Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

13 հոկ 2022 10:33

Եթե Թուրքիան որոշի, որ խաղաղություն է ցանկանում Հվ.Կովկասում, ապա կարող է ստիպել Բաքվին գնալ խաղաղության ՀՀ հետ

Ամերիկացի վերլուծաբանները «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում քննարկում են Պրահայում կայացած հանդիպումներն ու ԱՄՆ-ի ներգրավվածությունը ՀՀ-ի ու Ադրբեջանի խաղաղ կարգավորման գործընթացում


Ամերիկացի վերլուծաբանները որպես առաջընթաց են գնահատում Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումն Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդների միջև Ֆրանսիայի ու ԵՄ ղեկավարների մասնակցությամբ: Ըստ նրանց՝ ողջունելի է նաև Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման մասին որոշումը:

«Դրանք գործնական քայլեր են, որոնք կարող են նպաստել վստահության ամրապնդմանն ու խաղաղությանը: Ակնհայտ է, որ դեռևս առկա են շատ խնդիրներ: Վերջին բախումներն անկայունություն ստեղծեցին, ու առանց արտաքին ուժերի վերահսկման, հայտնի չէ, թե ինչպես կընթանան գործընթացները»,- ասում է Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան Քենեթ Յալովիցը:


Նախկին դեսպանի կարծիքով, Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածքների բռնակցումը լավ հնարավորություն է ԵՄ-ի և ԱՄՆ-ի համար կրկին ներգրավվել տարածաշրջանում:


«ԵՄ-ը և ԱՄՆ-ը կրկին ներգրավված են այս հարցում: Մի քանի տարի առաջ, երբ կողմերի միջև բռնկվեց պատերազմ, նրանք ընդհանրապես բացակայում էին ի տարբերություն Ռուսաստանի, որը հասավ հրադադարի հաստատմանն ու խաղաղապահներ ուղարկեց, և Թուրքիայի, որն ակնհայտորեն մեծացրեց իր ազդեցությունը»,- ասում է նա:


Ամերիկացի նախկին զինվորական, Foreign Policy Research Institute հաստատության վերլուծաբան Ռոբերտ Համիլտոնը ևս համակարծիք է, որ Վաշինգտոնը զգալիորեն ակտիվացել է Երևանի ու Բաքվի միջև խաղաղ գործընթացում՝ վերջին տարիների հետ համեմատած: Նրա կարծիքով, այս ակտիվության շարժառիթներից է Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի աջակցության բացակայությունը Հայաստանին հայ-ադրբեջանական վերջին սահմանային բախումների պայմաններում, որը հիասթափություն առաջացրեց Երևանում:


«Մասամբ իրական քաղաքականության նկատառումներից ելնելով՝ Միացյալ Նահանգներն այստեղ տեսնում է լավ հնարավորություն և փորձում օգտվել դրանից՝ իր դիրքերը Հարավային Կովկասում ամրապնդելու համար»,- ասում է նա:


Ըստ Համիլտոնի՝ Վաշինգտոնը շահագրգռված է Հարավային Կովկասում կայուն խաղաղությունում:


«Հարավային Կովկասը կարևոր նշանակություն ունի ավելի լայն սևծովյան տարածաշրջանի անվտանգության տեսանկյունից, ուր ԱՄՆ-ը ունի շոշափելի շահեր: Անվտանգությունն ու կայունությունն ավելի լայն սևծովյան տարածաշրջանում, կարծում եմ, ևս մեկ պատճառ է, որպեսզի ԱՄՆ-ն ավելի ուժեղ ու ակտիվ ներգրավվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացում»,- գտնում է նա:


Համիլտոնի կարծիքով, Թուրքիան չափազանց կարևոր դեր ունի Երևանի ու Բաքվի միջև հակամարտությունում: Այս համատեքստում նա կարևորում է Պրահայում նախագահ Էրդողանի ու վարչապետ Փաշինյանի միջև կայացած հանդիպումը:


«Թուրքիան դիտվում է որպես Ադրբեջանի դաշնակից ու հովանավոր: Եթե Թուրքիան որոշի, որ խաղաղություն է ցանկանում Հարավային Կովկասում, ապա կարող է ստիպել Ադրբեջանին և դրդել նրան ձգտել խաղաղության»,- պնդում է Համիլտոնը:


Քենեթ Յալովիցի կարծիքով էլ Հայաստանն ու Թուրքիան այսօր, էլ ավելի են մոտեցել միմյանց՝ նախկինում «ֆուտբոլային դիվանագիտության» հետ համեմատ: Նա ողջունում է հայ-թուրքական բարձրմակարդակի վերջին շփումները՝ ակնարկելով, սակայն, որ նման բարձր մակարդակում ձեռք բերված պայմանավորվածությունները հաճախ մնում են թղթի վրա, քանի որ բախվում են երկրների ներսում ընդդիմության կամ լրատվամիջոցների հակազդմանը: Դա տեղի է ունենում հանրության հետ այս հարցի շուրջ երկխոսության բացակայության պատճառով, պնդում է Յալովիցը:


Նրա կարծիքով, այսօր Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման պատճառով հարավկովկասյան տարածաշրջանում զգալիորեն նվազել է Մոսկվայի դերակատարությունը՝ հանգեցնելով նաև Հայաստանի դիրքերի թուլացմանը, քանի որ Մոսկվան Երևանի դաշնակիցն է պաշտպանության ոլորտում: Մոսկվայի ողջ ուշադրությունն այսօր կենտրոնացած է Ուկրաինայի հարցի վրա, պնդում է նա՝ընդգծելով, որ միակ զարգացումը, որ կարող է իսկապես անհանգստացնել ռուսական կողմին, դա Հայաստանի անդամակցության դադարեցումն է ՀԱՊԿ-ում, որին նրանք չափազանց լուրջ կմոտենան, պնդում է Յալովիցը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր