Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

24 սեպ 2021 13:47

Հարաբերությունները կարգավորում ենք Թուրքիայի հետ, և տարանջատում Թուրքիայի հետ հարաբերությունները Ադրբեջանի հետ հարաբերություններից.նախապայմաններով հարաբերություններ սկսելը շատ դժվար կլինի

Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողներն Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանից հարցրին, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին հանդիպման առաջարկ արել:


Հիշեցնենք՝ օրեր առաջ այս մասին հայտարարել էր հենց Էրդողանը՝ ասելով, որ Փաշինյանն առաջարկը փոխանցել է Վրաստանի վարչապետի միջոցով:


«Ե՛վ նախընտրական փուլում, և՛ ընտրություններից հետո մենք խոսել ենք ամբողջ տարածաշրջանում խաղաղության հաստատման, խաղաղության դարաշրջան բացելու և ընդհանուր նաև կայունություն ապահովելու շրջան բացելու մասին: Այդ տրամաբանության շրջանակներում նաև պետք է կարգավորենք հարաբերությունները Թուրքիայի հետ: Այդ կարգավորումը պետք է լինի աստիճանական, և մենք համոզված ենք, որ այդ հարաբերությունների կարգավորման հնարավորություններից մեկը նաև բարձր և բարձրագույն մակարդակում երկխոսություն ունենալն է: Ինչպես դրա մասին խոսել ենք բարձր մակարդակով, նաև քաղաքական տարբեր մակարդակներով հայտարարել ենք, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, դրա տրամաբանության շրջանակներում էլ կատարվել են նման հայտարարությունները և քաղաքական քայլերը»,- ասաց Գրիգորյանը:


Լրագրողի հարցին, թե ինչպե՞ս են պատկերացնում հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի հետ, երբ իրենց եղբայրական Ադրբեջանից ամենաբարձր մակարդակով հնչում են հայտարարություններ, թե Հայաստանը պետք է մոռանա Արցախի կարգավիճակի հարցի մասին, ԱԽՔ-ն ասաց.


«Շատ կարևոր է հաշվի առնել, որ մենք հարաբերությունները կարգավորում ենք Թուրքիայի հետ, և տարանջատել Թուրքիայի հետ հարաբերությունները Ադրբեջանի հետ հարաբերություններից, եթե այդպիսիք կան: Ինչ վերաբերում է կարգավիճակի հարցին, ապա Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման միակ և կարևոր հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է: ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահների կողմից հայտարարություն է եղել, որ պետք է վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում և պետք է մի կարևոր հարց քննարկել, դա կարգավիճակի հարցն է:
Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարգավորված չէ և սպասում է  իր լուծմանը: Այդ լուծումը մենք տեսնում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Կարծում եմ, որ այդ շրջանակներում հենց կարգավիճակ ենք քննարկելու, և անհասկանալի են Ադրբեջանի նման հայտարարությունները»:


Արմեն Գրիգորյանին նաև հարց ուղղվեց Նյու Յորք մեկնելուց առաջ Թուրքիայի նախագահի հայտարարությունների առնչությամբ, որտեղ նա մասնավորապես ասել է, «տարակուսելի է, որ մի կողմից՝ Փաշինյանը հայտարարում է, թե հայկական կողմը չի քննարկում Նախիջևանի միջանցքի հարցը, մյուս կողմից՝ ինձ հետ հանդիպելու ցանկություն հայտնում: Նույն թեմայի վերաբերյալ հայտարարություն  արել էր նաև  Իլհամ Ալիևը, թե հայկական կողմը պետք է ընտրի՝ կա՛մ տարածքային պահանջներ ներկայացնել, կա՛մ երկխոսություն սկսել տարածաշրջանի երկրների հետ: Լրագրողի հարցին, թե Հայաստանն ի՞նչ նախապայմաններ է միտված բավարարել, որպեսզի Թուրքիայի հետ երկխոսություն սկսվի, ԱԽՔ Արմեն Գրիգորյանը պատասխանեց.


«Ղարաբաղյան հարցը երբեք տարածքային հարց չի եղել, միշտ էլ եղել է ինքնորոշման հարց, սրա մասին 30 տարուց ավելի խոսել ենք, որ Ղարաբաղի հարցն ինքնորոշման իրավունքի շրջանակներում պետք է կարգավորել: Խնդրի կարգավորման հայտնի սկզբունքներից մեկը հանդիսանում է ինքնորոշման իրավունքը: Ինչ վերաբերում է նախապայմաններին, ապա հայկական կողմը բազմիցս հայտարարել է, նույնիսկ մեզանից առաջ նախկին իշխանությունների օրոք, որ Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է կարգավորել առանց նախապայմանների, որովհետև երբ նախապայմաններ են լինում, դժվար է լինում որևիցե հարցում առաջ գնալ: Հույս ունենք, որ հարաբերությունների կարգավորումը կլինի առանց նախապայմանների, հնարավորություն կլինի երկխոսություն սկսել առանց նախապայմանների: Գոյություն ունեցող բոլոր հարցերը հետագայում քննարկելի են, բայց նախապայմաններով հարաբերություններ սկսելը շատ դժվար կլինի»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր