Ուկրաինայում բոլորովին այլ իրավիճակ է. Հայաստանը չպետք է երաշխիքներ և զենք սպասի ԱՄՆ-ից
Eadaily.com-ը գրում է, որ Հայաստանի համար այս դժվարին պահին ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի այցը Հայաստան վկայում է տարածաշրջանի նկատմամբ Միացյալ Նահանգների քաղաքականության փոփոխության սկզբի մասին։ Նման կարծիքին է հայտնել քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը։«Այս կոնկրետ այցը կոնկրետ պահին վկայում է քաղաքականության փոփոխության, վերջին իրադարձությունների և ավտորիտար Ադրբեջանի գրոհի լույսի ներքո հայկական ժողովրդավարությունը խթանելու ցանկության մասին», - կարծիք է հայտնել հայ փորձագետը։
Միաժամանակ, Կիրակոսյանը կոչ է արել Հայաստանի իշխանություններին և հանրությանը այս փուլում ավելին չակնկալել ԱՄՆ-ից։ «Սա քաղաքականության փոփոխության միայն սկիզբն է։ Իմ կարծիքով, սա վկայում է Արևմուտքի՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի ավելի մեծ ներգրավվածության մասին տարածաշրջանի գործերին»,- ասել է նա։ Այն հարցին, թե նա հնարավոր համարո՞ւմ է ԱՄՆ-ի կողմից անվտանգության որոշակի երաշխիքներ տալը Կիրակոսյանը նշել է. «Ես թերահավատ եմ: Այդ հարցում, կարծում եմ, պետք է խուսափել պատրանքներից, թե կարող ենք ուղղակի ռազմական օգնություն կամ զենք ստանալ Արևմուտքից»։ Կիրակոսյանի խոսքով, «Ուկրաինայում բոլորովին այլ իրավիճակ է և չի առնչվում այն ամենի հետ, ինչ կատարվում է Հայաստանի հետ կապված»։ Ազգային անվտանգության շահերից ելնելով, Հայաստանը ձգտում է ոչ թե անդամակցել ՆԱՏՕ-ին, ինչպես դա անում է Վրաստանը, այլ Ռուսաստանի և Արևմուտքի միջև առավելագույն հավասարակշռություն պահպանել երկու կողմերից էլ որոշակի օգուտներ ստանալով, վստահ է նա։Այդ առնչությամբ Կիրակոսյանը նաև հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը ներկայումս մեծապես կախված է տարածաշրջանում ռուս խաղաղապահներից, այլ ոչ թե ԱՄՆ-ից և նույնիսկ հենց Հայաստանից:
Հարկ է նշել, որ Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքը հայ-ամերիկյան հարաբերությունների հեռանկարների վերաբերյալ լուրջ ուշադրության է արժանի հաշվի առնելով ժամանակին ԱՄՆ Կոնգրեսի և հետախուզական կառույցների վերլուծական ստորաբաժանումներում նրա աշխատանքը։