Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

23 հուլ 2022 10:00

Բաքուն լրացուցիչ եկամուտներ է ունենալու գազի վաճառքից, և սպառազինությունների ձեռքբերմամբ նոր ագրեսիա կարող է իրականացնել Արցախի նկատմամբ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ներկայում աշխարհը թևակոխել է աշխարհաքաղաքական լուրջ տեղաշարժերի ժամանակաշրջան, երբ գործող աշխարհակարգը ցնցումների ու վերափոխումների է ենթարկվում՝ ճանապարհ բացելով նոր աշխարհակարգի ձևավորման համար։ Եվ այսպիսի գործընթացները չեն կարող իրենց ազդեցությունը չունենալ մեր տարածաշրջանի վրա։ Նախ՝ Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների արդյունքում Եվրոպայում խորանում է էներգետիկ ճգնաժամը։ Եվ այդ ֆոնին ԵՄ երկրների համար մեծանում է Ադրբեջանի ու Թուրքիայի նշանակությունը։ Դրա համար էլ օրերս Ադրբեջանը և Եվրամիությունն էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին՝ պայմանավորվելով կրկնապատկել ադրբեջանական գազի արտահանումը դեպի Եվրոպա։ Ճիշտ է՝ Ադրբեջանն ընդունակ չէ գազի մատակարարման հարցում փոխարինել Ռուսաստանին, բայց թուրք-ադրբեջանական տանդեմն ավելի հեռուն գնացող ծրագրեր ունի։

Մասնավորապես, տևական ժամանակ քննարկվում է Միջին Ասիայի երկրների՝ մասնավորապես թուրքմենական գազը Ադրբեջանի ու Թուրքիայի տարածքով Եվրոպա առաքելու հարցը։ Իսկ այս ամենը նշանակում է, որ Ռուսաստանը անհանգստանալու առիթ ունի, քանի որ թուրք-ադրբեջանական տանդեմը ոչ միայն փորձելու է այլընտրանք ստեղծել ռուսական գազի մատակարարման հարցում, այլև այդ հողի վրա Միջին Ասիա ներթափանցելու փորձեր է կատարելու։ Ադրբեջանի հետ ԵՄ-ի համաձայնությունը առաջին հերթին նշանակում է, որ Բաքուն լրացուցիչ եկամուտներ է ունենալու գազի վաճառքից, որը կարող է ներդնել սպառազինությունների ձեռքբերման ուղղությամբ ու նոր ագրեսիա իրականացնել Արցախի նկատմամբ։ Իսկ մյուս կողմից էլ՝ պարզ է դառնում, որ ԵՄ-ն աչք է փակելու Ադրբեջանի հանցագործությունների վրա։ Դրա համար էլ օրերս Ալիևը բացահայտ մեղադրանքներ է հնչեցրել Եվրախորհրդարանի հասցեին՝ հասկանալով, որ հակազդեցության չի հանդիպելու։

Էներգետիկ ճգնաժամի ֆոնին եվրոպական երկրներին այլևս քիչ է հուզում այն հանգամանքը, որ իրենք գործարքի են գնում ժողովրդավարությունը, մարդու ազատություններն ու իրավունքները ոտնատակ տվող բռնապետական ռեժիմի հետ։ Եվ պատահական չէ, որ տարբեր իրավապաշտպան կազմակերպություններ քննադատում են ԵՄ-ի և Ադրբեջանի միջև գազային համաձայնությունները՝ ընդգծելով, որ կապույտ վառելիքի մատակարարման դիմաց Ադրբեջանը ԵՄ-ին ստիպում է իրեն դիտել որպես «հուսալի» գործընկեր և փակել աչքերը մարդու իրավունքների և միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտումների վրա։ Ի մասնավորի, Ադրբեջանը ոչ միայն չի ցանկանում դուրս գալ ՀՀ ինքնիշխան տարածքներից, այլև բացահայտ հավակնություններ է ներկայացնում Սյունիքի մարզի նկատմամբ։ Իսկ Թուրքիան անընդհատ յուղ է լցնում «Զանգեզուրի միջանցքի» թեմայի վրա։

Բայց Եվրոպայից այս մասով Ադրբեջանի գործողությունները դատապարտելու ուղղությամբ ձայն անգամ չեն հանում։ Իսկ, օրինակ՝ Իրանը կոնկրետ բարձրացնում է այդ հարցը։ Ալի Խամենեին Էրդողանի առաջ կոնկրետ արտահայտել էր իրենց դիրքորոշումը, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», այսինքն՝ հայ-իրանական սահմանը փոխելն Իրանի համար անընդունելի է։ Մյուս կողմից էլ՝ նկատելի է, որ Սիրիայի հարցով սրվել են Թուրքիայի հարաբերությունները Իրանի ու Ռուսաստանի հետ, քանի որ Թուրքիան հերթական անգամ փորձում է ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ ներխուժել այդ երկիր և տարածել թուրքական ազդեցությունը։ Բնականաբար, Սիրիայի հարցերը լուծելուց հետո Թուրքիան փորձելու է կրկին կենտրոնանալ Հարավային Կովկասի ուղղությամբ։

Թեհրանում «Աստանայի ձևաչափով» կայացած հանդիպման ժամանակ Ռուսաստանի և Իրանի նախագահները Էրդողանին զգուշացրին, որ խուսափի Սիրիայում ռազմական գործողություններ սկսելուց, բայց Թուրքիայի ղեկավարի պահվածքը ցույց տվեց, որ այդ հարցում անդրդվելի է։ Իսկ ուժերի դասավորության այնպիսի պայմաններում, երբ Թուրքիան բացահայտ դեմ է գնում Թեհրանին ու Մոսկվային, Իրանի ու ՌԴ-ի հարաբերությունները ավելի են ջերմանում, աճում է առևտրաշրջանառությունը, երկու երկրներին հաջողվում է անգամ էներգետիկ ոլորտին վերաբերող խոշոր նախագծերի մասին համաձայնության գալ։ Բնականաբար, այսպիսի իրավիճակը նշանակում է, որ հայկական կողմը պետք է խելամիտ կերպով աշխատի իրանական և ռուսական կողմերի հետ՝ Թուրքիային զսպելու ուղղությամբ։

Բայց դրա համար կոնկրետ իրավապայմանագրային բազա է պետք ունենալ։ Օրինակ՝ կարելի է Սյունիքին և Հայաստանի ինքնիշխանությանը վերաբերող հարցերում կոնկրետ երաշխիքներ ստանալ։ Նախընտրելի կլիներ նաև ԵրևանՄոսկվա-Թեհրան համագործակցության առանձին ձևաչափի ստեղծումը, բայց ՀՀ իշխանությունների կրավորական կեցվածքը հաշվի առնելով՝ նման նախաձեռնությունների իրականացումը քիչ հավանական է թվում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր