Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

08 հուն 2022 14:25

Ընդդիմությունը փորձում է կրկնօրինակել 2018 թ. Փաշինյանի կիրառած տեխնիկան.նրանց դեռ չի հաջողվում հեռացնել Փաշինյանին

Ritmeurasia.org-ը գրում է, որ ամբողջ մայիս ամսվա ընթացքում Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը` ի դեմս «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների, փողոցային բողոքի ցույցեր է անցկացրել Երևանում։ Այդ գործողությունների մեկնարկի պաշտոնական պատճառը վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկու հայտարարություններն էին:

Ըստ առաջին հայտարարության` 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմի ժամանակ տարածքներ հանձնելով ինքը կարող էր հազարավոր կյանքեր փրկել, բայց արդյունքը նման կլիներ վերջնականին։ Սակայն, ըստ էության, հրաժարվելով դա անելուց, նա մեղավոր է դարձել հազարավոր մարդկանց մահվան մեջ։ Հավանաբար խոսքը 2020 թվականի հոկտեմբերի 19-ի Վլադիմիր Պուտինի առաջարկած ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկի մասին է, ինչին Հայաստանի վարչապետն այն ժամանակ չի համաձայնվել։ Բացի այդ, ըստ Փաշինյանի, միջազգային հանրությունն ակնկալում է, որ Երևանը կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և «հայկական կողմից կիջեցվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի նշաձողը»։

Օգտագործելով այս երկու հայտարարությունները` խորհրդարանական ընդդիմությունը, իրեն անվանելով «Դիմադրության շարժում», կասկածի տակ է դրել ոչ միայն Փաշինյանի Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով բանակցելու կարողությունը, այլ նաև դրա իրավունքը։ Դրանից էլ բխում է ընդդիմության հիմնական պահանջը՝ վարչապետի հրաժարականը, քանի որ նրա իշխանության շարունակումը վտանգում է Արցախի հայ բնակչության անվտանգությունը և նրա ապագա կարգավիճակի հարցը։ Ըստ այդմ առաջ է քաշվել Արցախը փրկելու կարգախոսը:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության անվտանգությանը, ապա խորհրդարանական ընդդիմությունը գերադասում է շրջանցել ռուսական խաղաղապահ կոնտինգենտի կողմից այն տալու փաստը։ Ընդ որում, այդ հարցում ԼՂ ներկայիս ղեկավարությունը հույսը դնում է ոչ թե Հայաստանի, այլ Մոսկվայի վրա, որը, ելնելով ստեղծված իրավիճակից, ավելի ադեկվատ է գործում։ Ընդդիմության մեղադրանքներին իշխանությունները հակադարձում են Ստեփանակերտին տնտեսության տարբեր ոլորտներում հետպատերազմյան աջակցության աճի ցուցանիշներով։ Եթե ​​հինգ տարի առաջ չճանաչված ԼՂՀ-ի բյուջեի 47,5%-ն էր ծածկվում Հայաստանից անտոկոս վարկով, ապա այժմ այդ ցուցանիշը հասել է 73%-ի (այլ հարց է, թե արդյո՞ք դա կարելի է համարել ձեռքբերում): Նշենք, որ «Դիմադրության շարժումը» ամբողջությամբ բոյկոտում է խորհրդարանի լիագումար նիստերն ու աշխատանքը խորհրդարանական հանձնաժողովներում՝ նման կերպ անտեսելով իր տրամադրության տակ եղած իրավական քաղաքական գործիքները։

Եթե ​​խոսենք փողոցային ցույցերի տեխնոլոգիաների մասին, ապա խորհրդարանական ընդդիմությունը մեծ հաշվով փորձում է կրկնօրինակել 2018 թվականին Փաշինյանի և նրա թիմի կիրառած տեխնիկան։ Տեղի փորձագետները կարծում են, որ կարելի է խոսել ամերիկացի քաղաքական ստրատեգ Ջին Շարփի «Բռնապետությունից դեպի ժողովրդավարություն» գրքի առաջարկությունների օգտագործման մասին։ Սակայն հանուն արդարության պետք է ասել, որ նրանց գործողությունները միայն հաստատում են այն հայտնի ասացվածքը, որ ցանկացած պատճեն բնօրինակից վատն է լինում։

«Դիմադրության շարժման» կենտրոնը գտնվում է Երևանի Ֆրանսիայի հրապարակում, այսինքն՝ մայրաքաղաքի կարևոր տրանսպորտային հաղորդակցությունների խաչմերուկում։ Կան վրաններ, որոնցում ակտիվիստները մնում են շուրջօրյա։ Իշխանությունները փակում են ճամբարի մուտքերը, բայց ձեռք չեն տալիս այն` կարգավորելով շրջանցիկ երթևեկության հոսքերը։ Ամեն առավոտ ակտիվիստների մեկ-երկու շարասյուն  երթով անցնում է քաղաքի կենտրոնական փողոցներով` հերթով փակելով կառավարական և վարչական տարբեր շենքեր, ինչպես նաև մայրաքաղաքի կենտրոնական տրանսպորտային զարկերակները։ Սովորաբար ոստիկանությունը օրական բերման է ենթարկում 100-ից 200 հոգու, տանում է բաժիններ, բայց երեք ժամից ազատ է արձակում։ Բացառություն են կազմում այն ​​անձինք, որոնց նկատմամբ քրեական գործեր են հարուցված: Ներկայումս նման մոտ երկու տասնյակ ընդդիմադիր կա։ Երեկոյան հանրահավաքներ և երթեր են լինում մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով։ Հանրահավաքի մասնակիցների ամենամեծ թիվը եղել է մայիսի 1-ին, սակայն հետո ակցիաների մասնակիցների թիվը նվազել է, բայց կայունացել, այսինքն ո՛չ աճում է, ո՛չ էլ նվազում։

Տեղացի փորձագետների կարծիքով նման «լճացումը» բացատրվում է մի շարք հանգամանքներով, որոնցից են իշխանությունների դեմ պայքարում ճանապարհային քարտեզի և հետագա գործողությունների պլանի բացակայությունը, 2018 թվականին կիրառված բողոքի տեխնոլոգիաների կրկնօրինակումը, խաղադրույքը տոտալ կերպով Ղարաբաղի վրա դնելը։ Խնդիր է  ընդգծված առաջնորդի բացակայությունը, և հասարակության մեծամասնության կողմից մերժված անձանց ներկայությունը բողոքի գործողություններում։ Վերջին հանգամանքը չափազանց կարևոր է «Դիմադրության շարժման» համար։ Հայաստանը աղքատ երկիր է իր բազմաթիվ խնդիրներով: Ակնհայտ է, որ շատերը մտադիր չեն աջակցել «Դիմադրության շարժմանը» և չեն վստահում նրա առաջնորդներին։ Ավելի շուտ, հասարակության մեծ մասն այդ շարժումն ընկալում է որպես «նախկինների» Ղարաբաղի խնդրից օգտվելով իշխանության վերադառնալու ցանկություն, և ոչ ավելին։ Կան խոսակցություններ Մոսկվայի կողմից բողոքի ակցիաներին աջակցելու մասին, բայց դրանք, հավանաբար, անհիմն են։

Այն, ինչ հիմա տեղի է ունենում Երևանում, ընդամենը որոշակի լարվածության է ստեղծում իշխանությունների համար։ Ավելի շուտ, ընդհակառակը, այդ ամենը ձեռնտու է Փաշինյանին, քանի որ ցույց է տալիս նրա «ժողովրդավար» կերպարը՝ չի ոտնահարում քաղաքացիների բողոքի իրավունքը։ Հավանաբար Երևանում բողոքի ակցիաները կշարունակվեն, բայց դրանք դեռևս իրական վտանգ չեն ներկայացնում գործող իշխանության համար, թեև, անկասկած, տեղի ունեցողը նյարդայնացնում է երևանցիների մեծ մասին և անհարմարություններ ստեղծում մայրաքաղաքի հյուրերի համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր