Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

26 հուն 2021 10:37

«ՏՈՐ»-երը մենք ձեռք էինք բերել, հաջորդ խմբաքանակը նույնպես պետք է ձեռք բերվեր, թե երբ՝ չբացեմ փակագծերը․ «Հրապարակ»

«Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, «Mediamax»-ին տված հարցազրույցում, պատասխանե­լով հարցին, թե որն է համարում իր անձնական ամենամեծ բացթո­ղումը պատերազմի ընթացքում, պատասխանել է. «Չկարողացա հաղթահարել պատերազմի պայ­մաններում վարչապետ-պաշտպանության նախարարություն-Գլխավոր շտաբ հրամանատարական ուղղահայացին վերաբերող անհստակությունը և դրանից առաջացող խո­չընդոտները, մասնավորապես, այն հարցերում, որոնք վերաբերում էին զորահավաքին, Անվտանգության խորհրդի դերակատարությանը և գործառույթներին, Հայաստանի զինված ուժեր-ՊԲ-Արցախի նախա­գահ գործառույթներին և պաշտո­նեական փոխհարաբերություններին, Արցախում ինքնապաշտպանության կազմակերպմանն ու բնակչության տարհանմանը: 2015-ին ընդունված նոր Սահմանադրությամբ պատե­րազմի ժամանակ պաշտպանության նախարարը փաստացի դուրս է մնում ռազմական գործողությունների պլա­նավորման և վարման գործընթա­ցից, քանի որ այդ լիազորությունները վերապահվում են գերագույն հրամա­նատարին և զինված ուժերի գլխավոր շտաբի պետին»:


Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին հարցրինք, թե վարչապետ-Պաշտպանության նախարարություն-Գլխավոր շտաբ հրամանատարական ուղղահայացին վերաբերող ի՞նչ անհստակություններ են, որ խոչընդոտներ են առաջացրել, և որոնց մասին խոսել է պաշտպա­նության նախկին նախարարը, ԳՇ նախկին պետը պատասխանեց. «Այդ հայտարարության վերաբերյալ պետք է նախարարին հարցնել, ես ասել եմ, որ եղել են համակարգային խնդիր­ներ, այդ մասին ես էլ եմ խոսել, ուրիշ ավելացնելու բան չունեմ»:
-Երբ Դուք էիք Գլխավոր շտաբի պետը, վարչապետ-ՊՆ-ԳՇ կապի հարցերում խնդիրներ կայի՞ն:


-Դա կապի խնդիր չէր, օրենսդրա­կան խնդիրներ են, որոնցով հստա­կեցված չեն գործառույթները: Շատ գործառույթներ իրար զուգահեռ են կամ համընկնում են, որոնք բերում են տարբեր մեկնաբանությունների՝ կախված անհատական մոտեցումից:
-Քառօրյա պատերազմի ժա­մանակ կայի՞ն նման օրենսդրական խնդիրներ, որոնք տարբեր մեկնաբանությունների տեղիք էին տալիս:
-Ուրեմն այդ խնդիրները... այս կամ այն ձևով՝ այո, կան, եղել են:
-Տոնոյանը նաև նշել էր, որ ՀՀ նախագահի 2018 թ. փետրվարի 17-ի հրամանագրով հաստատված «ՀՀ զինված ուժերի 2018-2024 թթ. արդիականացման ծրագիրը», խմբագրված և Անվտանգության խորհրդի կողմից 2019 թ. նո­րից ընդունված Զինված ուժերի զարգացման պլանը, կառավա­րության կողմից վերանայվող «Սպառազինությունների և ռազմա­կան տեխնիկայի զարգացման ծրա­գիրը», նախաձեռնված «Պաշտպա­նության ռազմավարական վերա­նայումը» ամբողջ ծավալով չէին իրագործվել, և իրենք չհասցրին պատրաստվել «անհպում» պատե­րազմին՝ հինգերորդ սերնդի սպա­ռազինության կիրառմամբ: Պարո՛ն Դավթյան, իսկ ինչ-որ բան արվե՞լ էր, և ի՞նչը չհասցրին անել:
-Միանշանակ, քայլեր արվել են, բավականին շատ ծրագրեր եղել են, բնական է, իհարկե:
-Ո՞րն էր այն վերջնական մոդելը, որը կունենայինք, եթե «հասցնեին»:
-Հավասարակշռությունը՝ Ադրբեջանի զինված ուժերի հետ, որպեսզի կարողանայինք ունենալ այն իրավիճակը, որը կապահովեր խնդրի կա­տարումը:
-Ձեռք բերված «ՍՈՒ-30» ինքնաթիռներն այդ պլանի մի մա՞սն էին կազմում:
-Այո:
-Նախատեսվո՞ւմ էր դրանց հա­մար հրթիռներ գնել, չէ՞ որ դրանք պատերազմի ժամանակ մարտա­կան որևէ գործողություն չեն իրա­կանացրել:
-Հիմա էլ է նախատեսված, դրանք ծրագրով նախատեսված եղել են, և ինձ թվում է՝ հիմա էլ բա­նակցություններ կվարեն, որ ժամանակին ձեռք բերվեն: Դա այնպես էր պլանավորված, որ միանգամից ձեռք չէին բերվելու այդ հրթիռները, այլ պետք է ընթացքում ձեռք բերվեին, իսկ պայմանագրի մեջ, որ պետք է հրթիռներ ձեռք բերենք Ռուսաստա­նից, մենք նման կետ ունեցել ենք:
-Ասում են՝ լավ կլիներ, որ այդ ինքնաթիռների փոխարեն «Տոր» հակաօդային զենիթահրթիռային համակարգեր գնվեին: Արդիակա­նացման ծրագրում այդ հակաօդա­յին համակարգերը և՞ս կային:
-Այդ ինքնաթիռների հաշվին ոչ մի բան չպիտի ձեռք բերվեին, որովհետև այդ հրթիռներն իրենց գումարներով էին, մեկը մյուսի հետ կապել պետք չէ, իսկ «Տոր» համա­կարգեր ձեռք են բերվել, ներկրվել են, որոնց հաջորդ խմբաքանակի վերա­բերյալ բանակցությունները պետք է շարունակվեին՝ ձեռք բերելու համար: Մեկը մյուսի հետ կապված չէ, բայց «Տոր»-երը մենք ձեռք էինք բերել, որի մասին հայտարարվել էր, և հաջորդ խմբաքանակը նույնպես պետք է ձեռք բերվեր, իսկ թե երբ՝ ես չբացեմ փակագծերը:
-Արդեն իսկ ձեռք բերված խմբաքանակն օգտագործվե՞լ է պա­տերազմում, արդյունավե՞տ է եղել:
-Այո, ես գիտեմ, որ արդյունավետ են եղել, մնացած հարցերն ուղղեք կիրառողներին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր