Տեսանյութ.Թուրքիայում երկրպագուները ներխուժել են մարզադաշտ և հարձակվել ֆուտբոլիստների վրա          Այս հայտարարությունը ոչ մի կերպ կապ չունի ՌԴ- հետ.Ահա թե ինչի են հանգեցրել Եվրամիությունից, ՆԱՏՕ-ից և Վաշինգտոնից նոր համակարգողները       Հայաստանին է մոտենում հաջորդ ցիկլոնը    

05 ապր 2022 19:30

Կապույտ էկրանի գրավիչ աշխարհը, տաղանդավոր մարդիկ տեսախցիկի հետևում. Տեսանյութ, լուսանկարներ

Hayacq.com-ը, Հայաստանում և աշխարհում հայկական հետքերի բացահայտման, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք կապերի մասին զրուցեց Ջերսի ՍՊԸ հիմնադիր տնօրեն, բազմաթիվ հաղորդաշարերի ռեժիսոր Ներսես Մարտիրոսյանի հետ:
 
-Ձեր կազմակերպությունը համագործակցելով Հանրային հեռուստաընկերության, սփյուռքյան և մշակութային գերատեշչությունների, ինչպես նաև բազմաթիվ բարեգործական հիմնադրամների հետ միշտ կարևորել է Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդումը, բազմիցս լուսաբանել հայկական պատմամշակութային արժեքներն աշխարհի տարբեր երկրներում, ինչպես նաև Հայաստանում: Փոքր ինչ կմանրամասնեք:
             
-Իմ ղեկավարված կազմակերպությունն ավելի քան 14 տարվա  պատմություն ունի։ Այս բազմամյա տարիների աշխատանքի արդյունքում մենք իրականացրել ենք բազմաթիվ նախագծեր՝ հեռուստաֆիլմեր, հաղորդումներ, գովազդներ, տեսահոլովակներ, ուսուցողական և ճանաչողական ֆիլմեր և այլն:
Դրանցից են՝ «Մերոնք», «Օտար, ամայի ճամփեքի վրա», «Բացահայտիր Հայաստանը», «Սփյուռքի ժամ», «Հայ Սփյուռք», «Ազգ-բանակ» և այլն։ Մենք եղել ենք մոտ 60 երկրներում և բազմաթիվ քաղաքներում՝ ոչ միայն պատմել և ներկայացրել ենք այդ երկրների քաղաքները, այլև անդրադարձել այնտեղի հայ հասարակության կյանքին ու դերին։ Մենք հատուկ ուշադրության ենք արժանացնում հայ համայնքին, հայկական դպրոցներին, եկեղեցիներին, հայկական ժառանգությանն ու մշակույթի պահպանմանը։

Հայաստանում էլ շատ հաղորդումներ ենք նկարահանել՝ բացահայտելով հետաքրքիր և կարևորագույն պատմամշակութային վայրեր մեր երկրում, որոնց մասին շատ դեպքերում մարդիկ չգիտեն թե ինչպիսի պատմական, ճարտարապետական, մշակութային հարուստ ժառանգություն ունենք, ինչը նաև հայեցի սերունդներ կրթելու նպատակ է հետապնդում: Նաև կարող եմ ասել, որ մեր հաղորդումներն իրենց դերը կարող են ունենալ զբոսաշրջության զարգացման հարցում։ Համագործակցել ենք Սփյուռքի, Մշակույթի, ԱԳՆ և Էկոնոմիկայի նախարարությունների հետ: Համագործակցում ենք ինչպես կառավարության, այնպես էլ բարեգործական կազմակերպությունների հետ՝ փորձելով հասարակությանը մատչելի կերպով ներկայացնել հայրենասիրական հաղորդումներ, որոնք նաև կնպաստեն մեր երկրի զարգացմանը։

Որպես ռեժիսոր, իմ նպատակն է որպեսզի մեր հեռարձակումներն արդյունավետ լինեն ինչպես Սփյուռքի համար, այնպես էլ ողջ աշխարհի հայերը միշտ տեղեկացված լինեն Հայաստանի մասին։
Նկարահանել ենք նաև ֆիլմեր հայ հայտնի գործիչների մասին: Ունենք առանձին հաղորդում, որն ամբողջությամբ նվիրված է հայտնի հայերին։
Այս բազմաթիվ ծրագրերի շնորհիվ մենք կամուրջ ենք կառուցել Սփյուռքի և հայրենիքի միջև, որպեսզի սփյուռքահայերը թեկուզ հեռվից, բայց ծանոթ լինեն Հայաստանում տեղի ունեցող իրադարձություներին: Հաճախ ցանկանան այցելել իրենց հայրենի բնօրրան, ինչու չէ վերադառնան հայրենիք, իրենց ավանդն ու դերը ունենան մեր երկրի զարգացման գործում:
Մեր ընկերությունը նաև նպաստում է բարեգործական նախագծերի  իրականացմանը: Մեզ հաջողվել է աշխարհի տարբեր ծայրերից մոտ հարյուր հովանավորների ներգրավել բարեգործական ծրագրերում:
 
-Արդեն երկար տարիներ հատկապես ակտիվ աշխատել եք Հանրային հեռուստաընկերության հետ: Ձեր հաղորդաշարերի շրջանակներում ավելի քան 60 երկիր է ներկայացվել: Ո՞րն է այսքան տարիների արդյունավետ համագործակցության գրավականը:
 
-Չկա մի հայ, ով լցված չէ կարոտով հայոց հնչյունների հանդեպ, ով չի հետևում հայկական իրականության զարգացումներին և չի երազում տեսնել, զգալ հայկականությունը: Այս ամենը գերակա խնդիր համարելով՝ մենք նախագծեցինք մի ծրագիր, որը կոչվում է «Օտար, ամայի ճամփեքի վրա». Հաղորդաշարը կառուցված է հեռուստաճամփորդության ժանրի կանոններով: Այն պատմում է տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցների մասին, ովքեր մեծ հաջողություններ են արձանագրել տնտեսության, գիտության, մշակույթի կամ որևէ այլ բնագավառում: Հաղորդաշարը յուրատեսակ հեռուստատեսային զբոսավարի դեր է կատարում, որն ասես հեռուստադիտողի «ձեռքից բռնած» ուղեկցում է աշխարհի զանազան երկրներով ու քաղաքներով:
Այս հեռուստանախագիծը հնարավորություն է տալիս ոչ միայն ճանաչել աշխարհի պատմաճարտարապետական հուշարձաններն ու տեսնել տեսարժան վայրեր, այլև ծանոթացնում է համաշխարհային քաղաքակրթության մշակութային առանձնահատկությունների հետ: Այս առումով, հաղորդաշարն ունի ևս մեկ հայանպաստ կողմ՝ յուրաքանչյուր ճամփորդության ժամանակ ներկայացվում է տեղի հայությունը և նրա ունեցած ավանդը տվյալ երկրի մշակութային և տնտեսական կյանքում: Այն նպաստում է Հայրենիք-Սփյուռք տեղեկատվական շփումների ձևավորմանը։ Ես, որպես ռեժիսոր, փորձեցի հեռուստադիտողի դատին հանձնել այս ամենը՝ հակիրճ և հետաքրքիր լուծումներով, շեշտը դնելով հայապահպանության վրա։

Թե ո՞րն է այսքան տարիների արդյունավետ համագործակցության գրավականը, ասեմ, որ արդյունավետ համագործակցության hաջողությունը ձեռք բերվեց ընդհանուր ջանքերով: Այստեղ պետք է նշեմ հատկապես Համահայկական Աշխարհագրական ասոցիացիայի նախագահ Ռաֆայել Հովհաննիսյանի կարևոր դերը, ով մեծ ներդրում է ունեցել այս բոլոր աշխատանքներում, հատկապես՝ «Օտար, ամայի ճամփեքի վրա», «Հայ Սփյուռք» ծրագրերի մեջ և Հայաստանի ու Սփյուռքի հարաբերությունների ամրապնդման գործում։
 
Նաև հաջողության խորհրդանիշ է հայրենասիրությունը, սերը դեպի հայրենիքը և Հայաստանի ու Սփյուռքի կապը պահպանելու, ամրապնդելու ցանկությունը։ Մեր թիմը շահագրգռված էր որակյալ ծրագրեր պատրաստելու և Հայաստանը բարձր մակարդակով ներկայացնելու հարցում։ Ի վերջո, օտար երկրում ապրելով շատ կարևոր է չմոռանալ սեփական ինքնությունը, արմատները: Կարող եմ ասել, որ դիտելով մեր հաղորդումները՝ ապրելով հայրենիքից հեռու, բազմաթիվ հայեր, միշտ հնարավորություն են ունենում կապ պահպանել հայրենիքի հետ։ Մենք միշտ ներկայացրել ենք, թե որքան ակտիվ է գործում հայությունը Սփյուռքում, նաև լուսաբանել հայկական դպրոցներն ու հայ եկեղեցու պահպանման հարցերը։ Գլխավոր հարցն այն է, որ ինքս կարևորում եմ որակյալ և հիշարժան ֆիլմեր ու հեռուստահաղորդումներ պատրաստել։ «Օտար, ամայի ճամփեքի վրա»-ն եթերում է արդեն երկար տարիներ, ինչը ցույց է տալիս, որ թիմային ջանքերով հասել ենք մեր նպատակին։
 
-Վերջերս Շարժայում տեղի ունեցավ «Շարժայի ժառանգության օրեր» ամենամյա մշակութային փառատոնը, որտեղ Հայաստանը հրավիրված էր հատուկ հյուրի կարգավիճակով: Ինչպե՞ս ընկալվեց հայկական մշակութային ժառանգությունը միջոցառման ցուցադրության ժամանակ:
 
-Մեզ հրավիրել էր ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունը լուսաբանելու այս փառատոնը, որտեղ Հայաստանն այս անգամ հատուկ հրավիրված հյուր էր։ Ներկայացվեցին մշակութային և պատմական արժեքները հատուկ բերված Հայաստանից, կային նաև ցուցանմուշներ հայկական թանգարաններից, ներկայացված էին խաչքարեր, հայկական գորգարվեստը, տիկնիկագործությունը, ավանդական երգը և այլն։ Կարող եմ ասել, որ շատերը զարմացած ու ոգեշնչված էին, իրոք շատ մեծ էր հետաքրքրությունը: Քառասուն այլ երկրներից փառատոնի մասնակիցները մեծ հետաքրքրությամբ  ուսումնասիրում էին Հայաստանի տաղավարում ներկայացվածը, նշելով որ փառատոնից հետո կուզեն այցելել Հայաստան:
Որպես ռեժիսոր, իմ հիմնական նպատակն է նկարահանման հրապարակում մեծ ուշադրություն դարձնել ամեն մի մանրուքին և ճիշտ խնդիր դնել մեր նկարահանման խմբի առջև:
Շարժայում նաև նկարահանեցինք ֆիլմի և մեր ծրագրերի համար նոր ու հետաքրքիր տուրիստական վայրեր։ Հետաքրքրական է, որ փառատոնից հետո Արաբական Միացյալ Էմիրությունների հայկական սփյուռքը դիտել և իր գոհունակությունն էր հայտնել նկարահանված նյութի վերաբերյալ։ Սա մեզ համար շատ կարևոր գնահատական է:
 
-Իսկ ի՞նչ կասեք Շարժայում հայապահպանության և հայ համայնքի գործունեության մասին:

-Հատկանշական է, որ ​​Արաբական Միացյալ Էմիրություններում ապրող հայերը փառատոնին եկել էին իրենց երեխաների հետ՝ ամեն ինչ հետաքրքրությամբ ուսումնասիրելով և փոխանցելով հայկական մշակույթն ապագա սերնդին։
Երբ մենք Շարժայում էինք, հանդիպեցինք հայ համանքի հետ։ Այստեղ գործում է կիրակնօրյա հայկական դպրոց, որտեղ շատ երեխաներ են հաճախում՝ սովորում հայոց լեզու, պատմություն, կրոն: Անձնակազմն ամեն ինչ անում է, որ երեխաները պահպանեն իրենց հայկական ինքնությունը, հոգևոր ու ազգաին արժեքները, ինչպես նաև բազմադարյա ավանդույթները։ Եկեղեցին նույնպես ակտիվ է գործում: Իսկ տեղի իշխանությունները մեծ աջակցություն են ցուցաբերում հայ համայնքին, որոնք մասնակցում են բազմաթիվ նախագծերի և նպաստում հայ մշակույթի պահպանմանը: Այստեղ բարձր  է գնահատվում հայերի ներդրումը երկրում տարբեր բնագավառների զարգացման մեջ։
 
-Ձեր հաղորդումները բազմաթիվ պատվոգրեր, շքանշաններ, շնորհակալագրեր են վաստակել, Ներսես Մարտիրոսյանը Հայաստանում հայտնի է որպես լավագույն ռեժիսորներից մեկը: Ո՞րն է Ձեր հաջողությունների գաղտնիքը:
 
-Ես իմ գործը սիրով ու նվիրվածությամբ եմ անում, մեծ ուշադրություն չդարձնելով մրցանակների ու շնորհակալագրերի վրա, անում եմ զուտ որպես հայ, հայրենասիրական մղումներից ելնելով։
Հաճելի է իհարկե, որ աշխատանքդ նկատվում և գնահատվում է թե՛ պետության կողմից, և թե՛ անհատների:
Ինչ վերաբերվում է մրցանակներին, ապա մեր թիմն ունի բազմաթիվ պատվոգրեր և շնորհակալագրեր գործընկերների կողմից: Մեր ծրագրերն արժանացել են մոտ 40 մրցանակների: Ինքս, ՀՀ մշակույթի նախարարության կողմից ստացել եմ պատվոգիր՝ հայկական մշակութային և պատմական ժառանգության լուսաբանման գործում ներդրած ավանդի համար, ՀՀ սփյուռքի նախարարության կողմից ստացել եմ մրցանակ՝ Հայաստանի և հայկական սփյուռքի միջև ամուր կապերի պահպանման լուսաբանման գործում ներդրում ունենալու համար։ Ուզում եմ  նաև ասել, որ սա մեր ողջ թիմի արժանիքն է։ Ուստի, իմ հաջողության գլխավոր գաղտնիքն իմ թիմն է, իր պրոֆեսիոնալ աշխատանքով, որը 2006 թվականից  աշխատում է հեռուստատեսային ծրագրերի ու ֆիլմերի նկարահանման վրա և ջանք ու եռանդ չի խնայում բարձր որակ ապահովելու համար: Եթե ​​թիմն այսքան եռանդով, նվիրումով և հայրենասիրությամբ չաշխատեր, մենք հաջողությունների չէինք հասնի։ Այո, կարող եմ ասել, որ եղել են ժամանակներ, երբ աշխատել ենք օր ու գիշեր, որպեսզի հեռուստադիտողը որակյալ ծրագրեր դիտելու հնարավորություն ունենա և ամենակարևորը ճանաչի իր հայրենիքը։
 
-Առաջիկայում ի՞նչ կարևոր, հետաքրքրաշարժ ծրագրեր ունեք նախատեսած:
 
-Յուրաքանչյուր ստեղծագործող մարդ՝ այն էլ ռեժիսոր, միշտ իր արջև դնում է խնդիրներ։ Իհարկե, առաջիկայում ունեմ շատ ծրագրեր և անելիքներ։ Արդեն ստացել եմ հրավերքներ միջազգային կազմակերպությունների կողմից:
Առայժմ փակագծերը չեմ բացի, բայց մի բան կարող եմ ասել, այսօր էլ նոր նախագծերի վրա ենք աշխատում, որոնք ավելի մեծ արձագանք և հնչեղություն կարող են ունենալ ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս: Հուսով եմ, որ այդ նոր նախագծերը նույնպես կարժանան մեր հեռուստադիտողի դրական գնահատականին։
Զրուցեց՝ Լուսինե Մանանդյանը
Hayacq.com

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր