Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

19 մար 2021 20:03

Թումանյանն այնտեղ էր, որտեղ ազգը դժվար ժամանակներ էր ապրում. Տեսանյութ

«Հայացք» մամուլի ակումբի հյուրերն են «Հայկական հանրագիտարան հրատարակչության» գլխավոր խմբագիր, տնօրեն Հովհաննես Այվազյանը և բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, թումանյանագետ Սուսաննա Հովհաննիսյանը:
Թեման՝ Թումանյանի մերօրյա շունչը, Հովհաննես Թումանյան-գրական հանրագիտարան:
 
Հովհաննես Այվազյանը ներկայացնելով հանրագիտարանը ասաց, որ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հանրագիտարանում ամփոփվել է հեղինակի ամբողջ ստեղծագործական աշխարհը: Գրքում ներառվել են Թումանյանի գրականությանը, հասարակական և ստեղծագործական գործունեությանը վերաբերող պատմություններ, հիշողություններ և այլ արժեքավոր նյութեր:
 
«Գիրքը լույս է տեսել 2020 թվականի օգոստոսին: Այն պատրաստվել է երեք տարվա ընթացքում: Պետությունից ստացել ենք պետպատվեր, և մեզ են տրամադրել մոտ 16 մլն դրամ երեք տարվա կտրվածքով: Գիրքը տպագրելու համար ընդգրկել ենք բոլոր մասնագետներին, Գրականության ինստիտուտին, ինստիտուտից դուրս գործող մասնագետների, գրողի թանգարանին, տուն-թանգարանին»,-նշեց նա, հավելելով, որ պետպատվերի դեպքում, ամբողջ տպաքանակը՝ 500 օրինակ տրամադրվել է պետությանը, որը ամբողջությամբ գտնվում է Ազգային գրադարանում՝ գրքերի պահեստում. «Եթե նախկինում պետպատվերով տպագրությունը, երբ գնում էր գրապահեստ, որոշվում էր, որ գիրքը արժե X գումար, այն  հանվում էր գրադարաններ վաճառքի: Վերջին շրջանում գիրքը գնում և անհետանում է, ասում են նվիրել ենք, բայց ում հարցնում ենք չեն ստացել»:
Հովհաննես Այվազյանը Թումանյանին հասարակական երևույթ է համարում, մարդու, որն ամեն ինչի պատրաստ էր հայրենիքի, հայ ժողովրդի, ընտանիքի, ընկերոջ համար. «Նա հարց լուծող չէր, բայց կարող էր հարցի լուծման ճանապարհ բացող լինել: Հիշենք 1905-1906 թվականների հայ-թաթարական բախումները. երբ բախումները սկիզբ էին առնում, Թումանյանը որոշեց գնալ Բորչալու, որտեղ ազգաբնակչությունը հայ-թաթարական էր: Նա գնաց խաղաղության պատրաստելու համար: Այդպես Թումանյանն այդ հատվածում կարողացավ նվազագույնի հասցնել հայ-թաթարական բախումները»,-պատմեց Հովհաննես Այվազյանը:
 
Հովհաննես Այվազյանը ասաց, որ ցանկանում են նաև հայոց էպոսի հանրագիտարան պատրաստել, իսկ Ավետիք Իսահակյանի թոռը՝ Ավիկ Իսահակյանը, առաջարկել է նաև Ավետիք Իսահակյանի հանրագիտարան պատրաստել:
Սուսաննա Հովհաննիսյանն էլ նշեց, որ ի սկզբանե չի պատկերացրել, որ հնարավոր է Թումանյանի մասին հանրագիտարան  ստեղծել երեք, հինգ կամ տասը տարում: «Ես չէի հավատում, որ անգամ համախմբելով մեր ամբողջ մտավոր ներուժը կարող ենք նման աշխատանք ստանալ: Այն համառությունը, որը դրսևորեց  հանրագիտարանի խմբագրությունը, բերեց հաջողության, բայց ես կարծում եմ, որ հետագայում երկու նման հատոր պետք է ունենանք, որովհետև Թումանյանն անսպառ է, իսկ սպառել անսպառելին, անհնար է»,-ասաց Սուսաննա Հովհաննիսյանը:
 
Սուսաննա Հովհաննիսյանը նաև նշեց, որ մշակութային ասպարեզում որևէ անհատի, գործչի հանրագիտարանը չափազանց կարևոր է: Ռուսներն ունեն Լերմոնտովի հանրագիտարան, որն օրինակելի է, իսկ հայ իրականության մեջ որևէ անհատի հանրագիտարան չի եղել: Այս իմաստով այս աշխատանքը բացառիկ է: Հանրագիտարանն ունի երկու առաջաբան. մեկը ներկայացնում է բանաստեղծի հոգևոր կերպարը, նրա նկարագիրը, հոգեկան աշխարհը, գործունեությունը, մյուսը՝ նրա ստեղծագործությունը: Թումանյանը եզակի է մեր բազմադարյա մշակույթի ընթացքում, թե՛ իբրև մարդ, թե՛ իբրև ստեղծագործող: Օտարներն ասում էին. «Թումանյանը Հայաստանն է, Թումանյանը հայ ժողովուրդն է»: Այն, որ Թումանյանը մեր արյան բաղադրության մեջ է, որևէ կասած չի հարուցում»,-շեշտեց Սուսաննա Հովհաննիսյանը, հավելելով, որ Թումանյանն այնտեղ էր, որտեղ ազգը դժվար ժամանակներ էր ապրում. «Թումանյանը միշտ դեպքի վայրում էր: Նրա դուստրերը տանը նստած կարում էին և՛ կարմիր, և՛ սպիտակ դրոշներ: Մենք խաղաղություն ենք ուզում, բայց եթե այդ խաղաղությանը դիամգրավում են զենքով ու զորքով, ապա ունենք նաև կարմիր դրոշ: Երբ Շուշիում կոտորածներ են եղել, Թումանյանը մշակույթի միակ գործիչն էր, որը հավաքել է ամբողջ հայ մտավորականությանը Թիֆլիսում և հանրահավաք կազմակերպել՝ աշխարհին դիմելու համար: Այդ օրը նա ասել է, որ Ղարաբաղը երբեք չի՛ եղել և չի՛ լինելու Ադրբեջանի կազմում ինչ ձև էլ, որ այն լինի՝ սոցիալիստական, կապիտալիստական. այն երբեք չի՛ լինի  Ադրբեջանի կազմում: Այն վաստակել է մայր երկրի կյանքով ապրելու իր իրավունքը»:
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութերում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր