Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 20-ին տարադրամի շուկայում          Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին․ ադրբեջանում ցնծում են` կատարվածը համարում Ալիևի հերթական շռնդալից հաղթանակը. «Հրապարակ»       Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»    

27 սեպ 2022 15:37

Ուժեղ դոլարը կարող է մղձավանջ դառնալ համաշխարհային տնտեսության համար

Տնտեսագետները նախազգուշացնում են, որ ուժեղ դոլարը կարող է մղձավանջ դառնալ համաշխարհային տնտեսության համար, գրել է Fortune-ը։


«Ակնհայտ է, որ մենք այդ եկամտաբերության անշեղ աճն ունենք, դա դոլարի անշեղ ամրապնդումն է։ Սա վատ նորություն է ինչպես կորպորացիաների, այնպես էլ տնտեսության համար»,- CNBC-ին ասել է Քեմբրիջի համալսարանի Թագավորական քոլեջի նախագահ Մոհամեդ էլ-Էրիանը։




Նրա խոսքով, երբ ամբողջ զարգացող աշխարհում «հրդեհ» է, իսկ հիմա անգամ այնպիսի տեղերում, ինչպիսին Մեծ Բրիտանիան է, դոլարը վերջին ատյանի արժույթ է ներդրողների համար։


«Դոլարի վերջին թանկացման պատճառն այն է, որ մենք ապաստարան ենք հանդիսանում, եւ դրա հետեւանքներից մեկը մեր արժույթի ամրապնդումն է»,- ասել է նա։


Առաջին անգամ չէ, երբ էլ-Էրիանը նախազգուշացնում է ԱՄՆ դոլարի աճի պոտենցիալ աղետալի հետեւանքների մասին։


Washington Post-ի սեպտեմբերի 6-ի հոդվածում նա բացատրել է, որ ուժեղ դոլարը կարող է «խառը բարիք» լինել։ Մի կողմից՝ դոլարի ուժն օգնում է իջեցնել գնաճը ԱՄՆ-ում, բայց միաժամանակ, երբ դոլարը մնում է կայուն ուժեղ, այն կարող է սնանկացնել զարգացող երկրներին, քանի որ նրանց պարտքի արժեքը դոլարով կտրուկ կաճի։


Հենց սա էլ տեղի ունեցավ 1980-ականների լատինամերիկյան ճգնաժամի ժամանակ։ 1970-ականների ընթացքում Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայի զարգացող երկրները կուտակել էին միլիարդավոր դոլարների վարկեր՝ ցածր տոկոսադրույքներով։ Հետո, երբ ԱՄՆ-ը կտրուկ բարձրացրեց տոկոսադրույքները՝ գնաճի դեմ պայքարելու համար, սկսած 1982-ից, պարտքի արժեքը կտրուկ աճեց՝ առաջ բերելով ճգնաժամ, որը, Դաշնային պահուստային համակարգի տվյաներով, Լատինական Ամերիկան խորասուզեց «կորսված տասնամյակի» մեջ։


Էլ-Էրիանը նախազգուշացրել է, որ ուժեղ դոլարը կարող է մի շարք կործանարար հետեւանքներ ունենալ նաեւ ձեւավորվող շուկաներով երկրների սահմաններից դուրս։ «Որքան երկար եւ բարձր լինի դոլարը մյուսներից, այնքան ավելի մեծ կլինեն երկարատեւ գլոբալ ստագֆլյացիայի ռիսկը, պարտքային խնդիրները զարգացող երկրներում, ավելի շատ կլինեն ապրանքների ազատ հոսքերի սահմանափակումները, քաղաքական ցնցումները փուխր տնտեսություններում եւ աշխարհաքաղաքական հակամարտությունները»,- գրել է նա։


Էլ-Էրիանը նշել է նաեւ, որ դոլարի վերջին ամրապնդումը կարող է հանգեցնել գլոբալ ռեցեսիայի  «ոչ հաճելի բարձր հավանականության»։


Նախ՝ նա նշել է, որ կենտրոնական բանկերն ամբողջ աշխարհում խրախուսողից անցել են սահմանափակող քաղաքականության գրեթե միաժամանակ, որպեսզի դիմակայեն գնաճին։ Երկրորդ՝ գլոբալ տնտեսական աճը «զգալիորեն դանդաղում է», քանի որ աշխարհի ամենակարեւոր երեք տնտեսությունները՝ ԱՄՆ-ը, ԵՄ-ը եւ Չինաստանը, շարունակում են կորցնել տեմպերը։


Եվ վերջապես, գլոբալացման գործընթացը, որն օգնել է վերջին երկու տասնամյակում առաջ բերել դեֆլյացիոն միտում ամբողջ աշխարհում, այժմ մարում է «մշտական աշխարհաքաղաքական լարվածության» պատճառով։


CNBC-ի հարցազրույցում տնտեսագետը բացատրել է, որ հարացույցի այս տեղաշարժերը միայն վատթարացել են պետական քաղաքականության պատճառով, եւ կոչ է արել քաղաքական գործիչներին դադարեցնել փոփոխականության ավելացումը՝ ակնարկելով Մեծ Բրիտանիայում հարկերի եւ ծախսերի կրճատման նոր պլանը։


«Խոսքը միայն հարացույցի մեծ տեղաշարժերի մասին չէ,- ասել է էլ-Էրիանը,- խոսքն այն մասին է, որ կառավարությունները եւ կենտրոնական բանկերը փոփոխականության աղբյուր են, այլ ոչ թե փոփոխականությունը ճնշող։ Նրանք ուժեղացնում են փոփոխականությունը, ինչը հատկապես նկատելի է Մեծ Բրիտանիայի կառավարությունում, ինչպես նաեւ ԱՄՆ-ում... այդ շուկաների մի մասում անկարգություն է տիրում, իսկ դրանք համաշխարհային տնտեսության հիմնական շուկաներն են»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր