Ղարաբաղի օդային տարածքը դե յուրե Ադրբեջանի վերահսկողության տակ է և շահագործումը բացառված է

Ստեփանակերի օդանավակայանը գործարկելու հավանականությունը ևս, ըստ քաղաքագետի, ֆանտաստիկայի ժանրից է։ Տարիներ առաջ վերակառուցված ու անհրաժեշտ սարքավորումներով հագեցված օդանավակայանը հիմա, առավել քան երբևէ, հնարավոր չէ շահագործել, քանի որ դա հակասում է օդային տարածքի օգտագործման միջազգային իրավունքին։
«Ղարաբաղի օդային տարածքը դե յուրե Ադրբեջանի վերահսկողության տակ է և եթե Ադրբեջանը այդ օդանավակայանը օգտագործելու համաձայնություն տա, դա ինչ-որ տեղ նշանակում է` ճանաչել Արցախի իշխանություններին, կամ նրանց գործառույթները, մինչդեռ այս ամբողջ ճգնաժամի պատճառն այն է, որ Արցախում չլինեն հայկական ուժեր և հայկական ադմինիստրացիա։ Բնականաբար բացառված է, որ Ադրբեջանը թույլ տա Ստեփանակերտի օդանավակայանի շահագործումը Արցախի հայկական ադմինիստրացիայի կողմից»,- նշեց Քեռյանը։
Նշենք, որ Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը այսօր կոչով դիմել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդներին և քաղաքակիրթ աշխարհին, հորդորելով` կոնկրետ գործողություններ կիրառել Բերձորի միջանցքի բացման կամ օդային կամրջի՝ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման ուղղությամբ, ինչը թույլ կտա ձմեռային ժամանակաշրջանում փոքր-ինչ կանխելու Արցախում առկա հումանիտար տագնապալի ճգնաժամը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ից առ այսօր Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում մի խումբ ադրբեջանցի «բնապահպաններ» փակել են Հայաստանն Արցախին կապող միակ` Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը, ինչի հետևանքով Արցախը հայտնվել է շրջափակման մեջ, իսկ Հայաստանում գտնվող արցախահայերը չեն կարողանում գնալ իրենց տները։