Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում       Թույլ չենք տա, որ Հարավային Կովկասում նորից խարույկ վառեՆ.Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ    

07 հոկ 2022 11:10

Նայեք Ուկրաինային, ԱՄՆ-ի կոշտ քաղաքականության համար է, որ վճարում են նրանք, ՀՀ-ն պատրա՞ստ է նման դեր ստանձնել.ԱՄՆ-ի ինչին է պետք Հայաստանն ու Արցախը

Eeadaily.com-ը գրում է, որ նույնիսկ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը երաշխիք չէ, որ ԱՄՆ-ը ռազմական օգնություն կցուցաբերի Երևանին։ Նման կերպ է միջազգային հարցերով փորձագետ, Լիհայի համալսարանի (ԱՄՆ) պրոֆեսոր Արման Գրիգորյանը մեկնաբանել «հանրային սպասումները»՝ կապված ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի վերջերս Երևան կատարած այցի լույսի ներքո։ Նա նաև նշել է, որ շատ արևմտամետ կազմակերպություններ և քաղաքական ուժեր ամերիկացի քաղաքական գործչի այդ շրջայցը ներկայացրել են այն լույսի ներքո, որ Վաշինգտոնն իբր կարող է այն աստիճանի արդյունավետ օգնություն ցուցաբերել Երևանին Ադրբեջանի հետ առճակատման հարցում, որ անգամ կդառնա «անվտանգության երաշխավոր» հայոց պետականության համար։


«...Նրանց, ովքեր հայտարարում են ՆԱՏՕ-ի դաշինքից դուրս Հայաստանի ԱՄՆ-ի դաշնակից դառնալու հեռանկարի մասին, պետք է տրվեն հետևյալ հարցերը: Նախ, մեր աչքի առաջ Վրաստանի օրինակն է, որը պետական ​​մակարդակով ուղղություն է վերցրել ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցելու ուղղությամբ։ Նրան ԱՄՆ-ից այնպիսի ռազմական օգնություն ցո՞ւյց են տվել, ինչի կարիք ունի, ընդունե՞լ են ՆԱՏՕ, թե՞ ոչ։ Երկրորդ հերթին ո՞րն է Հայաստանի ռազմավարական նշանակությունը ԱՄՆ-ի համար, որպեսզի Վաշինգտոնն իսկապես որոշի այդ երկրին ռազմական օգնություն տրամադրել»,- նկատել է Գրիգորյանը, ում կարծիքով հիմք չկա պնդելու, որ Երևանի ռազմավարական նշանակությունը ԱՄՆ-ի աչքում ավելի բարձր է, քան Բաքվի կամ Անկարայի նշանակությունը, և որպեսզի ամերիկյան էլիտան տեր կանգնի Հայաստանին։


«Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը հաճախ ենթարկվում է երկրի ներսի տարբեր լոբբիստական ​​կառույցների ազդեցությանը։ Եթե ​​Ամերիկայում կան մարդիկ, ովքեր հանդես են գալիս Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդման օգտին, ապա կան նաև ուրիշներ, ովքեր աջակցում են Ադրբեջանի հետ համագործակցության խորացմանը, Իրանի նկատմամբ քաղաքականության խստացմանը և այլն։ Այսինքն որևէ մոնոլիտ մոտեցում չկա»,- պարզաբանել է Արման Գրիգորյանը։ Հայաստանի դեպի ԱՄՆ աշխարհաքաղաքական շեղումով, ըստ Գրիգորյանի, պետք է նկատի ունենալ նաև Ուկրաինայի դառը փորձը:


«Միացյալ Նահանգների կոշտ քաղաքականության համար է, որ հիմա վճարում են Ուկրաինան և ուկրաինացի ժողովուրդը։ Հայաստանը պատրա՞ստ է նման դեր ստանձնել»,- հարցնում է Գրիգորյանը՝ հիշելով Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերը, թե հետխորհրդային երկրները ԱՄՆ-ին հետաքրքրում են միայն այն տեսանկյունից, թե ինչ վնաս կարող են պատճառել Ռուսաստանին:


«Միայն նման դեպքում կարելի է հույս դնել ԱՄՆ-ի աջակցության վրա։ Բայց ի՞նչ է նշանակում այդ աջակցությունը, ի՞նչ հետևանքներով է այն հղի»,-  հարց է հնչեցրել փորձագետը։


Վերլուծաբան Բենիամին Պողոսյանն էլ բացառել է ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Հայաստանին:


«Թե՛ տարածաշրջանային աշխարհաքաղաքականության, թե՛ լոգիստիկայի տեսանկյունից դա բացառվում է։ Պարզ չէ, թե ինչպե՞ս կարող է ամերիկյան զենքը մատակարարվել Հայաստան։ Իրանի տարածքով դա ուղղակի բացառված է։ Թուրքիան ու Ադրբեջանը դա ուղղակի թույլ չեն տա։ Վրաստանը նույնպես շատ զգայուն է նման հարցերի նկատմամբ,- ասել է Պողոսյանը, - անհասկանալի է նաև այն, թե ինչո՞ւ ընդհանրապես ԱՄՆ-ը պետք է մեզ զենք տրամադրի, եթե անգամ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից ու խզի Ռուսաստանի հետ դաշինքը։ Ուստի այդ թեմայով խոսակցություններն ուղղակի անիմաստ են ու անհիմն»։


Բենիամին Պողոսյանը նաև պոպուլիստական ​​հայտարարություններ է անվանել ՆԱՏՕ-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը։


«ՆԱՏՕ-ում բոլոր որոշումներն ընդունվում են կոնսենսուսով։ Թուրքիան այդ կազմակերպության անդամ է։ Եվ նա հիպոթետիկ առումով կհամաձայնվի Հայաստանի անդամակցությանը միայն այն դեպքում, եթե Երևանն ընդունի Անկարայի և նրա դաշնակից Բաքվի բոլոր պայմանները։ Իսկ դա, ըստ էության, նշանակում է Հայաստանի ամբողջական կապիտուլյացիա և հաճախորդ պետություն դառնալը (որը տնտեսապես, քաղաքական կամ ռազմական առումով ենթակա է մեկ այլ ավելի ազդեցիկ պետության)»,- պարզաբանել է նա:


«Եվ ամենագլխավորը՝ ԱՄՆ-ի նպատակը ոչ թե Հայաստանին ու Արցախին (Լեռնային Ղարաբաղ) պաշտպանելն է, այլ այնտեղից ռուս զինվորականներին դուրս բերելը։ Նախ՝ Արցախից, հետո՝ Հայաստանից։ Նրանց չի հետաքրքրում Արցախի ապագա կարգավիճակի հարցը: Նրանք ուղղակիորեն հասկացնում են, որ պետք է մոռանալ դրա մասին, արցախահայերը պետք է դառնան Ադրբեջանի քաղաքացի և ունենան նույն իրավունքները, ինչ մյուս ազգային փոքրամասնությունները, այսինքն շաբաթը մեկ անգամ իրավունք կունենան հաճախել հայկական դպրոց։ Այդ ֆոնին ԱՄՆ-ի՝ Հայաստանի և Արցախի անվտանգության երաշխավոր դառնալու հեռանկարի մասին խոսելը կա՛մ քաղաքական ինֆանտիլիզմից է, կա՛մ կատարյալ պոպուլիզմից ու դեմագոգիայից»,- եզրափակել է Պողոսյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր