Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

14 հուն 2021 15:18

Իմիջի հարց է.Վերադարձած գերիների լուսանկարների հրապարակելով Փաշինյանը նրանց դարձրեց ավելի խոցելի

Պրակտիկայում խուսափում են հրապարակել գերիների լուսանկարները։ Դա ընդունված միջազգային պրակտիկա է։ Այս մասին «Փաստինֆո» ֊ի հետ զրույցում ասաց ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Հայրենիք վերադարձած 15 ռազմագերիների լուսանկարների հրապարակմանը։


Ինչպես արդեն հայտնել ենք՝ հունիսի 12֊ին հայրենիք են վերադարձել Ադրբեջանում գերության մեջ պահվող 15 հայորդի, սակայն մինչ նրանք կժամանեին ՀՀ տարածք, Նիկոլ Փաշինյանը ոչ միայն շտապեց հայտնել լուրը՝ նախընտրական քարոզարշավի շրջանակներում, այլև՝ հրապարակեց զինծառայողների լուսանկարները՝ բաց դեմքերով, ինչից հետո հայրենիք վերադարձած տղաների լուսանկարները տարածվեցին համացանցով։ Համեմատության համար հարկ է նշել, որ նախկինում գերությունից վերադարձած անձանց լուսանկարները չէին տարածվում՝ ավելորդ շահարկումներից խուսափելու և նրանց առավել խոցելի չդարձնելու համար։ Ավելին, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին թույլ չէր տրվում նկարահանել նրանց ժամանումը։


Լարիսա Ալավերդյանն ընդգծեց, որ գերիները բավականին խոցելի են և այդ առումով, թեև արգելված չէ նրանց լուսանկարների հրապարակումը, բայց խրախուսելի էլ չէ։


«Այդպիսի գործողությունները ցուցադրական և կողմնակի նպատակներ են հետապնդում։ Ինչու՞ են հրապարակում, ի՞նչ օգուտ է դա բերելու՝ վերադարձած գերիների»,֊նշեց Ալավերդյանը՝ հավելելով, որ գերիների լուսանկարների հրապարակումը ոչ մի օգուտ չի կարող բերել, հակառակը՝ դարձնում է նրանց առավել խոցելի։


Ալավերդյանը գտնում է, որ այս ժամանակահատվածում դա կրում է ցուցադրական և ապացուցողական բնույթ, թե վերադարձված 15 գերիները ոչ թե թիվ կամ ազգանուններ են, այլ՝ կոնկրետ անձինք են։ Նրա խոսքով՝ դա իրականացվում է ոչ թե գերիների համար, այլ՝ այս իշխանություններին և կոնկրետ Նիկոլ Փաշինյանին իմիջային օգուտ տալու համար։ Դիտարկմանը, որ կարող ենք արձանագրել, որ դա PR քայլ էր՝ քարոզարշավի ընթացքում, Ալավերդյանը դրական արձագանքեց՝ նշելով, որ պետք է առաջնորդվել հարցով, թե ինչ է տալիս այդ լուսանկարների հրապարակումը մեր գերիներին։


Ինչ վերաբերում է Ակնայի ականապատ տարածքի քարտեզը՝ ադրբեջանցիներին գերիների դիմաց փոխանցելուն, Ալավերդյանն արձանագրեց, որ նախ պետք է պարզել, թե Նիկոլ Փաշինյանն ի՞նչ պարտավորության ներքո է արել, նոյեմբերի 9֊ի եռակողմ հայտարարությա՞ն, թե հունվարի՞ն ստորագրված հայտարարության։ Նրա դիտարկմամբ՝ այնքանով, որքանով հայտնի է հրապարակային տեղեկատվությամբ, նշված փաստաթղթերով որևէ խոսք չի գնում այդ մասին, ուստի՝ Նիկոլ Փաշինյանի նման գործողություններում առկա է պաշտոնեական լիազորությունների չարաշահում։ Բացի այդ՝ քարտեզի դիմաց գերիների փոխանակումը քաղաքական առևտուր է։


«Առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմը փորձում էր հաճախ իր գերիներին բենզինի դիմաց ստանալ»,֊նշեց նա՝ հավելելով, որ որպես կանոն դա տեղի է ունեցել դաշտային փոխանակման ժամանակ։ Ալավերդյանն ընդգծեց, որ փոխանակում եզրույթն ինքնին չի բխում միջազգային հումանիտար իրավունքից, քանի որ պետք է լինի վերադարձ։


«Ինչ վերաբերում է այն բացատրությանը, չգիտեմ՝ ցինիզմ ասեմ, թե՝ անօգնականություն, թե քարտեզը տրվել է գերիների վերադարձի դիմաց, այլ՝ մի քայլին պատասխանել են այլ քայլով։ Ինչ էլ դա կոչվի՝ քաղաքական առևտուր է և հանցագործություն, որովհետև որևէ փաստաթղթում որևէ նշում չկա, որևէ պարտավորություն չունի Նիկոլ Փաշինյանը և Հայաստանը» ,֊ընդգծեց Ալավերդյանը՝ բարձրաձայնելով հարցն առ այն, թե ի՞նչ իրավունքով է Նիկոլ Փաշինյանը գործողություններ իրականացնում Արցախի նկատմամբ, վերջինս ՀՀ վարչապետն է, ուստի՝ դա իր լիազորություններից դուրս է։ Ալավերդյանի խոսքով՝ Փաշինյանն այլ, թեև չճանաչված պետության՝ Արցախի նկատմամբ քայլեր է իրականացնում, որն իր պարտականությունից և պարտավորությունից չի բխում։


Հարցին՝ արդյո՞ք ԱՀ նախագահը չի լիազորել Փաշինյանին՝ Ալավերդյանը նշեց, որ Արայիկ Հարությունյանն ընդամենն ընտրված նախագահն է և այդ գործողությունները չեն իրականացվում մեկ անձի ցանկությամբ՝ մյուս անձին նվիրելով ինչ֊որ բան, հակառակ դեպքում, եթե դա արվել է արցախցիների կողմից, ապա դա պետական դավաճանություն է։ Ալավերդյանն ընդգծեց, որ հենց դա է հանդիսանում պետական գաղտնիքը, ոչ թե՝ գերիների կամ զոհերի թվերի հրապարակումը։


Դիտարկմանը, որ, այդուհանդերձ, որքան էլ անընդունելի է, բայց գործ ունենք քաղաքական առևտրի հետ, իսկ ականապատ տարածքների քարտեզները մեր վերջին խաղաքարտն էր, որը կարող էր ավելի արդյունավետ օգտագործվել, առնվազն՝ բոլոր գերիների դիմաց, Ալավերդյանը նշեց, որ բոլոր գերիներին վերադարձնելը Ադրբեջանի պարտավորությունն է։


«Գերիների կյանքը և ճակատագիրը դարձնել ինչ֊որ ձևով խաղաքարտ՝ ամբողջովին սխալ է»,֊նշեց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր