերազմը միայնակ չի հեռանում»...Մահափորձ պարտվողի նկատմամբ.... Коммерсантъ-ի անդրադարձը ԼՂում և Հայաստանում ստեղծված իրավիճակին

Ռուսական Коммерсантъ պարբերականը «Պատերազմը միայնակ չի հեռանում» վերտառությամբ հոդվածում անդրադարձել է հայ-ադրբեջանական պատերազմից հետո Արցախում և Հայաստանում ստեղծված իրավիճակին:


Հոդվածում մասնավորապես նշվում է, որ կիրակի օրն ադրբեջանական զորքերը պատրաստվում էին մուտք գործել Լեռնային Ղարաբաղի Քարվաճառի տարածք ՝ երեք շրջաններից առաջինը, որտեղից հայկական ուժերը պետք է դուրս բերվեն: Սակայն այն պատճառով, որ խաղաղ բնակիչները չեն հասցրել լքել տարածքը, Բաքուն համաձայնել է զորքերի մուտքը հետաձգել մինչ նոյեմբերի 25-ը: Միևնույն ժամանակ, Երևանում սուր քաղաքական պայքար է բռնկվել. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակառակորդներից մեկը նույնիսկ մեղադրվել է վարչապետի նկատմամբ մահափորձ նախապատրաստելու մեջ: Հայաստանի ընդդիմությունը պնդում է, որ իրավիճակը սրելով ՝ պատերազմում պարտված առաջնորդը փորձում է մնալ իշխանության:


Բոլորը իրենց ժամկետներում, բացի Քարվաճառից


Կիրակի, նոյեմբերի 15-ին, Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու եռակողմ հայտարարության ամրությունը պետք է փորձարկվեր գործնականում: Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ի գիշերը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված փաստաթուղթը Աղդամի, Բերձորի և Քարվաճառի շրջանները մինչև դեկտեմբերի 1-ն Ադրբեջանի վերահսկողության տակ փոխանցելու մասին կետեր է պարունակում: Շաբաթ օրը՝ նոյեմբերի 14-ին, Ռուսաստանի նախագահը զանգահարել է իր հայ և ադրբեջանցի գործընկերներին` քննարկելու «համաձայնագրերի իրականացման գործնական ասպեկտները»:


«Գոհունակություն է հայտնվել, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է, և շփման գծում իրավիճակը բավականին հանգիստ է», - ասել են Կրեմլի մամուլի ծառայությունից: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից տեղեկացրել են, որ ռուս խաղաղապահներն արդեն տեղակայել են իրենց շտաբը Լեռնային Ղարաբաղում, իսկ մինչ նոյեմբերի 20-ը Ստեփանակերտում կձևավորվի Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոն: Մասնավորապես, այնտեղ կլինեն Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները, որոնք Երևան են ժամանել կիրակի օրը:


Նշվում է, որ ռուս խաղաղապահները համագործակցում են բոլոր կողմերի, այդ թվում` Արցախի Հանրապետության իշխանությունների հետ:


Այսպիսով, կիրակի օրը չճանաչված հանրապետության խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը և Ռուսաստանի Դաշնության Հարավային ռազմական շրջանի ռազմական դատախազության պատվիրակությունը քննարկել են ռազմագերիների և զոհված զինծառայողների մարմինների փոխանակման կարգը: Գործընթացն իրականացվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ:


Միևնույն  ժամանակ շաբաթ օրը պարզ է դարձել, որ Քարվաճառի շրջանը հնարավոր չէ փոխանցել Ադրբեջանին սահմանված ժամկետում: Իսկ կիրակի օրը Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը ճեպազրույցում ասել է, որ  «Բաքուն համաձայնել է հետաձգել Քարվաճառի փոխանցումը մինչև նոյեմբերի 25-ը, սակայն Աղդամի և Բերձորի շրջանների փոխանցումը կատարվելու է ըստ օրակարգի»:


Խաղաղ կյանքի ճանապարհները


Տրանսպորտային հաղորդակցության հարցը իրոք շատ կարևոր է: Առանց  այս հարցում զիջումների կողմերի միջև համաձայնություն չէր լինի:  Երևան-Ստեփանակերտ ճանապարհներից մեկն անցնում է Շուշիի կողքով, որը նոյեմբերի 7-ից ադրբեջանցիների հսկողության տակ է, իսկ երկրորդը` Քարվաճառի շրջանով: Հայերի տեղաշարժը Շուշիի մոտակայքով հսկվում է ռուս խաղաղապահների կողմից, միայն կիրակի օրը վերջիններս Ստեփանակերտ վերադարձող հայ բնակիչներով լցված 19  ավտոբուս են ուղեկցել: Քարվաճառի շրջանում ամեն ինչ ավելի բարդ է. այն պաշտոնապես ընդգրկված չէ խաղաղապահ գործողության գոտում, և դրա միջով անցնելու հետագա կարգը հստակ հայտնի չէ: Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ Հուսեյն Մահմուդովը հայտնել է, որ ադրբեջանական զորքերը կտեղակայվեն ինչպես Հայաստանի հետ պետական սահմանին, այնպես էլ ռուս խաղաղապահների տեղակայման գծի երկայնքով: Նրանք տարածաշրջան կմտնեն հյուսիսից `Ադրբեջանի Գոյգյոլի և Դաշքեսանի շրջաններից:


Այնուամենայնիվ, ըստ Արցախի Հանրապետության իշխանությունների, չնայած տարածքը Ադրբեջանին փոխանցելուն, նրա միջով անցնող ճանապարհը, որը կապում է Երևանն ու Ստեփանակերտը, հայերի համար բաց կլինի «ևս մեկ ամիս»:


Մտավախությունը, որ ադրբեջանցիները կպղծեն հայկական գերեզմանները, տաճարները և մշակութային հուշարձանները, անընդհատ լսվում են Հայաստանում, և դրանք աննկատ չեն մնացել նաև Կրեմլի կողմից:


Նոյեմբերի 14-ին իր ադրբեջանցի գործընկերոջ հետ զրույցում Վլադիմիր Պուտինը «ընդգծել է հայկական սրբատեղիների պահպանման և բնականոն եկեղեցական կյանքի ապահովման կարևորությունը»:


«Ադրբեջանի նախագահը հասկացողություն է ցուցաբերել այս հարցում և ասել, որ ադրբեջանական կողմը կգործի նման կերպ»,- հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Միևնույն ժամանակ, Քարվաճառիի շրջանի գլխավոր քրիստոնեական սրբատեղին`Դադիվանքը, որը կառուցվել է 13-րդ դարում, վերցվում է ռուս խաղաղապահների հովանու ներքո:


«Երեցն ասաց, որ պաշտպանենք քրիստոնյաներին»,- ասել է վանքի մոտ հերթապահություն իրականացնող ռուսական բանակի կապիտանը: Լրացուցիչ մտահոգության  պատճառ կարող էին հանդիսանալ  Շուշիի կադրերը. այնտեղ տաճարի պատին հայտնվել էին մակագրություններ ՝ ադրբեջանական քաղաքների և գյուղերի անուններով, որոնցից, ըստ երևույթին, զորակոչվել  էին դրանք գրող զինծառայողները: Հայ Առաքելական եկեղեցին դատապարտել է միջադեպը ՝ այն անվանելով բացահայտ վանդալիզմ և անհանդուրժողականության դրսևորում:


Մահափորձ պարտվողի նկատմամբ


Մինչ այդ, Երևանում ընթանում է կատաղի քաղաքական պայքար, որում իշխանությունները, ըստ ընդդիմության, քրեական մեղադրանքներ են օգտագործում իրենց ընդդիմախոսների դեմ: Այսպիսով, Երևանի առաջին ատյանի դատարանը հաստատել է Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ  Մինասյանի (Երկաթ) կալանքը,  նա մեղադրվում է Նիկոլ Փաշինյանի սպանությունը նախապատրաստելու համար: Քննության համաձայն, նա գործել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Արթուր Վանեցյանի հետ միասին, որը հրաժարական տալուց հետո դարձել է վարչապետի հիմնական քաղաքական հակառակորդներից մեկը:


«Այս ամենը պետք է դիտարկել ոչ թե իրավական, այլ քաղաքական ենթատեքստում», - լրագրողներին ասել է ձերբակալված հրամանատարի փաստաբան Արամ Վարդևանյանը:


Արթուր Վանեցյանի նկատմամբ խափանման միջոց դեռևս չի ընտրվել:


«Բնականաբար, Վանեցյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Մենք պահանջում էինք հանդիպում կազմակերպել բոլոր այն անձանց հետ, ովքեր ենթադրաբար կարող են ցուցմունք տալ նրա դեմ»,-ասել է հատուկ ծառայության նախկին պետի փաստաբան Լուսինե Սահակյանը:
«Ձերբակալությունները կապված են այն բանի հետ, որ կառավարությունը գտնվում է ցնցվող վիճակում և, հետևաբար, օգտագործում է ռազմական դրության գործիքները իր բոլոր սահմանափակումներով: Բայց արդյո՞ք ապագայում նման միջոցները բավարար կլինեն, արդեն հարց է», - պարբերականին բացատրել է քաղաքական վերլուծաբան Հրանտ Միքայելյանը: 


Բացի այդ, մայրաքաղաքում շարունակվում են հանրահավաքները. դրանք կազմակերպում են այն քաղաքական ուժերը, որոնք պահանջում  են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, այսինքն ՝ գրեթե ամբողջ ընդդիմությունը:


«Հայաստանը փրկության մեկ ճանապարհ ունի. դա ճանապարհն է առանց Նիկոլ Փաշինյանի», - պարբերականի հետ զրույցում ասել է ՀՀ խորհրդարանի նախկին փոխնախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը:


Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:


Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր