Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

22 նոյ 2021 16:20

Հայաստանը հույսը դնում է Ֆրանսիայի օգնության վրա, իսկ Ադրբեջանը հույս ունի՝ ԵՄ-ն կգրավի իր կողմը, քանի որ ինքն էներգիա մատակարարող է

Երևանը և Բաքուն պայմանավորվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման մասին, որը կկայանա դեկտեմբերի 15-ին Բրյուսելում։ Ղեկավարները վերջին անգամ հանդիպել են հունվարի 11-ին Մոսկվայում՝ ստորագրելու տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման մասին համաձայնագիրը, որն այդպես էլ չի իրականացվել՝ նույնիսկ մասամբ։ Ենթադրվում էր, որ ռազմական գործողությունների ավարտի մեկամյակի օրը՝ նոյեմբերի 9-ին, առաջնորդները կրկին կհանդիպեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ, եթե ոչ անձամբ, այլ տեսակոնֆերանսի ձևաչափով։ Բայց այս գագաթնաժողովը հետաձգվեց անորոշ ժամանակով, և դրա փոխարեն նորը ծագեց՝ միացյալ Եվրոպայի մայրաքաղաքում՝ Արևելյան գործընկերության հարթակում, գրում է Коммерсантъ-ը, որի հոդվածը ներկայացնում ենք ստորև.


«Ճիշտ է, Մոսկվայում, Երևանում և Բաքվում Коммерсантъ-ի զրուցակիցների կարծիքով՝ չարժե խոսել ձևաչափերի միջև մրցակցության մասին, քանի որ ռուսական միջնորդությանն այլընտրանք պարզապես չկա։ Շաբաթ՝ նոյեմբերի 20-ին, Հայաստանի արտգործնախարարությունը հաստատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։ Այս մասին գերատեսչությունը հայտնել է ռուսական միանգամից երկու գործակալության՝ «Ինտերֆաքս»-ին և «ՌԻԱ Նովոստի»-ին: Բաքուն նույնպես համաձայնել է հանդիպմանը, ընդ որում մի քանի ժամ առաջ, ինչի մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ 


Հարկ է նշել, որ ընդամենը երկու շաբաթ առաջ՝ պատերազմի ավարտի տարելիցին ընդառաջ, օրակարգում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի բոլորովին այլ հանդիպում էր։ Այն պետք է տեղի ունենար ոչ թե եվրոպական, այլ ռուսական միջնորդությամբ՝ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։ Սակայն բառացիորեն վերջին պահին Նիկոլ Փաշինյանն ասաց, որ «նոյեմբերի 9-ի հանդիպման մասին պայմանավորվածություն չկա», որից հետո ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոստովանեց, որ հանդիպումը չի կայանա։


«Իհարկե, ինչ-որ փուլում նման շփումներ անհրաժեշտ կլինեն, բայց որպեսզի դրանք հնարավոր լինեն, անհրաժեշտ է երեք կողմերի համաձայնությունն ու պատրաստակամությունը»,- ասել է նա։


Շատ փորձագետների կարծիքով, այս հանդիպման խափանումը և դրա համար նախապատրաստված փաստաթղթի ստորագրումը նախադրյալ դարձավ նոյեմբերի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին սրման համար, ինչը հանգեցրեց բազմաթիվ զոհերի։ Միաժամանակ սահմանին լարվածությունը պահպանվում է։


«Բրյուսելում հանդիպման մասին լուրը որոշակի անակնկալ էր, և տեղեկություններ կան, որ նախաձեռնությունը եղել է հայկական կողմից», - Коммерсантъ-ին ասել է ադրբեջանցի քաղաքագետ, «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի փորձագետ Ֆարհադ Մամեդովը:


«Բացի այդ, կարող ենք արձանագրել, որ Հայաստանը հրաժարվել է հանդիպել Մոսկվայի միջնորդությամբ՝ տրանսպորտային միջանցքների և սահմանի վերաբերյալ համաձայնագրերի ստորագրմամբ։ Ադրբեջանական դիրքորոշումն այն է, որ եթե Բրյուսելում կայանալիք հանդիպումը նպաստի այդ հարցերի վերաբերյալ որոշումների կայացմանը, ապա մենք չենք հրաժարվի դրանից»,- ընդգծել է Մամեդովը, որի համոզմամբ՝ Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափը, այնուամենայնիվ, կմնա հիմնականը և այլընտրանք չունի։


«Միևնույն է, ի վերջո, բոլոր որոշումները կկայացվեն Բաքու-Մոսկվա-Երևան ձևաչափով, քանի որ Բրյուսելը չունի Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցողի օրինական կարգավիճակ»,- վստահ է  զրուցակիցը։


Ադրբեջանցի փորձագետի հետ այս հարցում զարմանալի միաձայնություն են դրսևորել նաև հայ գործընկերները։


«Փաստն այն է, որ դեկտեմբերի 15-ին Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը, այնուամենայնիվ, պետք է լինեին Բրյուսելում՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովին մասնակցելու համար: Չեմ կարծում, որ բրյուսելյան հանդիպմանը կողմերը կստորագրեն այնպիսի փաստաթուղթ, որը համաձայնեցված չէ Մոսկվայի հետ»,- պարբերականին ասել է հայ քաղաքագետ Բենիամին Պողոսյանը։


Մեկ այլ հայ քաղաքագետ Հրանտ Միքայելյանը, իր հերթին, չի թաքցրել, որ Ռուսաստանի և հակամարտող երկու կողմերի միջև որոշակի դժգոհություն է կուտակվում, ինչը նրանց ստիպում է նոր ձևաչափեր փնտրել։


«Ռուսաստանը չի արտահայտում իր դիրքորոշումը և փորձում է հանդես գալ ոչ հրապարակային, իսկ Թուրքիան, ընդհակառակը, բացահայտորեն աջակցում է Ադրբեջանին: Ավելին, Ռուսաստանը  որպես միջնորդ է հանդես գալիս բանակցություններում, որոնք հայկական կողմի համար չեն կարող ավարտվել ոչ մի դրական բանով»,- Երևանի դժգոհության պատճառները պարբերականին բացատրել է Միքայելյանը։


Սակայն, Միքայելյանի կարծիքով, այդ բացասական միտումը չի կարող շտկվել նույնիսկ Բրյուսելի կողմից. «Բաքվի դիվանագիտական կշիռն ավելի մեծ է, և Երևանը չունի իր հստակ ռազմավարությունը: Մյուս կողմից, քանի որ ԵՄ-ի փափուկ ուժն ավելի լավ է աշխատում, նրա մասնակցությունը բանակցություններին ավելի գրավիչ է թվում։ Այսպիսով, հայկական կողմը փորձում է ինչ-որ կերպ ընդլայնել մանևրելու դաշտը»,-նշել է քաղաքագետը:




ՌԴ ԳԱ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի Հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Ստանիսլավ Պրիտչինը կարծիք է հայտնել, որ բանակցային ձևաչափերում մրցակցության մասին խոսելու կարիք չկա։


«Ի՞նչ կարող է առաջարկել Եվրամիությունը, բացի հարթակից։ Նրանք չեն տիրապետում իրավիճակի մանրամասներին, չունեն հարցեր լուծելու գործիքներ։ Ամենայն հավանականությամբ, խնդիրն այլ է՝ կողմերից յուրաքանչյուրն ակնկալում է, որ Եվրամիության մասնակցությունը կօգնի փոխել ուժերի հարաբերակցությունը և ճնշում գործադրել հակառակորդի վրա. Հայաստանը հույսը դնում է Ֆրանսիայի՝ իր վաղեմի և հուսալի դաշնակցի օգնության վրա, մինչդեռ Ադրբեջանը հույս ունի, որ Եվրամիությունը կգրավի իր կողմը, քանի որ ինքն էներգիա մատակարարող է։ Բանակցություններն ցույց կտան, թե ում խաղադրույքն ավելի արդարացված կլինի»,-ասել է փորձագետը:


Մոսկվայի միջնորդության առանցքային նշանակությունը պահպանելու մասին փորձագետների խոսքերը հաստատում է Նիկոլ Փաշինյանի կիրակի օրը Վլադիմիր Պուտինին ուղղված զանգը։ Զրույցի ընթացքում Հայաստանի վարչապետը «երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերի համար» և քննարկել «տարածաշրջանում տիրող իրավիճակը և դրա կայունացմանն ուղղված միջոցառումները»»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր