Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

03 հուլ 2021 14:45

Այդ դատական ակտերն առոչինչ են, այն դեկորացիա է, դիզայն՝ տղաներին պատանդի կարգավիճակում պահելու համար

Այդ դատական ակտերն առոչինչ դատական ակտեր են։ Մեր իմացած իրավաբանության մեջ չի տեղավորվում այն, ինչ-որ իրականացվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով Ադրբեջանում հայ ռազմագերիների շինծու քրեական գործերով դատավարությանը և երեկ հրապարակված դատավճռին։


Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը երեկ հրապարակել է Ադրբեջանի կողմից գերեվարված հայորդիներից 14-ի շինծու գործով դատավճիռը, համաձայն որի՝ Հրաչ Արզումանի Ավագյանը, Գեղամ Սամվելի Սերոբյանը դատապարտվել են 4 տարվա, մնացածը՝ 6 ամսվա ազատազրկման։


Արտակ Զեյնալյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ քրեական հետապնդումն ապօրինի է իրականացվում, իրավաբանության, իրավունքի հետ առնչություն չունի, դեկորացիա է, դիզայն՝ անօրինականությունների և տղաներին պատանդի կարգավիճակում պահելու արդարացում։ Իսկ թե արդյոք այդ շինծու գործերը նաև միջազգային հանրությանը որոշակի ազդակներ հղելու համար չեն, Զեյնալյանը նշեց, որ միջազգային հանրության համար ակնհայտ է, որ դատական ակտերն առոչինչ են, պարզապես արվում է, որ քաղաքական հռետորաբանության մեջ ինչ-որ բանի կարողանան հղում կատարել, բայց բոլորը գիտեն, որ դրանք առոչինչ դատական ակտեր են։


Դիտարկմանը, որ, թեև դատական ակտերն առոչինչ են, բայց, այդուհանդերձ, երեկ հրապարակվեց դատավճիռ, որի համաձայն՝ Ադրբեջանի կողմից գերեվարված շիրակցի զինծառայողներից 14-ը դատապարտվել են 4 տարի, իսկ մյուսները՝ 6 ամիս ժամկետով ազատազրկման և արդյոք դա չի նշանակում, որ 6 ամսվա դատապարտված զինծառայողները պետք է ազատ արձակվեին հենց դատական նիստերի դահլիճից կամ առնվազն դատական ակտի՝ ուժ ստանալուց հետո, Զեյնալյանն արձագանքեց՝ նշելով, որ չի ցանկանում քննարկել դա և արգելում է դա քննարկել, քանի որ քննարկման դեպքում ընդունում են դատական ակտերի օրինականությունը։


«Տղաներն ի սկզբանե, լինելով ռազմագերի և ունենալով իրավունք անմիջապես հայրենադարձվելու, պահվել են անազատության մեջ և մնացած բոլոր դատական պրոցեսները, դատական ակտերն ընդամենը դեկորացիա է, դիզայն։ Մի՛ քննարկեք, քննարկելով ճանաչվում է դատական ակտերի օրինականությունը։ Դատարանի դահլիճից բաց կթողնեն, թե կտանեն ՔԿՀ, կթողնեն սափրվեն և հետո բաց կթողնեն, դրա մասին առհասարակ խոսել չի կարելի»,- նշեց Զեյնալյանը։


Հիշեցնենք, որ շիրակցի զինծառայողները Հադրութի շրջանի Հին Թաղեր-Խծաբերդ շրջաններում գերեվարվել են՝ պատերազմի ավարտից հետո՝ դեկտեմբերի 13-ին։ Բաքվում նրանց դեմ շինծու քրեական գործ է հարուցվել, որից 14-ի վերաբերյալ երեկ հրապարակվել է դատավճիռը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր