Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար          Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»       Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների    

04 հուն 2023 16:55

ՌԴ ԱԳՆ-ն կարող է Ռուսաստանին ներքաշել նոր պատերազմի մեջ, այս անգամ՝ Ղարաբաղում.Պատահական չէր ՌԴ ներկայացուցչի ադրբեջանամետ դիրքորոշումը

Ռուսական դիվանագիտությունը շարունակում է տարօրինակ մանեւրները Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի թեմայի շուրջ, գրում է REX լրատվական գործակալությունը:

«Տեղեկատվություն է ստացվել, որ ՄԱԿ-ի ԱԽ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Պոլյանսկին հրաժարվել է աջակցել միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ Ֆրանսիայի բանաձեւին՝ այդ ամենը քողարկելով դեմագոգիկ հայտարարություններով։ Ընթերցողները, հավանաբար, տարակուսում են, թե ինչու եմ Ուկրաինայում Ռուսաստանի համար ճակատագրական ռազմական գործողության ֆոնին անընդհատ վերադառնում Լաչինի միջանցքի թեմային, չէ՞ որ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տանող այդ միջանցքը գտնվում է Կովկասյան լեռնաշղթայից շատ հեռու, ռուսներն այնտեղ չեն ապրում։ Եվ մեզ հարցնում են՝ ինչ է կատարվում այնտեղ։ Բանն այն է, որ ՌԴ ԱԳՆ շատ «պրոֆեսիոնալ» գործողությունների շնորհիվ Ռուսաստանը կարող է ներքաշվել եւս մեկ պատերազմի մեջ։

Բայց վերադառնանք Պոլյանսկու հայտարարությանը։ Նա, մասնավորապես, նշել է, որ Ռուսաստանը չի աջակցել բանաձեւին, քանի որ Ֆրանսիան «անտեսել Է ՌԴ առաջարկների ճնշող մեծամասնությունը»։ Սակայն, թե այդ ինչ փոփոխություններ են եղել, Պոլյանսկին չի պարզաբանել, ուստի կա կասկած, որ ռուսական կողմը չի ցանկացել որոշել Լաչինի միջանցքում իրավիճակի սրման մեջ մեղավոր կողմին․ «Խորապես համոզված ենք, որ Անվտանգության խորհրդի արձագանքը պետք է նպաստի փոխզիջում գտնելուն եւ խաղաղ գործընթացի վերսկսմանը՝ առանց կողմերից որեւէ մեկին պիտակավորելու»: Այսինքն՝ խոսքը, հավանաբար, Ադրբեջանին «չպիտակավորելու» մասին է, այն դեպքում, երբ սադրիչ գործողությունների մեղավորը հենց Ադրբեջանն է։

Այնուհետեւ Պոլյանսկին սկսել է երկար դատողություններ անել ժողովուրդների միջեւ խաղաղության եւ բարեկամության մասին․ «Ես անձամբ շատ եմ ուզում հավատալ, որ մեր հայ ընկերները թույլ չեն տա իրենց ներքաշել աշխարհաքաղաքական կեղտոտ խաղերի մեջ՝ ի շահ նրանց, ովքեր չեն խորշում օգտագործել ԽՍՀՄ-ում միասին ապրող եղբայրական ժողովուրդներին բախելու ցանկացած առիթ»։

Ես նույնիսկ անհարմար եմ զգում ՄԱԿ-ում մեր ներկայացուցչի համար։ Մի՞թե նա չգիտի պատմություն։ Կարդացե՞լ է հարյուրամյա վաղեմության բոլշեւիկյան քարոզչություն, թե՞ ուշ ԽՍՀՄ ժամանակների բրեժնեւյան քարոզչություն։ Ավելին, նրա խոսքերից ստացվում է, որ Հայաստանն ինչ-որ բանում մեղավոր է։ Լաչինի միջանցքում ագրեսիվ գործողություններ է իրականացրել Ադրբեջանը։ ՌԴ ԱԳՆ-ն ոչինչ չի անում, իսկ Երեւանը պետք է լռի՞։ Դե, իսկ Արեւմուտքը, բնականաբար, օգտվում Է ՌԴ ԱԳՆ անգործությունից եւ հրահրում հակամարտության սրում։

Ինչպես արդեն գրել եմ նախորդ հոդվածներից մեկում, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ֆիրմային ոճը բաղկացած է ագրեսորին հանգստացնելու քաղաքականությունից։ ԱԳՆ-ի այս նոու-հաուն, հավանաբար, ռուսական դիվանագիտության «պրոֆեսիոնալիզմի» զարգացման գագաթնակետն է։   

Այս կերպ  ԱԳՆ-ն արդեն մեզ ներքաշել է 2008 թվականին Վրաստանի հետ պատերազմի եւ նացիստական Կիեւյան ռեժիմի դեմ պատերազմի մեջ։ Միեւնույն ժամանակ, ԱԳՆ-ն մշտապես խաբել է նախագահին եւ Ռուսաստանի հասարակությանը հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորության վերաբերյալ: Նախարար Լավրովը 20 տարի ԱԳՆ ղեկավար լինելուց հետո միայն այս տարի է պարզել, թե ով է պայմանավորվելուն ունակ, ով՝ ոչ։  ԱԳՆ-ն կտրականապես դեմ էր ագրեսորի նկատմամբ հարկադրանքի միջոցներ կիրառելուն։ Արդյունքում ագրեսորի ախորժակը անընդհատ աճում էր, նրա ռազմական հզորությունը մեծանում էր, ինչը արդյունքում հանգեցրեց նրա հարձակմանը Ռուսաստանի եւ նրա դաշնակիցների վրա։  

Ճիշտ նույն գիծը ՌԴ ԱԳՆ-ն իրականացնում է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում։ Ես չեմ խորանա հարցի պատմության մեջ, քանի որ սա հսկայական թեմա է, որը դուրս է գալիս սույն հոդվածի շրջանակներից: Ուստի, հեռանանք 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմից հետո ստեղծված ստատուս քվոյից։ Այս ստատուս քվոն ամրագրված է Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ։ Այն նաեւ որոշում է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության ձեւաչափը եւ Լաչինի միջանցքի կարգավիճակը։

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, «Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը կապահովի Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ եւ միեւնույն ժամանակ չի անդրադառնա Շուշի քաղաքին, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ»։ Այսպիսով, այստեղ հստակ ամրագրված է Լաչինի միջանցքի արտատարածքային կարգավիճակը, որը վերահսկում են ռուս խաղաղապահները։ Ադրբեջանի կամ Հայաստանի որեւէ ինքնիշխանության մասին այդ միջանցքի վերաբերյալ խոսք չկա։

Ավելին, եռակողմ հայտարարության մեջ ասվում է, որ «Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների երթեւեկության անվտանգությունը»: Այսինքն՝ Ադրբեջանը չպետք է գնդակոծի միջանցքը, ականապատի այն, այնտեղ ինչ-որ պատնեշներ ստեղծի։ Սակայն մոտ մեկ ամիս առաջ ադրբեջանցի «բնապահպանները» ներխուժեցին Լաչինի միջանցք եւ արգելափակեցին այն։ Այս գործողությունը խախտում է Լաչինի միջանցքի կարգավիճակը, հակասում է երեք նախագահների եռակողմ հայտարարությանը եւ պետք է որակվի որպես Ադրբեջանի ագրեսիա։

Մինչդեռ ՌԴ ԱԳՆ-ն՝ գործելով ագրեսորին հանդարտեցնելու իր տրամաբանությամբ, նախընտրում է ձեւացնել, թե ոչինչ տեղի չի ունեցել։ Իսկ չէ՞ որ կարելի էր նախ դատապարտել Ադրբեջանի գործողությունները, ուշադրություն դարձնել եռակողմ հայտարարության խախտմանը եւ պահանջել Լաչինի միջանցքից դուրս բերել «բնապահպաններին»։

Դեկտեմբերի 30-ին ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան հանդես եկավ հետեւյալ հայտարարությամբ. «Մտահոգություն ենք հայտնում երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների տեղաշարժի համար Լաչինի միջանցքի լիարժեք գործունեության վերականգնման գործում առաջընթացի բացակայության կապակցությամբ»։ Սակայն այդ հայտարարության մեջ էլ նշված չէ Լաչինի միջանցքով երթեւեկությունն արգելափակելու մեղավորի անունը։ Այսինքն՝ ագրեսորին հանդարտեցնելու քաղաքականությունը շարունակվում է

ԱԳՆ-ում իրենց գործողությունները բացատրում են նրանով, որ Ադրբեջանը, իբր, Ռուսաստանի «դաշնակիցն» է, իսկ դաշնակիցների հետ վիճելն անթույլատրելի է։ Հետաքրքիր է,  Հայաստանի հետ, որտեղ հասարակությունն ու կառավարությունն արդեն բացահայտ քննադատում են  ռուսական իշխանություններին անգործության մեջ, կարելի է վիճելի, իսկ Ադրբեջանի հետ՝ չի՞ կարելի։ Դա այն դեպքում, երբ Հայաստանում տեղակայված է ռուսական ռազմաբազա, իսկ Ադրբեջանում ոչ մի այդպիսի ռազմաբազան չկա, բայց շուտով թուրքական ռազմաբազան կլինի։ Եվ, ընդհանրապես, ինչպե՞ս կարող է դաշնակիցը թույլ տալ այնպիսի գործողություններ, ինչպիսիք են ռուս խաղաղապահների ներխուժումը վերահսկողության գոտի, վիրավորանքներ եւ հարձակումներ խաղաղապահների վրա, ինչպես նաեւ ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ ռուս փորձագետների նկատմամբ, որոնք քննադատում են Ադրբեջանի գործողությունները։ Սա արդեն շատ նման է նացիստական Կիեւի ռեժիմի գործողություններին, այլ ոչ թե դաշնակցի պահվածքին։

Միանգամայն ակնհայտ է, որ իր քաղաքականության մեջ ՌԴ ԱԳՆ-ն առաջնորդվում է ոչ թե ռուսական ազգային շահերով, այլ ինչ-որ սուբյեկտիվ նախասիրություններով։ Ես տվյալ դեպքում բացարձակապես չեմ բացառում լոբբիստական ադրբեջանամետ խմբերի գործողությունները ՌԴ ԱԳՆ-ում։ Ուզում եմ հիշեցնել, որ ՄԳԻՄՕ-ի ԱԳՆ-ական կադրերի գլխավոր դարբնոցը 1992 թվականից գլխավորել է Տորկունովը՝ Ադրբեջանի նախագահ Ալիեւի մտերիմ ընկերը։ Համապատասխանաբար, ՄԳԻՄՕ-ում մթնոլորտը պահպանվում է ադրբեջանամետ։ Կարելի է պատկերացնել, թե որքան ադրբեջանամետ տրամադրված կադրեր են եկել ՌԴ ԱԳՆ Տորկունովի ռեկտորության 30 տարիների ընթացքում։ Բացի այդ, Մոսկվայում ադրբեջանական սփյուռքը Ռուսաստանի արտաքին եւ ներքին քաղաքականության վրա ազդելու այլ գործիքներ էլ ունի։

Ուստի զարմանալի չէ, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ՌԴ ներկայացուցիչը հանկարծ ադրբեջանամետ դիրքորոշում որդեգրեց՝ իրավիճակից օգտվելու եւ այդ միջազգային կազմակերպության միջոցով Բաքվի վրա ճնշում գործադրելու փոխարեն։ Ընդ որում, ԱԳՆ պաշտոնյաների բազմաթիվ հայտարարություններն այն մասին, թե նրանք, իբր, ինչ-որ բան են անում այնտեղ իրավիճակը կարգավորելու համար, ամենայն հավանականությամբ, հերթական դատարկաբանությունն են։ Ռուսաստանի փորձագիտական համայնքում բավականաչափ գրագետ մասնագետներ կան, որոնք կարղ են արդյունավետորեն գնահատական տալ։ Պետք է  հաստատվի խիստ հասարակական վերահսկողություն ՌԴ ԱԳՆ-ի վրա, այլապես նրանք կրկին իրենց «պրոֆեսիոնալ» գործողություններով մեզ կներքաշեն հերթական պատերազմի մեջ»,-գրում է հոդվածի հեղինակ Միխայիլ Ալեքսանդրովը։   

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր