Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

15 սեպ 2022 11:51

Այդ 105 զո՞հն է, թե՞ էլի կան զոհեր, անհետ կորածներ․.. Երբ ցանկացած տարածքի, որը քեզ չի պատկանում, դու տիրանում ես, եթե չունես կոնկրետ փաստաթուղթ, դու այդ տարածքի հետ ունենալու ես խնդիր.ՔՊ-ական պատգամավոր

«Հրապարակ» թերթը գրում է․ «ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանը երեկ մեզ հետ զրույցում ներկայացրեց, թե ինչ իրավիճակ է Կապանում եւ Կապան-Ճակատեն հատվածում, որը հայտնվել է թշնամու կրակի տակ եւ փակ է։ «Մինչեւ երեկ ցերեկը անընդհատ կրակոցներ կային Հանդ գյուղի ուղղությամբ, հատկապես՝ մի քանի դիրքերի, որոնք մեր տղաները ոչ մի կերպ չէին զիջում։ Հետո՝ ժամը 17։00-ի կողմերը, սկսեց հանդարտվել, շատ քիչ էին կրակում։ Փոխարենը Սիսիանի եւ Սեւ լճի ուղղությամբ կատաղի մարտեր են ընթանում»,- ասաց Դանիելյանը։


- Կրակը դադարել է, որովհետեւ թշնամին կարողացել է հասնել հաջողությա՞ն, թե՞ այլ պատճառով։


- Չէ, թշնամին դիրքեր գրավելուց հետո էլ շարունակում էր փորձել նոր դիրքեր գրավել, ես ենթադրում եմ, որ չհաջողվեց այդ դիրքերը վերցնել, որովհետեւ մեր տղաներն իսկապես կատաղի կռիվ էին տալիս, այդ պատճառով դադարեցրեց կրակը։


- Իսկ զոհերի, վիրավորների մասով ի՞նչ կասեք, այդ 105 զո՞հն է, թե՞ էլի կան զոհեր, անհետ կորածներ։


- Անտառներում, հատկապես Հանդի կողմերը անտառներ են, եւ, ցավոք սրտի, համոզված եմ, որ կլինեն էլի մարմիններ, որ չեն հայտնաբերվել, եւ դեռ երեկ երեկոյան ողջ մարդիկ էին անտառից դուրս գալիս, տարբեր միջոցներով փորձում էինք նրանց դուրս բերել։


- Ձեր կարծիքով, թշնամու գերնպատակը ո՞րն է, արդյոք Սյունիքով իր երազած միջա՞նցքն է փորձում ստանալ եւ արդյո՞ք ուզում է  Ջերմուկից Վայքը կտրելով՝ վերցնել դեպի Նախիջեւան։


- Ես կարծում եմ՝ բոլորիս արդեն հայտնի են թշնամու նպատակները, նա էլ է հայտնում, առաջնային խնդիրը Սյունիքով միջանցք կտրելն է, եւ ես համոզմունք ունեմ, որ եթե անգամ դա նրան հաջողվեր, դրանով չէր բավարարվելու, կփորձի առաջ գնալ։ Երբ մարդու հետ խոսելիս չի ստացվում իր հետ լեզու գտնել, փորձում ես տալ ուժին, հա՞, հարվածել իրեն։ Մենք ստացանք էդ հարվածը, որ Ադրբեջանը մեզ համար անընդունելի պահանջներ է ներկայացնում, բնականաբար՝ մենք չենք կարող համաձայնել, եւ որեւէ տրամաբանություն չկա համաձայնելու, ու նա փորձում է ուժով ինչ-որ արդյունքի հասնել։ Բայց ներքուստ համոզված եմ, որ գիտակցում է, որ գրեթե անհնար է մեր սուվերեն տարածքով կտրել միջանցք։ Այն մթնոլորտը, այն տրամադրվածությունը, որ կա գյուղերի բնակիչների, զինվորների եւ կամավորների մեջ, ես այդպիսի տրամադրվածություն երբեք չեմ տեսել։ Մարդիկ կռվում են հանուն Հայաստանի սուվերենության։


- Բայց Ալիեւի պահանջները դուք կատարել եք այս 2 տարվա ընթացքում։ Արցախի մասով չհիշեցնեմ, Բերձորն ու Աղավնոն, օրինակ, առանց մեկ կրակոցի հանձնեցիք, դրանից առաջ էլ Գորիս-Կապան ճանապարհը հեշտությամբ տվեցիք՝ Սեւ լճի 30 տոկոսը տվեցիք, պարզվեց՝ ձյունածածկ մաս էր, մեզ պետք չէր, մինչդեռ հիմա կարող էր պետք գալ․․․


- Ես ուզում եմ հիշեցնել, որ մենք ոչ մի բան հեշտությամբ չենք տվել, ուղղակի, հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը, Հայաստանում իրավիճակը, Հայաստանի մարտունակության աստիճանը եւ տարբեր ժամանակներում տարբեր փաստաթղթեր, այո՝ եղել են որոշակի պայմանավորվածություններ, փորձվել է Ադրբեջանի հետ գնալ այն ճանապարհով, որպեսզի կնքենք խաղաղություն։ Ես որեւիցե պարագայում չեմ ցանկանում Ձեր կողմից նշված տարբեր շրջանների հարցը կապել այս միջանցքի հարցի հետ, որովհետեւ այնտեղ կան շրջաններ, որոնք աշխարհի կողմից ճանաչվել են որպես Ադրբեջանի սուվերեն տարածք, իսկ այսօր մենք խոսում ենք այն տարածքների մասին, որոնք բոլոր երկրների համար՝ բացի Ադրբեջանից եւ Թուրքիայից, ՀՀ սուվերեն տարածք են։


- Այսինքն՝ Սեւ լճի այդ հատվածը, Սիսիանի որոշ դիրքեր, Գորիս-Կապան մայրուղին, Շուռնուխի եւ Որոտանի որոշ հատվածներ 30 տարի մենք օկուպացրել էինք, եւ Հայաստանի սուվերեն տարածք չէի՞ն։


- Չէ, ես ավելի պարզաբանեմ, որ Դուք ճիշտ հասկանաք։ Որոշակի դիրքային խնդիրները չեն լուծվել հիմնականում այն պատճառով, որ չի եղել դեմարկացիա, դելիմիտացիա, եւ մինչեւ վերջերս էլ տեղեր կային, որ նրանք ասում էին՝ մի քիչ առաջ եք կանգնած, սա մեր տարածքն ա, կամ մենք էինք ասում՝ մենք ենք առաջ, բայց փաստացի թուղթ չկար, որ հասկանային՝ իրականում ով է առաջ, ով` հետ։ Եվ հենց այդ խնդիրն էլ է, որ Սեւ լճում, Սիսիանում, տարբեր տեղեր որոշակիորեն կարծիքները չէին համապատասխանում։ Դրա խնդիրը հենց այդ դեմարկացիա-դելիմիտացիան է։


- Ի դեպ, ամեն անգամ, երբ Ադրբեջանը հարձակվում է, կասկածներ են առաջանում, որ Նիկոլ Փաշինյանը գուցե պայմանավորվել է «կիրթ եւ կառուցողական Ալիեւի» հետ, որ իր ուզածը գա ուժով վերցնի, որ ինքը լեգիտիմ պատճառ ունենա տալու, ասի՝ չէիք ուզում առանց զոհերի տալ, ստիպված ենք տալ զոհերով։


- Երբ ցանկացած տարածքի, որը քեզ չի պատկանում, դու տիրանում ես, այդ տարածքի հետ կապված, եթե չունես կոնկրետ փաստաթուղթ, դու այդ տարածքի հետ ունենալու ես խնդիր։ Եվ մեկ այլ բան է, որ բռնի ուժով Ադրբեջանն ինչ-որ տարածքներ որոշակի ժամանակով գրավի կամ իր վերահսկողության տակ վերցնի, մեկ այլ բան է, որ դա պայմանագրով լինի։ Եվ ես այսօր շատ հստակ, հաշվի առնելով այդ խոսակցությունները, մեր վարչապետին խնդրեցի, որ եւս մեկ անգամ հաշվի առնելով այս լարված իրավիճակը եւ հաշվի առնելով այն խոսակցությունները, որ ես ունենում եմ տարբեր գյուղերում, առաջնագծում, սահմանին կանգնած մեր գյուղացիների հետ, նորից պնդի՝ որեւիցե պարագայում, անկախ նրանից, թե ինչ ռազմական գործողություններ կլինեն, ինչ կորուստներ կլինեն, ՀՀ իշխանությունը եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չեն համաձայնելու անգամ քննարկման առարկա դարձնել Սյունիքի եւ, առհասարակ, Հայաստանի սուվերենության հարցը։


- Բայց ի պատասխան Ձեր հարցին՝ Փաշինյանը կարծես Ձեզ վրա մուննաթ եկավ, անուղղակիորեն Ձեզ մեղադրեց, թե ով նման բան է մտածում, դավաճան է։ Կարծես ակնարկը Ձեզ ուղղված լիներ։


- Ես լիարժեք բավարարված եմ իր այդ պնդմամբ, ակնարկն ինձ չէր ուղղված, ակնարկն ուղղված էր այդ խոսակցությունը տարածողներին, եւ, հետեւաբար, ես անհրաժեշտություն գտա այս պահին դա հայտարարելու, որ մեր այն քաղաքացիները, ովքեր այսօր կատաղի կռիվ են տալիս Հայաստանի սուվերենության համար, համոզված լինեն, որ, այո, որեւիցե պարագայում դրա հետ կապված որեւէ փաստաթուղթ չի ստորագրվելու։


- Իսկ եթե, այնուամենայնիվ, թշնամին կարողանա ինչ-որ տարածքներ վերցնել իր վերահսկողության տակ, մենք ի՞նչ ենք անելու, անցնելու ենք հակահարձակման, որ հե՞տ վերադարձնենք։


- Եկեք մենք չմտածենք, որ թշնամին կհասնի հաջողության, ես չէի ցանկանա դրա մասին հիմա խոսել։ Աստված չանի: Երբ այդպիսի փաստ լինի, նոր կխոսենք»։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր