ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

01 հոկ 2022 10:49

Բացառված չէ, որ զորակոչվածները կարճ ժամանակ անց հայտնվեն մարտական գործողությունների կիզակետում, կարող են նաև առաջնագիծ տանել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ մայրաքաղաքի եւ մարզերի զինկոմիսարիատները ծանուցագրեր էին բաժանում զինծառայություն անցած ու այդ ընթացքում կոնկրետ մասնագիտություններ ձեռք բերած քաղաքացիներին։ Եվ սա աժիոտաժ էր առաջացրել բնակչության շրջանում։ Ծանուցագրերը բաժանվում էին ՀՀ պաշտպանության նախարարության առաջարկած նախագծի հիման վրա ՀՀ կառավարության կողմից ընդունված «հերթական պլանային վարժական հավաքներ հայտարարելու մասին» որոշման հիմքով։ Համաձայն այդ որոշման` հերթական պլանային հավաքներին ներգրավվելու են պահեստազորայիններ՝ համազորային եւ հրթիռահրետանային մասնագիտություններով: Վարժական հավաքներն անցկացվելու են մինչեւ նոյեմբերի 22-ը:

Այս ծանուցագրերը, հատկապես վերջին օրերին գրանցված զոհերի ֆոնին, բնական անհանգստություն ու բացասական ռեակցիա են առաջացրել իրենց զավակներին առաջնագիծ ուղարկելուն դիմադրող ծնողների մոտ։ Երեւանում ծանուցագրերն ուղարկվում են փոստով, իսկ մարզերում առձեռն են հանձնում։ Ծանուցագիր բաժանողներից ոմանք անգամ հրաժարվում են այդ գործառույթն իրականացնել՝ չցանկանալով արժանանալ ծնողների անեծքին ու կշտամբանքներին։ Ծնողներից մեկը մեզ ասաց՝ թող ծանուցագիր բաժանողն ասի՝ ինքը պատասխանատո՞ւ է իր որդու համար, որ վարժանքների ավարտից հետո իր որդին ողջ-առողջ կգա-կհասնի տուն, թե՞ ոչ։ Եթե գլխով պատասխան կարող է տալ, կուղարկի իր զավակին, եթե ոչ՝ ոչ։ Իսկ ծանուցագիր բաժանողները, բնականաբար, որեւէ պատասխանատվություն չեն կարող ստանձնել։ Ծնողներին անհանգստացնում է հատկապես այն, թե արդյոք վարժանքներին մասնակցելու համար զորակոչվածներն անցնելո՞ւ են մարտական հերթապահություն կամ հնարավոր հարձակման դեպքում մասնակցելո՞ւ են, արդյոք, մարտական գործողություններին:

Պարզվեց՝ այո։ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը մեզ հետ զրույցում այս հարցի կապակցությամբ ասաց. «Վարժական հավաքներին ներգրավվելուց հետո նշանակվում են համապատասխան զինվորական հաստիքներում, անցնում մարտական ներդաշնակում եւ ընդգրկվում մարտական հերթապահությունում»:

Ըստ Արամ Թորոսյանի` սա նշանակում է, որ այս ծանուցագրերով հավաքների մասնակիցները լիարժեք զինծառայողի կարգավիճակ են ստանում: «Այսինքն` ստացավ ծանուցագիրը, ներգրավվում է վարժական հավաքի, նշանակվում զինվորական հաստիքի, անցնում մարտական պատրաստության պլանով դասընթացներ, մարտական ներդաշնակում եւ ընդգրկվում մարտական հերթապահությունում»,- ասաց նա` հիշեցնելով, որ հավաքներից խուսափելն առաջացնում է քրեաիրավական պատասխանատվություն:

Կարելի է ենթադրել, որ առաջիկայում նոր հարձակումներ ու լարվածություն են սպասվում հայ-ադրբեջանական սահմանին, ՊՆ-ն, փաստացի, վարժանքների անվան տակ զորակոչ է իրականացնում, եւ բացառված չէ, որ զորակոչվածները կարճ ժամանակ անց հայտնվեն մարտական գործողությունների կիզակետում։

Ի դեպ, մեզ ասացին, որ հակառակ երեւույթն էլ կա՝ որոշ տեղերում վարժական հավաքներին մեկնում են աշխատանք ու եկամուտ չունեցող անձինք, որոնք 3 ամիս ապրում են զորամասերում, գրեթե ոչինչ չեն անում եւ փող են ստանում դրա դիմաց։ Այլ արատավոր երեւույթների մասին էլ են պատմում, սակայն մենք ձեռնպահ կմնանք դրանց մասին խոսելուց»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր