Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

22 նոյ 2022 15:50

ՀԱՊԿ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը Երևանում կարող է սենսացիոն դառնալ

Նոր աշխարհաքաղաքական գործոնները Անդրկովկասում ստիպում են ՀԱՊԿ-ին իր գործունեության մեջ հաշվի առնել նոր ծագող իրողությունները, որպեսզի արագորեն հարմարեցնի իրավիճակին կազմակերպական-վարչական կառույցները իր պատասխանատվության գոտում կայունության և անվտանգության սպառնալիքներին արձագանքելու համար:


Նոյեմբերի 23-ին Երևանում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ, տեղի կունենա ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը: Ռուսաստանի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ դրան մասնակցելու է անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Պաշտոնապես հայտարարված է, որ կարևոր հարցերից մեկը գագաթնաժողովում լինելու է ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը: Նախատեսված է նաև քննարկել միջազգային և տարածաշրջանային անվտանգության հրատապ խնդիրները և կազմակերպության գործունեության հիմնական արդյունքները միջնստաշրջանային ժամանակամիջոցում: Կստորագրվեն փաստաթղթեր, որոնք վերեբերում են խաղաղապահ ուժերի արդիական սպառազինությանը, ռազմական և հատուկ  տեխնիկայի ապահովմանը, ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության համատեղ ձևավորմանը:


Ըստ էության, հայտարարված օրակարգում որևէ արտասովոր բան չկա: ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների նախորդ գագաթնաժողովներում միշտ էլ քննարկվել է կազմակերպության պատասխանատվության գոտում համընդահուր և տարածաշրջանային բնույթի մարտահրավերների ճգնաժամային արձագանքման համակարգի հարցը: Եվ միշտ էլ դա կապվել է որոշակի իրավիճակների հետ: Մասնավորապես, նախկինում մեծ ուշադրություն է դարձվել Աֆղանստանին՝ որպես գլխավոր արտաքին գործոնի: ՀԱՊԿ-ի ղեկավարության կարծիքով՝ այդ երկրից անվտանգության աջակցության միջազգային ուժերի դուրսբերումից հետո այնտեղից տարածաշրջանի տարածք զինված բանդաների ներթափանցման իրական սպառնալիք է առաջացել: Ինչ վերաբերում է մնացած խնդիրներին, ինչպես օրինակ՝ արտաքին ազդեցության նկատելի ակտիվացմանը, հատկապես ՆԱՏՕ-ի երկրների կողմից ՀԱՊԿ երկրների սահմանների մոտ,  այդ երկրների միջև տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացները կա՛մ դանադաղեցնելու, կա՛մ կասեցնելու նպատակով, ապա դրանք ավելի շատ ընկալվել են ախտորոշման մակարդակում: Այժմ իրավիճակը փոխվել է: Սպառնալիքները և մարտահրավերները սկսել են համակցված հիբրիդային բնույթ ստանալ:


Մի կողմից՝ ճգնաժամը նախկին Ուկր. ԽՍՀ-ի տարածքում Ռուսաստանին փաստացի հանգեցրեց ՆԱՏՕ-ի հետ ուղղակի ռազմական  առճակատման: Մյուս կողմից՝ Ղրղզստանի և Տաջիկստանի միջև գործողությունների ծավալման վտանգ ծագեց, իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև պարզապես առճակատում առաջացավ:  ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը վերջերս ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ «ընթացիկ տարվա իրադարձությունները ծանր փորձություն  դարձան ՀԱՊԿ-ի համար, դրանք ցույց տվեցին ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու մեխանիզմների օպտիմալացման անհրաժեշտությունը»: Նա հայտնեց նաև այդ կապակցությամբ որոշ փաստաթղթերի փաթեթների պատրաստման մասին, որոնք կքննարկվեն ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովում: Դրանց բովանդակությունն առայժմ չի բացվում, թեպետ ակնհայտ է, որ խոսքը նախ և առաջ  ՀԱՊԿ-ի այս կամ այն երկրում խաղաղապահ գործողություններում կիրառվող իրավական և այլ մեխանիզմների մասին է: Ակնհայտ է նաև այն, որ այս կամ այն կերպ անգործությունը բացասական է անդրադառնում բուն ՀԱՊԿ անդամ երկրների հավաքական անվտանգության վրա:


Անշուշտ, ՀԱՊԿ-ի ներքին յուրաքանչյուր կոնֆլիկտ իր առանձնահատկություններն ունի: Բայց առավել վտանգավորը հայ-ադրբեջանական հակամարտությունն է: Եվ ահա ինչու: Ռուսաստանն առայժմ դեռ պահպանում է Բաքվի և Երևանի վրա ազդելու հնարավորությունները, բայց այնտեղ փոխվում է այդ ազդեցության ընկալումը: Առաջին առանձնահատկությունն այն է, որ Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ անդամ, և Ադրբեջանը՝ որպես պաշտոնապես որևէ դաշինքի  անդամ չհանդիսացող պետություն, միասին մասնակցում են Հյուսիսատլանտյան դաշինքի տարբեր ծրագրերի: Երկրորդ առանձնահատկությունը. հայ-ադրբեջանական նոր զինված հակամարտությունը կարող է ապակայունացնել գրեթե ողջ սևծովյան տարածաշրջանը, որում ՆԱՏՕ-ի մի քանի անդամ կա: Իսկ Բաքվի և Երևանի միջև խաղաղությունը կարող է չեզոքացնել այդպիսի սպառնալիքները: Երրորդ առանձնահատկությունը. տեղի է ունենում Ռուսաստանից հեռացում և մոտեցում բուռն իրադարձություններով հարուստ Մերձավոր Արևելքի տարածաշրջանին, ինչը նկատելի է Թուրքիայի և Իրանի ազդեցության աճով, որոնք իրենք էլ փոթորկոտ աշխարհաքաղաքական վիճակում են: Վերջապես, հրատապ են դառնում տնտեսական բնույթի վտանգները՝ կապված առաջին հերթին այդ տարածաշրջանից Եվրոպա էներգակիրների այլընտրանքային մատակարարումների հետ:


«Մնացորդում» մնում է այն, որ գոյատևումը ՀԱՊԿ-ի, ՆԱՏՕ-ի և Մերձավոր Արևելքի հատման կետում կարող է որոշ պայմաններում բարիք լինել, այլ պայմաններում՝ պատմական ողբերգություն: Թեկուզ հենց այն պատճառով, որ այն պետական շինարարությունը, որ իրականացվում էր տարածաշրջանում Խորհրդային Միության օրոք, կարող է մի ակնթարթում փլուզվել: Պատահական չէ, որ Արևմուտքում աշխույժ  ուռճացվում են Քրդստանի և Մեծ Ադրբեջանի (ներկայիս տարածքը և Իրանի հատվածը միավորող) ստեղծման ծրագրերը: Այդ գործոնները ստիպում են ՀԱՊԿ-ին Անդրկովկասում իր գործունեության մեջ հաշվի առնել նոր ծագող աշխարհաքաղաքական իրողությունները, որպեսզի իր կազմակերպական-վարչարարական կառույցները արագորեն հարմարեցնի իրավիճակին իր ազդեցության գոտում կայունությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգներին համարժեք արձագանքելու համար: Սա ընդհանուր առմամբ:


Իսկ մասնավորապես կարևոր է այդ իրադարձությունների հստակ գնահատման առկայությունը, նախատեսել դրանց արձագանքման ձևերն ու մեթոդները երբեմն բավական էական նրբերանգների պարագայում: Զուսպ պաշտոնական արձագանքի կամ ձևական  շրջանցող հայտարարությունների ժամանակներն անցյալ են դառնում: Ուստի ՀԱՊԿ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը Երևանում կարող է սենսացիոն դառնալ:


Ստանիսլավ Տարասով


Աղբյուրը՝ ИА REGNUM


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր