Կշահեն բոլորը, մինչդեռ հայկական ընդդիմությունը փորձում է շահարկել Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունները
Հայաստանի ընդդիմությունը փորձում է շահարկել Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունները։ Այսպիսի հայտարարություն է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հինգշաբթի օրը ռուսական և արտասահմանյան ԶԼՄ-ներին տված հարցազրույցում։
«Մենք տեսնում ենք բողոքի ցույցերը, որոնք հիմա բարձրացել են Երևանում, մենք տեսնում ենք, թե որքանով է ընդդիմությունը փորձում շահարկել այդ իրավիճակը»,-նշել է նախարարը։
Դրա հետ մեկտեղ, Լավրովի խոսքով, ցուցարարների շրջանում «անկասկած կան անկեղծ մարդիկ, որոնց համար, հավանաբար, ցավալի է, որ ամեն ինչ այս փուլում այսպես է ավարտվում»:
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ Մոսկվայում Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված եռակողմ հայտարարության ձախողման նշաններ չեն տեսնում:
«Ես համոզված եմ, որ եթե մենք կատարենք այն ամենը, ինչի մասին պայմանավորվել ենք, իսկ ես դեռ նշաններ չեմ տեսնում, որ որևէ մեկը փորձում է ձախողել այդ համաձայնությունները։ Կշահեն բոլորը»,-ասել է Լավրովը։
Նա նշել է, որ հայկական կողմի հետ շփումները շարունակվում են։ ՌԴ արտգործնախարարի խոսքով՝ այսօր` նոյեմբերի 11–ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շփվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ ինքը՝ Լավրովը, այսօր առավոտյան խոսել է Հայաստանի արտգործնախարարի հետ։
«Ես համոզված եմ, որ Հայաստանի կառավարությունը հասկանում է իր պատասխանատվության ողջ չափը, հասկանում է, որ ստորագրել է այդ պայմանավորվածությունների տակ՝ ելնելով իր ժողովրդի բարձրագույն շահերից»,-կարծում է նախարարը։
Ռուսաստանի արտգործնախարարը վստահ է, որ «համաձայնության ամբողջականությունը կպահպանվի, և այն կկատարվի»։
«Համենայն դեպս, ես Հայաստանում բազմաթիվ քաղաքական ուժեր եմ տեսնում, որոնք հասկանում են տեղի ունեցածը և դրանից ճիշտ հետևություններ են անում»,-ասել է Լավրովը։
Մեկնաբանելով պայմանավորվածությունները, ՌԴ արտգործնախարարը նշել է, որ եթե Ղարաբաղի շուրջ հնարավոր լիներ ավելի շուտ պայմանավորվել դիվանագիտական ճանապարհով, հինգ շրջանները միևնույնն է` կանցնեին Ադրբեջանին, բայց խաղաղ ճանապարհով:
«Մենք կգերադասեինք, որ ամբողջ հակամարտությունը կարգավորվեր շատ վաղուց՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մշակած սկզբունքների հիման վրա, որոնց մասին, ի դեպ, վերջին ժամանակներում հաճախ էր խոսում Ադրբեջանի նախագահը և ընդգծում իր պատրաստակամությունը՝ այդ սկզբունքների հիման վրա կատարել այն ամենը, ինչ առաջարկում էին համանախագահները»,-ասել է նա։
Նախարարն ավելացրել է, որ «եթե մենք գնայինք այդ ճանապարհով, արդյունքը, հավանական է, գործնականում նույնը կլիներ, այն հարցում, որը վերաբերում է հինգ շրջանների, այնուհետև ևս երկուսի ազատմանը, բայց, նախևառաջ, դա կլիներ առանց արյունահեղության, և երկրորդ՝ կապված կլիներ վերջնական քաղաքական կարգավորման հետ»։