Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

10 հուն 2022 10:17

Լավրովն արեց տարօրինակ հայտարարություն.պնդում են, որ ոչինչ չի որոշվում ժողովրդի թիկունքի հետեւում, բայց իրողություններն այլ բանի մասին են փաստում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավար Լավրովն աշխատանքային այցով Հայաստանում է: Երեկ նա մի շարք հանդիպումներ է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ապա՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, Միրզոյանի հետ համատեղ ասուլիսով է հանդես եկել, որի ժամանակ ուշագրավ հայտարարություններ է արել։ Մենք խնդրեցինք միջազգայնագետ Տաթեւիկ Հայրապետյանին՝ մեկնաբանել ասուլիսում արված հայտարարությունները:

- Ինչպե՞ս եք գնահատում Լավրովի կողմից հնչեցված հայտարարությունները, ի՞նչ ուղերձներ էին դրանք պարունակում:

-Կարծում եմ՝ ռուսական կողմի հիմնական ուղերձն այն էր, որ իրենք շարունակում են մնալ գլխավոր դերակատարն ու միջնորդը Հայաստան-Ադրբեջան բանակցությունների համատեքստում: Ակնհայտ է, որ Ռուսաստանի համար այսօր առաջնահերթությունն Ուկրաինայում ստեղծված իրավիճակն է,  բայց ռուսական կողմը հստակ ցույց է տալիս, որ շարունակելու է մատը պահել զարկերակի վրա՝ Հարավային Կովկասում ընթացող գործընթացների վերաբերյալ:

- Ո՞ր ուղերձներն եք համարում հատկապես կարեւոր:

- Կառանձնացնեմ Սերգեյ Լավրովի հայտարարություններից երկու դրվագ՝ մեկը Փառուխ գյուղի շուրջ ստեղծված իրադրության վերաբերյալ է: ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, որ այդ հարցի հանգուցալուծումը պետք է տա դելիմիտացիայի գործընթացը: Սա տարօրինակ հայտարարություն է, քանի որ Արցախում դելիմիտացիայի մասին որեւէ խոսք չի եղել, ենթադրում եմ,  որ մոտ ապագայում դժվար թե նման հարց դրվի: Կա՛մ Լավրովը շփոթվել է իսկապես, կա՛մ ցանկացել է որոշակի զսպվածության կոչ անել Բաքվին․ դժվարանում եմ հստակ մեկնաբանել այս հայտարարությունը: Բաքվի արձագանքը, ընդ որում, չուշացավ:  Ոչ պաշտոնական մակարդակով, լրատվական աղբյուրներով դա որակվեց որպես «հակաադրբեջանական քայլ», իսկ ԱԳՆ մամլո խոսնակը հետեւյալ մեկնաբանությամբ հանդես եկավ. «Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից հաստատված դելիմիտացիայի հանձնաժողովները, ինչպեսեւ նախկինում հայտարարվել է, կոչված են զբաղվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների դելիմիտացիայով: Այդ գործընթացի շրջանակներում չի նախատեսվում հայ-ադրբեջանական պետական սահմանից զատ այլ խնդիրների դիտարկում, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման գոտում»: Հիշեցնեմ, որ նախորդիվ Լավրովը նաեւ հայտարարել էր, որ պետք է տարբերակել դելիմիտացիայի գործընթացն ու Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը: Այս հարցում հայկական կողմի դիրքորոշումը հստակ չէ: Պաշտոնական Երեւանը մե՛կ խոսում է նշաձողի իջեցման մասին՝ ներկայացնելով դա որպես միջազգային պահանջ, իսկ այսօր Արարատ Միրզոյանը խոսում է ԼՂ հիմնահարցի քաղաքական կարգավորման մասին՝ ԵԱՀԿ ՄԽ մանդատի ներքո: Հիշեցնեմ, որ հենց ԵԱՀԿ ՄԽ-ն է կարգավորման հիմքում դրել երեք հիմնական սկզբունք, որոնցից մեկը ազգերի ազատ ինքնորոշման իրավունքի սկզբունքն է: Այս սկզբունքի մասին պաշտոնական Երեւանն այլեւս չի խոսում, փոխարենը հնչում են բավական լղոզված ձեւակերպումներ, ինչպիսիք են՝ «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բոլոր իրավունքները»: Սա սխալ ու վտանգավոր հետքայլ է: Կարեւոր է, որ անգամ բարդ իրավիճակում մենք չգնանք զիջումների իրավունքների հարցում, որովհետեւ իրավիճակները կարող են փոխվել, իսկ իրավունքների պահպանումը կարեւոր է, որպեսզի հնարավորության դեպքում կարողանանք իրավիճակը մեր օգտին օգտագործել: Իսկ Ադրբեջանի արձագանքից եւս մեկ անգամ համոզվում ենք, որ իրենք դելիմիտացիայի գործընթացը տեսնում են որպես միջոց՝ «փակելու» Արցախի հիմնահարցը, այսինքն՝ հարկադրելու Երեւանին՝ ճանաչել Արցախը որպես Ադրբեջանի մաս: Լավրովի հայտարարություններից կառանձնացնեի նաեւ ապաշրջափակման մասին հատվածը: Ակնհայտ է, որ այս հարցում այժմ հստակ գործընթացներ կան, սահմանվում են կանոններ: Լավրովը խոսեց «հեշտացված կարգի մասին՝ պետությունների սուվերենության պահպանման պայմանով»: Այստեղ հարցեր են առաջանում․ ի՞նչ ասել է՝ հեշտացված կարգ, արդյո՞ք խոսքն անարգել անցման ռեժիմի մասին է, կամ՝ արդյո՞ք գործելու են մաքսակետեր: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները որեւէ կերպ հրապարակային չեն տրվում: Չստացվի այնպես, որ «միջանցքային» տրամաբանություն չկա, բայց իրականում Ադրբեջանն ունի անարգել փոխադրումներ իրականացնելու հնարավորություն: Սա նաեւ անվտանգային առումով է խնդրահարույց: Կովկասյան «Բարոմետրի» վերջին հարցումները եւս ցույց տվեցին, որ մեր քաղաքացիներն ապաշրջափակումը տեսնում են որպես լուրջ անվտանգային մարտահրավեր: Իսկ իշխանությունները բազմաթիվ հարցեր թողնում են անպատասխան: Թեեւ Փաշինյանը շարունակում է կրկնել, որ ոչինչ չի որոշվում ժողովրդի թիկունքի հետեւում, բայց իրողություններն այլ բանի մասին են փաստում, ցավոք:

Նոյեմբերի 9-ից հետո մենք «բանավոր պայմանավորվածությունների» հիման վրա ճանապարհ եւ նոր տարածքներ ենք կորցրել: Ուստի,  սա Փաշինյանին բնորոշ գործելաոճ է՝ գաղտնի բանակցություններ վարել եւ հետո փաստի առաջ կանգնեցնել սեփական հանրությանը: Հուսամ՝ այս առումով նման իրավիճակի ականատես չենք լինի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր