Ինձ համար առավել նախընտրելի է Մոսկվայի առաջարկը, քանի որ երրորդ տարբերակը ՀՀ գաղութացնումն է Թուրքիայի կողմից
Կարծես դեժավյու լինի. տպավորություն է, թե մենք մեկ անգամ արդեն անցել ենք այս ամենի միջով, ֆեյսբուքյան էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։
«2013թ. սեպտեմբերին Հայաստանն ապրում էր ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրման սպասումով, քանի որ ԵՄ-ն խոստացել էր դոնորների կոնֆերանսի միջոցով Հայաստանին հատկացնել 4 միլիարդ եվրո:
Մինչ այդ, Հայաստան էին այցելել Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան-Ռոմպոյը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Բարոզզոն, դե իսկ Ֆյուլեն ու Լայչակը Հայաստանից տեղ չէին գնում:
Սեպտեմբերի 3-ին ՀՀ այդ ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց Մոսկվա, որտեղ հայտարարվեց Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու որոշման մասին, ինչով և ավարտվեց «եվրոապագայի» հայկական երազանքը, իսկ ինչպես հետո պարզվեց, չեղարկվեց Հայաստանի «ուկրաինացման» սցենարը:
Հիմա մենք նորից տարված ենք բրյուսելյան հովերով, Հայաստան են գալիս արևմտյան երկրների պատվիրակություններ, մեզ տալիս են լիքը-լիքը լավ խոստումներ, մեծ փողեր, ներդրումներ տնտեսության մեջ: Մի խոսքով, մեկին մեկ նույն վիճակը, ինչ 2013թ:
Թերևս միակ տարբերությունը 44-օրյա դավադիր պատերազմն էր, Արցախի մեծ մասի օկուպացիան, ՀՀ տարածքի զավթումը ադրբեջանի կողմից և այդ ամենին Ռուսաստանի խիստ տարօրինակ և ռազմավարական գործընկերությանը ոչ բնորոշ վարքագիծը:
Վիրավորված ու հիասթափված լինելով Ռուսաստանի իշխանություններից և նրանց «վրեժխնդիր» լինելու նպատակով Հայաստանն այսօր պատրաստ է ընդհուպ մինչև ստորագրել ԵՄ առաջարկած պայմանագիրը, այսինքն՝ փաստացի հրաժարվել Արցախից, ինչն իր մեջ պարունակում է լրջագույն մարտահրավերներ և սպառնալիքներ:
2013թ․ ՀՀ իշխանության ընդունած որոշումը շատ քննադատվեց, նաև իմ կողմից, բայց հետագա աշխարհաքաղաքական զարգացումները ցույց տվեցին, որ այդ որոշումը ճիշտ էր, բխում էր ՀՀ անվտանգային և տնտեսական շահերից և ինչի շնորհիվ Հայաստանը կարողացավ խուսափել Ուկրաինայի սցենարից, ինչը մեր դեպքում կարող էր հանգեցնել Թուրքիայի կողմից գաղութացման, իսկ որ ավելի իրատեսական է՝ Իրան - Թուրքիա պատերազմի մարտադաշտի:
Այսօր մենք գրեթե նույն վիճակում ենք. պետք է ընտրել երեք տարբերակներից մեկը՝ ստորագրել Բրյուսելի առաջարկած խաղաղության պայմանագիրը, Մոսկվայի առաջարկած պայմանագիրը, կամ չստորագրել որևէ փաստաթուղթ, ինչը պահանջում է գլխավոր բանակցողի փոփոխություն՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարական:
Եթե իմ կարծիքը հարցնեք, ապա ես կոնկրետ կընտրեմ երրորդ տարբերակը, քանի որ մյուս երկուսը չեն բխում ՀՀ շահերից: Իսկ եթե դա չհաջողվի, ապա ինձ համար առավել նախընտրելի է Մոսկվայի առաջարկը, քանի որ երրորդ տարբերակը ՀՀ գաղութացնումն է Թուրքիայի կողմից:
Հ.Գ. Ռուս-թուրքական իրավիճակային դաշինքն առաջիկա ամիսներին կավարտվի, ինչը մեր տարածաշրջանում կստեղծի նոր իրավիճակ՝ Հայաստանի համար բացված նոր հնարավորություններով և լրջագույն վտանգներով . . .», - գրել է Ղազինյանը։